ԿարևորՀասարակություն

Նոր կառույց՝ նոր լիազորություններով․ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կմիավորի 3 մարմինների գործառույթները

Կառավարությունը հավանություն է տվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում և հարակից  օրենքներում  փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթին, որով, մասնավորապես, նախատեսվում է  ձևավորել նոր կառույց՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կմիավորի Գիտության և  Բարձրագույն որակավորման կոմիտեների գործառույթները։ Շրջանառվում է նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը պետք է լինի ծրագիրն իրականացնող կառույցը: Կառավարության օրենսդրական փաթեթն  անհետաձգելի է համարել՝  Ազգային ժողովին առաջարկելով դրա քննարկումն անցկացնել արագացված ռեժիմով:

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը կվերապահվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Նոր մարմինը կձևավորվի Գիտության և Բարձրագույն որակավորման կոմիտեների և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա, կգործի նախարարության ենթակայությամբ ՝ ներկայացնելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները՝ կառավարության նիստին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կրթության մինչև 2030 թվականը Զարգացման պետական ծրագրի ընդունումից հետո ներկայումս լրամշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում ապահովել պետական միասնական քաղաքականությունը։ Եվ մեզ պետք է միասնական ինստիտուցիոնալ համակարգ, որը կսպասարկի օրենքի իրացումը, և կոմիտեն հանդիսանալու է օրենքի իրացումը ապահովող և գործարկող մարմին»։ 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս փոփոխությամբ ապահովվելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների ինստիտուցիոնալ բաղադրիչը, իսկ  բովանդակային մասը նախատեսվում է լուծել  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխություններով, որոնք առաջիկայում կներկայացվեն։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նոր կառույցի ստեղծման հիմնավորումները  թերի է համարում։ Կարծում է՝ նոր մարմնին լիազորությունների խիստ լայն շրջանակ է տրվում։

«Այդ միավորման հիմնավորումը շատ թերի է։ Եվ այդ միավորմամբ կարող են էապես մեծանալ կոռուպցիոն ռիսկերը։ Ստեղծվում է մի մարմին, մի կոմիտե, որն, ըստ էության, կառավարելու է ամբողջ գործընթացը՝ սկսած բուհ ընդունվելուց, ուսումնառությունից մինչև գիտական աստիճան ստանալը և գիտությամբ զբաղվելը։ Այսինքն ՝ ամբողջ հետագիծը հետևելու, վերահսկելու, քաղաքականությունը մշակելու է մեկ մարմին՝ շատ լայն լիազորություններով, ինչը, կարծում եմ, այդքան էլ նպատակահարմար չէ»։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների ենթակառուցվածքային բաղադրիչը, ըստ նախարարի,  իրացվելու է ակադեմիական քաղաքի ձևավորմամբ, որի ուղղությամբ նույնպես արդեն աշխատանքներ են տարվում։ Մասնավորապես, հանրային քննարկման է ներկայացվել  «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ստեղծման նախագիծը, որն էլ պետք է դառնա ծրագիրն իրականացնող կառույցը։ Առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների՝ չենք կարող ապահովել մեր երկրի ապագան՝ կառավարության նիստում նկատեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաև նշեց, որ մանրամասն հետազոտվել են բոլոր պրոցեսներն ու խնդիրները, որոնք առկա են բարձրագույն կրթության ոլորտում: Դրանցից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհամապատասխանությունն է ժամանակակից պահանջներին, երկրորդը բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին:

«Մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից: Այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է Հայաստանի Հանրապետությունում դիմորդն ընդունվել բուհ, ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության և բովանդակության հետ: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական և բուհական բաղադրիչները մեկտեղել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և տրամաբանական: Դուք գիտեք, որ Ակադեմիական քաղաքի շրջանակում մենք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք, ամբողջությամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ: Այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլ հետազոտական բաղադրիչների հիման վրա»

Գաղափարը լավն է, բայց դրա համար բոլորովին կարիք չկար առանձին քաղաք ստեղծել և բուհական միջավայրը մայրաքաղաքից տեղափոխել՝ նկատում է փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Նրա կարծիքով՝ ոլորտի բարեփոխումը ոչ թե շենքերից և տարածքից փոփոխությունից, այլ բովանդակությունից է պետք սկսել։

«Եթե դուք նայեք «Ակադեմիական քաղաքի» որոշման նախագիծը, կրթության որակի վերաբերյալ, ըստ էության, որևէ խոսք չկա։ Իսկ մեխանիկական տեղափոխմամբ մենք ոչ թե լուծելու ենք խնդիրը, այլ լրացուցիչ բարդություններ ենք առաջացնելու»։

Փորձագետն առաջարկում է գործող գիտահետազոտական ինստիտուտների հիման վրա ստեղծել տեխնոլոգիական մեկ համալսարան և միայն բարեհաջող փորձից հետո հասկանալ՝ արժե՞ մյուս բուհերը ևս տեղափոխել, թե՞ ոչ։

Back to top button