Երաժշտական եռանկյունի

Նարինե Ենգիբարյան․ դաշնակահարի ուղին․ «Երաժշտական եռանկյունի»

Զարմանալի է, բայց Երևանի պետական Կոնսերվատորիայի շրջանավարտների մեծամասնությունը ստանում են հենց դաշնակահարի մասնագիտությունը: Ենթադրվում է, որ դաշնակահար-մենակատարները պետք է գերիշխեին հայկական բեմում, բայց փաստացի մենք տեսնում ենք հակառակ պատկեր՝ հաշված անուններ, որոնք կայուն համերգային գործունեություն են ծավալում և ճանաչված են հասարակության կողմից:

Դաշնակահարների ճնշող մեծամասնությունը զբաղված են մանկավարժության բնագավառում: Իմ հարցին, թե ինչու է այդպես, դաշնակահարուհի Նարինե Ենգիբարյանը այսպես պատասխանեց. «Մենակատար լինելու համար հարկավոր է ոչ միայն ներքին մեծ մղում և կազմակերպվածություն, մեծ և բազմազան նվագացանկ և կատարողական արվեստի բարձր տիրապետում, այլ նաև համակարգ, որը կզբաղվեր համերգային գործունեության կազմակերպմամբ: Ցավոք սրտի որևէ կառույց, կազմակերպություն կամ գործակալություն այդ բնագավառում մասնագիտացված չէ, և դաշնակահար մենակատարները հիմնականում ինքնուրույն են կազմակերպում սեփական բեմական կյանքը»։

Անշուշտ, այս հանգամանքը տալիս է որոշակի ազատություն արվեստագետին, նա ճնշված չէ համերգային պլանով, այլ պարտավորություններով, բայց մեկ ուրիշ կողմից՝ ինքնակազմակերպումը պահանջում է որոշակի նյութական ռեսուրս և համերգի մասին տեղեկատվությունը հասցնելու որոշակի մեդիա համակարգում:

Այս հարցերը ստեղծագործական խնդիրներից դուրս են և հիմնականում խոչընդոտ են հանդիսանում ցանկացած ակադեմիական երաժշտի համար, որը կցանկանար կառուցել անհատական բեմական կարիերա:

Նարինե Ենգիբարյանն այն արվեստագետներից է, ով առաջնորդվում է առաջին հերթին ներքին անհրաժեշտությամբ, ներքին մղումով և յուրաքանչյուր համերգ նախապատրաստելիս, լինի դա մենահամերգ, թե համագործակցություն նվագախմբերի հետ, ընկալում է առաջին հերթին որպես ստեղծագործական նպատակ և կատարողական արվեստի վայելք:

Մանկավարժական գործունեությունը կապված է կոնսերվատորիայի նվագախմբային բաժնի հետ: Սկսած դեռևս դպրոցական հասակից Նարինեն ունեցել է ակտիվ համերգային գործունեություն անհատական ելույթների, տարբեր նվագախմբերի հետ համագործակցության, միջազգային մրցույթների և բարեգործական համերգների մասնակցության տեսքով այդ թվում նաև Ի.Բախի F-moll դաշնամուրային կոնցերտի կատարում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նվագախմբի հետ (1998թ.), Ֆ.Շոպենի դաշնամութային ստեղծագործությունների կատարումը Հարավային Կովկասում UNDP – ի Gender and Politics ծրագրի շրջանակներում կազմակերպված Համերգին (2005թ.), Շումանի, Բախի, Բեթհովենի, Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունների կատարմամբ մենահամերգ ք.Երևանում (2006 թ.) և այլն:

Ողջունելի է Ն.Ենգիբարյանի մասնակցությունը բարեգործական ծրագրերին՝ կապված Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ա.Բուդաղյանի նախաձեռնած՝ Հայաստանի հեռավոր շրջաններում դասական երաժշտության հանրահռչակման և տարածման համերգաշարերի (2006–2009 թթ.), Հայաստանում երիկամային անբավարարությամբ տառապող երեխաներին օժանդակող Բելգիական NAF բարեգործական կազմակերպության նախաձեռնած բարեգործական համերգների շարքը Բելգիայի թագավորությունում 2010 թ. և այլն:

Ներկայումս Նարինեն շարունակում է իր ակտիվ մանկավարժական գործունեությունը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սիմֆոդիրիժորության ամբիոնում որպես կոնցերտմայստեր, իսկ 2020 թ. սեպտեմբերից՝ նաև ընդհանուր դաշնամուրի ամբիոնում որպես դասախոս, ինչպես նաև համատեղության կարգով աշխատանքը Ա.Բաբաջանյանի անվան քոլեջում՝ որպես ընդհանուր դաշնամուրի ամբիոնի դասախոս:

Հաղորդման ընթացքում հնչում են դաշնակահարուհու բազմաթիվ համերգային կատարումները:

Back to top button