Սփյուռքի ձայնը

«Ի գործ» ծրագրի մասնակիցների մոտ 60 տոկոսը մնում է Հայաստանում․ «Սփյուռքի ձայնը»

Հայրենադարձություն․ սա է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «Ի գործ» ծրագրի նպատակը։ Տրվել է ծրագրի այս տարվա հայտերի ընդունման մեկնարկը և մինչև ապրիլի 5-ը սփյուռքի երիտասարդները կարող են ներկայացնել իրենց մասնակցության հայտը։

Ի՞նչ առանձնահատկություն ունի ծրագիրը, ի՞նչ է տալիս այդ մեկ տարին սփյուռքի արդեն աշխատանքային փորձառություն ունեցող մասնագետներին։ «Ի գործ» ծրագրի պատասխանատու Աննա Մհերյանը նշում է, որ արդեն երեք տարի գոյություն ունեցող ծրագրի շարունակականությունը և հայտերի առատությունը վկայում են ծրագրի հաջողության մասին։

Աննա Մհերյան

«Արդեն սկսել ենք աշխատանքները երկու տասնյակից ավելի գերատեսչությունների հետ, իսկ մինչ այսօր ստացել ենք հարյուր հայտ, թեև ավելի շատ են սկսում դիմել վերջին տասնօրյակում։

Ծրագրով նախատեսված է ընդունել հիսուն մասնագետի, որոնք պետք է ունենան բակալավրի աստիճան և հինգ տարվա աշխատանքային փորձ»,- ասում է Աննա Մհերյանը։

Նա նաև ավելացնում է, որ հիմնական հարցը, որ հատկապես վերջին երկու տարիներին անհանգստացնում է մասնակիցներին՝ բնակարանի ձեռք բերումն է։

«Մասնակիցներին տրվում է կեցության գումար, առողջության ապահովագրություն և երկկողմանի օդանավի տոմսի գումար, ինչը հաճախ դառնում է միակողմանի։ Այսինքն՝ յուրաքանչյուր տարի եկողների մոտ 50-60 տոկոսը որոշում են մնալ Հայաստանում և այսօր արդեն զբաղեցնում նաև բարձր պաշտոններ»,- նշում է Աննան։

Վահան Մկրտչյան

«Ի գործի» նախորդ տարվա մասնակից Վահան Մկրտչյանը Ռուսաստանից է։ Նա աշխատել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում։

«Ես վաղուց էի որոշել տեղափոխվել Հայաստան, քանի որ տարեց տարի ավելանում է այն միտքը, որ այն, ինչ անում եմ օտարների համար, կարող եմ անել իմ երկրում իմ հայրենակիցների համար։ Ծրագիրը նպաստեց, որ ես ավելի արագ որոշում կայացրեցի և եկա»,- ասում է Վահան Մկրտչյանը։

Վահանը թե Հայաստանում, թե Ռուսաստանում հաճախ է տարբեր կարծիքներ լսում իր այս քայլի մասին։

«Այստեղ շատերն էին զարմանում իմ որոշման վրա, իսկ սփյուռքում տարկուսանք կար իմ ՝ պետական ոլորտում աշխատանքի ընտրության հարցում։ Ես կարողացել եմ երկու կողմին էլ հստակ պատասխան տալ՝ անում եմ հօգուտ իմ երկրի ու հայրենադարձության»,- նկատում է Վահանը։

Back to top button