ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն իր սադրանքներով միտումնավոր մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին․ դեսպան Ներսեսյան

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Վարուժան Ներսեսյանը, «Հաշտեցման ռեսուրսների» Կովկասյան ծրագրի տնօրեն դոկտոր Լոուրենս Բրոերսի հետ միասին որպես հիմնական բանախոս, մասնակցել է «Մարդու իրավունքները և խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր Լոնդոնի Քուին Մերի համալսարանի Մարդու իրավունքների իրավաբանական կենտրոնի ուսանողական ֆորումի կողմից։

Դեսպան Ներսեսյանը ներկաներին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի համառոտ պատմությունը, ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական ծանր հետևանքները և միջազգային ակտիվ ներգրավվածության հրամայականը՝ ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը, որով հրահանգվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Դեսպան Ներսեսյանը նաև ընդգծել է Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցման հետևանքները՝ նշելով, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ և շարունակական սադրանքներով միտումնավոր մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումներին և մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը։

Միջոցառմանը հաջորդել է հարց ու պատասխան:

Back to top button