Եվրոպական դատարանում իրավապաշտպանները փորձում են ապացուցել մոտ չորս տասնյակ հայերի՝ Ադրբեջանում գերության մեջ լինելը

ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը ԵԽ նախարարների խորհրդի՝ մարտի 29-ի նիստում անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին։ Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ հայ ռազմագերիների վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է միջազգային իրավասու մարմինների ուշադրությունը։
Մարտի 29-ին կայացած ԵԽ Նախարարների խորհրդի հերթական հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) նախագահ Ալան Միտչելի հետ։
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը անդրադարձել է Բաքվի բանտերում անօրինական պահվող հայ ռազմագերիների և այլ անձանց խնդրին․
«Դատապարտելի է, որ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները և միջազգայնորեն ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանը առ այսօր հրաժարվում է առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին»:
Արման Խաչատրյանը նշել է, որ շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանի իշխանությունները բեմադրված դատավարություններ են կազմակերպել հայ ռազմագերիների նկատմամբ։ Զրկված լինելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության իրավունքից, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքից, Բաքվի կառավարության վերահսկողության տակ գտնվող դատարանների կողմից հայ ռազմագերիները դատապարտվել են մինչև 20 տարվա ազատազրկման: Առկա են նաև բռնի անհետացումների փաստագրված դեպքեր։
Հայ ռազմագերիների վիճակի հետագա վատթարացումը կանխելու համար անհրաժեշտ է, որ միջազգային իրավասու մարմինները, այդ թվում՝ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն, շարունակեն ուշադիր հետևել այս հարցին՝ շեշտել է Հայաստանի ներկայացուցիչը:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները վերջին անգամ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին այցելել են այս տարվա մարտի սկզբին։ Այս մասին «Ռադիոլուրին» ասաց կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Նրա փոխանցմամբ՝ ԿԽ–ի ներկայացուցիչներն այցելել են բոլոր այն անձանց, որոնց գերության մեջ գտնվելու փաստը հաստատել է Ադրբեջանը․
«Նպատակն այն էր, որ հետևենք պահման պայմաններին, գնահատենք այդ անձանց առողջական վիճակը, իրենց հանդեպ վերաբերմունքը։ Այցի շրջանակներում ԿԽՄԿ-ի պատվիրակները, բնականաբար, օգնել են այդ անձանց՝ կապ հաստատել Հայաստանի հարազատների հետ։ Դա տեղի է ունեցել ԿԽ-ին նամակների փոխանակման միջոցով, ինչպես նաև տեսագրված ուղերձների ու տեսահաղորդագրությւոնների միջոցով։ Նաև հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգեր»։
Կազմակերպության ներկայացուցիչները հայ գերիներին նախորդ անգամ այցելել էին սեպտեմբերի սկզբին։ Զառա Ամատունին հույս հայտնեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու կազմակերպության ներկայացուցիչների հաստատված պարբերականությունը չի խախտվի ու այցելությունները կշարունակվեն։ Զառա Ամատունին նաև հայտնեց, որ այցի բովանդակային մասով այլ մանրամասներ կազմակերպությունն իրավասու չէ հրապարակել, սակայն, ԿԽ–ը ի մի է բերում այցելությունները և իր նկատառումները ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին՝ փակ-կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով միայն․
«Իհարկե, այցի ավարտին մենք նաև կապի մեջ ենք յուրաքանչյուր անձի ընտանիքի հետ, սակայն, սրանով սահմանափակվում է մեր կիսվելը։ Հանրության հետ, սովորաբար, նման նկատառումներ կամ այցի հետ կապված այլ բովանդակային հարցեր մենք չենք հանրայնացնում»։
Նշենք, որ ներկայումս Բաքուն պաշտոնապես ընդունում է, որ Ադրբեջանում պահվում է միայն 33 հայ ռազմագերի։ Հայ իրավապաշտպանների տվյալներով՝ այդ թիվը 80 է։ Իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ այս պահին շուրջ չորս տասնյակ անձի հետ կապված վեճը Եվրոպական դատարանում շարունակվում է։ Այդ անձանց Ադրբեջանում գերության մեջ գտնվելու փաստը Բաքուն հերքում է.
«Մենք հետևողականորեն պաշտպանում ենք մեր վստահորդների իրավունքները, նպատակ ունենալով հասնելու հաղթանակի։ Գործընթացները շարունակվում են, վեճը շարունակվում է Եվրոպական դատարանում»։
Նշենք նաև, որ վերջին պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական հարձակումների պատճառով Հայաստանից ավելի քան 300 մարդ անհետ կորած է համարվում։