ԿարևորՀասարակություն

ԱՊՊԱ–ն վարորդների 56%–ի համար կէժանանա․ ապրիլի 1-ից շուկան կազատականացվի

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության շուկայում հերթական փոփոխությունն է ներմուծվում։ Ապրիլի 1-ից շուկան կազատականացվի, այսինքն՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքը կսահմանի գնագոյացման իր գործակիցները, և ըստ այդմ՝ նաև արժեքը։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում են, որ էական գնային փոփոխություններ չեն սպասվում, պարզապես վարորդների մեծ մասի համար ապահովագրավճարը որոշ չափով կնվազի։ Սակայն վարորդների իրավունքների պաշտպանները ռիսկեր և թանկացումների մեծ հավանականություն են տեսնում։

Ապրիլի 1-ից վարորդներից շատերի համար ԱՊՊԱ պայմանագիրը կէժանանա։ Կառավարությունը դեռ նախորդ տարի էր նախաձեռնել ոլորտի ազատականացումը։ Սա նշանակում է, որ արդեն հաջորդ ամսից ապահովագրական ընկերությունները իրենք իրենց հաճախորդների համար գին կսահմանեն, իսկ քաղաքացիները կարող են ընտրություն կատարել ըստ նրանց առաջարկի` հաշվի առնելով գին–որակ հարաբերակցությունը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բացատրում է՝ ազատականացումը ԱՊՊԱ համակարգի զարգացման հաջորդ փուլն է, և համակարգը թե՛ տեխնիկապես, թե՛ կարողություններով պատրաստ է դրան։ Կենտրոնական բանկի ղեկավարն ասում է, որ, ըստ Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի ուսումնասիրության, փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարորդների համար ԱՊՊԱ պայմանագրի արժեքը կփոխվի։

«Եթե օրինակ բոլոր ավտոսեփականատերերը ընտրեն իրենց առաջարկվող ամենացածր գինը, ապա 56 տոկոսի համար գները կնվազեն, 21 տոկոսի համար գները գրեթե չեն փոխվի, իսկ 23 տոկոսի համար կավելանան։ Սա, իհարկե, չի վերաբերում բոնուս–մալուսի համակարգին․ խոսքը բազային պայմանագրի գնի մասին է»,– ասում է Կենտրոնական բանկի նախագահը։

Շուկայի ազատականացման արդյունքում ավտոսեփականատերերի համար ավելի ճկուն գնագոյացման մեխանիզմ կգործի՝ վստահեցնում է Գալստյանը։ Ապրիլի 1-ից, ըստ էության, ԱՊՊԱ պայմանագրի բազային գինն ու վարորդի վարքագիծը ուղիղ համեմատական կլինեն, այլ կերպ ասած՝ վարորդի անհատական վարքագիծը, օրինապահ լինել– չլինելը կձևավորի այն սակագինը, որը նա կվճարի պարտադիր ապահովագրության համար։

«Գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները, օրինակ՝ մենք ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ խմբային մոտեցում մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար․ այդ մեխանիզմերն այլևս չեն գործելու, գործելու են ազատ շուկայական մեխանիզմներ»,– ասում է Գալստյանը։

Մինչ փոփոխությունները ԱՊՊԱ համակարգում միասնական գնային քաղաքականություն էր գործում, գրեթե բոլորն իրենց ավտոմեքենաներն ապահովագրելու համար վճարում էին մոտավորապես 40000 դրամ։ Այսուհետ ապահովագրական ընկերությունները իրենք կընտրեն  իրենց հաճախորդներին և կսահմանեն սպասարկման գինը՝ բացատրում է երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատրյանը։ Մասնագետը, սակայն, այդ փոփոխություններում նաև ռիսկային բաղադրիչ է տեսնում։

«Ապահովագրական ընկերությունները նման կերպ ձերբազատվելու են իրենց համար ոչ ողջունելի հաճախորդներից, եթե նախկինում այս կամ այն ձևով էին հրաժարվում, հիմա գինը կսահմանեն, օրինակ՝ 80 հազար դրամ, և վարորդը ստիպված կհրաժարվի։ Իսկ մյուս վարորդները, որոնք օրինապահ են, հազարից մեկ են վթարներ ունենում, այ իրենց շուրջ միայն ԱՊՊԱ–ները կսկսեն մրցակցել»,– ասում է Խաչատրյանը։

Ապահովագրողները կսկսեն սեփական ուսումնասիրություններն անել ու սեփական գործակիցների հիման վրա գին սահմանել՝ ասում է Խաչատրյանը։ Այս պարագայում, ըստ մասնագետի, պետք է նաև սահմանափակումների ու վերահսկման լրացուցիչ մեխանիզմեր ստեղծել։

«Նախկինում մի քանի գործակից էր որոշում մեքենայի ԱՊՊԱ–ի գինը՝ հիմնականում դա բոնուս–մալուսները, մեքենայի շարժիչի հզորությունն էին։ Հիմա ԱՊՊԱ ընկերությունը ինքն է որոշելու, թե ինչի հիման վրա է գին սահմանում, օրինակ՝ տարիքային շեմ, մեքենայի տեսակ, սեռ  և այլն։ Ենթադրենք, բանկային լեզվով ասած՝ ինչպես բանկն է ինչ–ինչ հանգամանքներ հաշվի առնելով որոշում հաճախորդին վարկ տրամադրել թե ոչ, կամ ինչ պայմաններով տրամադրել, նույն մեխանիզմը կգործի նաև այս պարագայում»,– բացատրում է երթևեկության փորձագետը։

Այս փոփոխության արդյունքները առավելապես կվայելեն օրինապահ վարորդները՝ Կառավարության նիստում արձանագրում է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ ազատականացումը ինստիտուցիոնալ փոփոխություն է․ դրա արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պայմանները կփոփոխվեն նաև պետական հիմնարկների ավտոպարկերի համար։

«Եվ, ամենակարևորը, այլևս որևէ պետական հիմնարկ չունի որևէ խոչընդոտ ավտոմեքենաների ապահովագրությունը իրականացնելու բացառապես մրցութային կարգով։ Ես հույս ունեմ, որ մենք այս թեման վերջնականապես փակում ենք, այլևս պետական գերատեսչությունը իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի, իսկ մրցույթը շատ պարզ համակարգ է․ ով ամենափոքր գինն առաջարկի, նա էլ կհաղթի»,– ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապահովագրական ընկերությունների գնային քաղաքականությունը վերահսկելու գործը վստահված է Կենտրոնական բանկին և Հայաստանի ավտոապահովագրական բյուրոյին։ Պատասխանատուները կարծում են, որ քաղաքացիների մեծամասնության գրպանին այս փոփոխությունը չի հարվածի, բայց նաև չեն բացառում, որ որոշ վարորդների դեպքում այժմ գործող ապահովագրավճարը կթանկանա։

Back to top button