ԿարևորՀասարակություն

Ահազանգ Նոր Կեսարիայից. ծիրանի ծառերը չեն բողբոջում

Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում ծիրանենիները սկսել են ուշ բողբոջել ու չծաղկել: Այս երևույթը նկատվել էր դեռ անցած տարի։ Մի քանի ծառ բերք չէր տվել։ Մտավախություն կա, որ 23 տարվա այգին կարող է չորանալ: Էկոնոմիկայի նախարարության մասնագետները խոստացել են ուսումնասիրել խնդիրը:

Նոր Կեսարիայի բնակիչ Հրայր Գալստյանը, արդեն երկրորդ անգամ, տարօրինակ երևույթ է նկատում՝ 23 տարվա իր ծիրանի այգին սկսում է չորանալ: 7000 քմ այգում երկու տեսակի ծիրանենիներ կան, որոնք գրեթե միաժամանակ են ծաղկում: Ծառերի մի մասն արդեն ծաղկել է, մյուսները դեռ չեն էլ բողբոջել: Այգետերն առաջին անգամ այս երևույթը նկատել է անցած տարի.

«Անցած տարի 4-5 ծառ մյուս ծառերից 7-8 օր ուշ ծաղկեցին, իսկ այս տարի 25 ծառ է ուշ ծաղկում: Անցած տարի այդ վտանգը չենք պատկերացրել, ուղղակի մտածել ենք, որ 10 օր ուշ է ծաղկել, նորմալ է: Չենք պատկերացրել վնասակարության աստիճանն ու հիվանդության տարածումը»:

Սովորաբար վնասված ծառերի բերքն ամբողջությամբ օգտագործում են չրագործության մեջ: Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը շուրջ 200 կգ է, բայց անցած տարվա ուշ ծաղկած ծառերից գրեթե բերք չեն ստացել, ընդամենը՝ 5-6 կգ։ Գյուղացիները մտահոգված են, որ այդ վտանգը կարող է սպառնալ նաև իրենց այգիներին: Նրանք ծառերի խնամքը սկսել էին փետրվարի վերջին. էտել են, մշակել տարբեր թունաքիմիկատներով։

«Կիր ու շիբը խառնում են իրար, լուծում ջրում և սրսկում ծառերին, բայց  հիմա  ավելի շատ բորդոմիքս թունաքիմիկատն են սրսկում՝ B 58-ի հետ: Բուժում են միջատների դեմ: Հնարավոր է՝ այս հիվանդությունը թույների հետ էլ կապ ունենա, չգիտենք»:

Ծիրանենիների չբողբոջելու և ուշ ծաղկելու երևույթը նկատվել է նաև Տալվորիկում։ Այստեղ հիվանդությունը պարզելու համար այգետերը նույնիսկ կտրել էր ծառը և ուսումնասիրել արմատը, բայց անզեն աչքով տեսանելի վտանգ չէր հայտնաբերել: Վնասակար երևույթներ նկատելիս նախկինում գյուղացիներին օգնել են գյուղաջակցության մարզային կենտրոնի խորհրդատուները։ Սակայն այդ կառույցի լուծարման պատճառով գյուղատնտեսները հիմա չեն աշխատում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» գլխավոր մասնագետ Արզուման Տոնոյան.

«Տալվորիկ և Նոր Կեսարիա համայնքներից են ահազանգել, որին արձագանքել է էկոնոմիկայի նախարարությունը: Մասնագետները լաբորատոր հետազոտություններ են կատարելու այգիներում: Աշխատանքների դիմաց վճարելու է այգետերը։ Այս հետազոտությունների դիմաց նախարարությունը պետական պատվեր չունի: Հնարավոր է՝ հիվանդությունը ծառի արմատից լինի կամ հողի շերտից»:

Էկոնոմիկայի նախարարությունում մասնագիտական խումբ է կազմվել Նոր Կեսարիայի վնասված այգում լաբորատոր հետազոտություններ կատարելու համար: Անցած տարի Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի խաղողի այգիներում էր նկատվել այս երևույթը, բայց այգետերերը ժամանակին միջոցներ էին ձեռնարկել:

Գրիգոր Մկրտչյան. «Խաղողի հետ եղել էր այդպիսի դեպք, և ժողովուրդը գտել էր լուծման ճիշտ տարբերակը. ենթադրաբար բողբոջի մեջ  որդ էր աշխատել, սրսկել էին ու բողբոջները բացվել էին, վազն աշխատել էր: Այսպիսի դեպքեր ունեցել ենք, բայց իրականում չգիտենք՝ որդ կար, թե չէ, դեղն էր օգուտ տվել, թե դեռ բողբոջելու ժամանակը չէր, որովհետև այդպիսի կառույց չկա, որ մեզ իրազեկի ամբողջ պրոցեսը: Ծառերի հետ կապված հիմա այդպիսի խոսակցություն չկա, ժողովուրդը չի բողոքում»:

Նոր Կեսարիայում վնասված այգու տերը սպասում է մասնագիտական խմբի գնահատականին և բուժման մեթոդների առաջարկին։ Նա հույս ունի, որ կկարողանա 23 տարվա այգին փրկել ոչնչացումից: Հրայր Գալստյանը նշում է, որ այգին ապահովագրված է ցրտահարության ու կարկտահարության ռիսկից, իսկ հիվանդություններից վնասվելու ապահովագրական ռիսկեր չկան:

Back to top button