ԿարևորՀասարակություն

«Սուրմալուն» դեռ չի գործում․ առևտրի կենտրոնում խախտումները չեն վերացվել

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից փակված «Տաշիր» առևտրի կենտրոնը արդեն վերաբացվել է և աշխատում է։ Իսկ «Սուրմալու» առևտրի կենտրոնը, որտեղ իրականացված վերջին ստուգումներն արձանագրել էին, որ ավելի վաղ հայտնաբերված խախտումները չեն վերացվել, դեռևս չի գործում։ Տոնավաճառում արձանագրվել էր հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների 50-ից ավելի խախտում։ Տեսչական մարմինը որոշել էր ամբողջությամբ դադարեցնել առևտրի կենտրոնի գործունեությունը, մինչև չվերացվեն խախտումները։

«Սուրմալու» առևտրի կենտրոնն անորոշ ժամանակով փակ է։ Նման որոշում էր կայացրել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Տոնավաճառի ողբերգական պայթյունից ամիսներ անց տեսչական մարմինը նոր խախտումներ է հայտնաբերել առևտրի այդ կենտրոնում։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենտրոնում առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են էլեկտրականությանը, ջրամատակարարմանը, ավտոմատ հրդեհաշիջման համակարգերին։ Արձանագրված խախտումների մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասներ հայտնեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը․

«Արձանագրվել էին 50-ից ավելի հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումներ։ Կայացվել էր աշխատանքները ամբողջությամբ դադարեցնելու մասին որոշում, մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Ունեն էլեկտրամատակարարման սարքերի հետ խնդիրներ, անջատող սարքերի հետ կապված խնդիրներ։ Պահեստային շինություններում, տարհանման ելքերի, նկուղային հարկերում ունեն  հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների  հետ կապած ունեն խնդիրներ»։

Ելենա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ «Սուրմալուում» ստուգումները ընթանում են դեռ անցյալ տարվանից։ Ողբերգական պայթյունից հետո քրեական գործ էր հարուցվել, և նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա տեսչական մարմինը, նոր ստուգումների արդյունքում, նոր խախտումներ էր արձանագրել և փաթեթը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Ընդ որում խախտումները հայտնաբերվել են հենց պայթյունի վայրում։ Դրանք ճիշտ նույն հրդեհատեխնիկական խախտումներն են, որոնք արձանագրվել էին նաև 2022-ի օգոստոսի պայթյունից առաջ: Առևտրի կենտրոնը վերաբացվել էր պայթյունից 20 օր հետո, երբ ավարտվել էին որոնողափրկարարական աշխատանքները: Ոլորտը վերահսկող կառույցը տնտեսվարողից պահանջում է տարածքում ներդնել նաև հրդեհի ազդարարման, օդափոխության, ծխահեռացման համակարգեր․

«Մարտի 23-ին տոնավաճառի տնօրինությունը դիմում է ներկայացրել տեսչական մարմին, խնդրելով վերստուգում իրականացնել։ Արդյունքում՝ 2 օր ստուգում է իրականացվել, և պարզվել է, որ խախտումները մասնակի են վերացվել, և տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացված որոշումը մնացել է ուժի մեջ»։

Մինչ տեսչական մարմինը խիստ վերահսկողություն է իրականացնում առևտրի կենտրոնում, առաջին հերթին հենց աշխատակիցների անվտանգությունից ելնելով, տոնավաճառի աշխատակիցները բողոքում են այս անորոշությունից` պահանջելով վերաբացել առևտրի կենտրոնը։ Աշխատակիցների մի մասը նույնիսկ ամեն առավոտ աշխատանքի է գալիս` հուսալով, որ կենտրոնը բաց կլինի․

Տոնավաճառի մուտքը մինչ օրս փակ է։ Մուտքի մոտ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում` թույլ չտալով քաղաքացիներին տարածք մտնել։ Մինչև խախտումներն ամբողջությամբ չվերացվեն, տեսչական մարմնի որոշումը չի փոխվի, հավաստիացրեց Ելենա Զոհրաբյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հանգստյան օրերին առևտրի կենտրոնում որոշակի աշխատանքներ արվել են  թերությունները վերացնելու ուղղությամբ։

Back to top button