ԿարևորՀասարակություն

ՍԴ–ն պետք է վերլուծի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը

Սահմանադրական դատարանը ստացել է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ։ 18 էջանոց եզրակացությունը հրապարակված է նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Սահմանադրական դատարանից, սակայն, նշում են, որ  փաստաթղթի հայերեն պաշտոնական թարգմանությունից և ամբողջ ծավալով  ուսումնասիրությունից հետո միայն հնարավոր կլինի քննարկել օրենքի սահմանադրականության գործով վարույթի վերսկսման հարցը։ Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդի դիմումի հիման վրա սկսված քննությունը ՍԴ–ում կասեցվել էր 2022–ի հուլիսին՝ Վենետիկի հանձնաժողովի  խորհրդատվական կարծիքը ստանալու նպատակով։

Մինչ ՍԴ-ն փորձում է հասկանալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը» գործարկվում է ամբողջ ուժով։ Գործերի մի մասը նախաքննությունից մտել են ակտիվ դատական փուլ։ Երկու օրվա ընթացքում դատարաններում քննվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի գործերը։ Նախկին պաշտոնյաները հիմնականում ասում են, որ  պետությանը փոոխանցելու ոչինչ չունեն։ Այդ պնդումն անում է օրինակ նախկին ոստիկանապետը․

«Տունը իմն է, չեմ տալու։ Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէր այդքան շքեղ բան սարքել, կարելի էր ոստիկանության աշխատակիցներով կահույք դնել, ծաղիկ տնկել։ Ձեր ինչ գործ, տան փողն ով է տվել։ Դատական նիստ է գնում, այնտեղ խոսվելու է կբացատրվի, կտեսնեն, որ մեջը կոռուպցիա կա, այդ հարցը կտաք»։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը պնդում է՝ պետությունից 100 դոլար անգամ չի տարել։ Իսկ 8 միլիարդ դրամին առնչվող պետության կասկածները անհիմն է համարում․ թե ԱԱԾ հայտնի տեսանյութում պարկերով փողը, թե ավտոմեքենան, որով դատարան էր եկել, ասում է՝ նվերներ են և ընկերների աջակցություն․

«Ընկերների շնորհիվ էր, ընկերների գումարներն էին, հանել էի, որ տայի իրենց։ Եթե մարդը ունի շրջապատ, ամեն ինչ էլ հնարավոր է։ Պետությանը ինչ որ տվել են, դա արդեն շատ շատ է։ Ես տալու բան չունեմ։ Բա գումար չե՞նք մուծել»։

3 միլիարդ դրամի վերականգնումը եղել է այլ գործի շրջանակներում՝ հստակեցնում է Վաչագան Ղազարյանը։

Մինչ ՍԴ–ն կորոշի օրենքի սահմանադրականության հարցը, Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն ընդհանուր առմամբ նախաձեռնել է 379 ուսումնասիրություն, որից 274-ն ընթացքի մեջ է, մյուսներն ավարտվել են: Դատախազության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարան 72 դիմում է ներկայացվել, համապատասխան անձանց գույքի վրա կիրառվել է արգելանք:

Իրենց ունեցվածքի օրինականությունը դատարանում ապօրինի գույքի բռնագանձման գործերով պետք է ապացուցեն երկու տասնյակից ավելի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։  

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայացված թվերը պետության ամբողջ ակնկալիքը չեն արտացոլում։

«Պահանջվում է բռնագանձել 330 անշարժ, 75 շարժական, 80 իրավաբանական անձանցում մասնակցություն։ Պետք է նշեմ, որ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ, ինչը նշանակում է, որ շուրջ 150 միլիարդ դրամի չափով հայցագինը ունի աճի միտում»։

Դատախազությունից տեղեկացնում են, որ ընդամենը մի քանի օր առաջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը: Ըստ համաձայնության՝ քաղաքացին պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում է բռնագանձման վարույթի շրջանակում հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի ընդհանուր արժեքի 85 տոկոսը։

Դատախազությունում ակնկալում են, որ առաջիկայում նոր հաշտություններ ևս կկնքվեն, քանի որ օրենքը թույլ է տալիս դատաքննության ցանկացած փուլում գալ այդպիսի համաձայնության։

Իրավապաշտպանները և փաստաբաններն ամեն դեպքում խնդրահարույց են համարում օրենքի՝ ՍԴ–ում գտնվելու պայմաններում  ընթացող դատաքննությունները։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը դեռ ամիսներ առաջ էր կանխատեսում․

«Վենետիկի հանձնաժողովից ստացված պատասխանը դեռ պետք է մշակվի ՍԴ–ի կողմից, դեռ ՍԴ–ն պետք է որոշում կայացնի, հետո օրենսդիրը, գուցե, անհրաժեշտություն համարի օրենքը փոխել, և արդյունքում մենք կունենանք օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք անհրաժեշտ կլինի կիրառել ընթացքի մեջ գտնվող գործերի նկատմամբ։ Սա ավելի է բարդացնում խնդիրը»։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով իրավապաշտպանները նշում են ևս մեկ խնդիր։ Խոսքը հանրային հետապնդման մասին է, երբ մինչև դատական վճիռը հրապարակվում է անձի անունը և նրանից պետության ակնկալած բռնագանձման գումարի չափը։ Դրանք մնում են հանրության հիշողության մեջ, իսկ արդյուքները՝ ստվերում։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ սա իրական քաղաքական կամքի ցուցիչ է։ Վառ օրինակ է համարում Հովիկ Աբրահամյանի՝ գործի շրջանակներում կալանքի տակ գտնվող դղյակի վաճառքի գործարքը։  

«Մենք չենք տեսնում այն արդար քննությունները, որոնցով պետք է բացահայտեին ամբողջությամբ։ Դրանք միայն հայտարարություններ են, չկան կայացված դատավճիռներ, որ մենք տեսնենք, թե ում ինչով պատժեցին իրենց արած հայտարարություններից հետո»։   

Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված եզրակացության մեջ անդրադարձ կա ինչպես բռնագանձման գործընթացին ու նպատակներին, այնպես էլ՝ օրենքի հետադարձ ուժին։ Նշվում է, որ «ընդհանուր առմամբ կարելի է  օրենքի հետադարձ կիրառումը համաչափ և համատեղելի դիտարկել Հայաստանի Սահմանադրությանը, որն ապահովում է սեփականության պաշտպանությունը միայն այն դեպքում, երբ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով»:

Հայտնի է, որ Հայաստանի դեպքում օրենքը որոշ դեպքերում  հետադարձ ուժ ունի մինչև 1991 թվականը։  

Back to top button