ԿարևորՔաղաքական

Մոսկվան հուսով է, որ Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հարցերը կառուցողական լուծում կստանան

Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար» քննարկումները կդադարեն, և այդ կապակցությամբ ծագած հարցերը կառուցողական լուծում կստանան, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»,- RTVI-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է նաև, որ հայկական կողմի բոլոր մտահոգությունները քննարկվում են ՀԱՊԿ-ում առկա փոխգործակցության ձևաչափերի շրջանակներում՝ սկսած Մշտական խորհրդի նիստերից մինչև Հավաքական անվտանգության խորհուրդ, որը կազմակերպության բարձրագույն մարմինն է։

«Մեր կողմից վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, ինչպես նաև ՀԱՊԿ կոլեկտիվի համապատասխան որոշման նախագծով նախատեսված աջակցության այլ միջոցառումները՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու վերաբերյալ»,- ընդգծել է նա։

Գալուզինի խոսքով՝ կազմակերպությունը սկսել է ինտենսիվ գործընթաց՝ իրագործելու այն որոշումները, որոնք ընդունվել են անցյալ տարի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ։

«Մեծ մասամբ Հայաստանի նախագահության շնորհիվ շատ բան է արվել՝ զարգացնելու ՀԱՊԿ-ի կարողությունները՝ ետ մղելու մեր հավաքական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Կցանկանայի ընդգծել, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր չէին լինի առանց բոլոր անդամ երկրների համակարգված, արդյունավետ և շահագրգիռ աշխատանքի»,- հավելել է դիվանագետը։

Back to top button