ԿարևորՏնտեսական

Խնդիր ենք դրել 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում տնտեսական աճի միտումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Նախորդ օրը Վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության իրավիճակում: Մենք խնդիր ենք առաջադրել նաև 2023թ. ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական  աճ: Առաջարկում եմ քննարկել տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ կապված որոշ նրբություններ և ի մի բերել մեր առաջիկա անելիքները՝ տնտեսական ակտիվության վերաբերյալ մեր նպատակադրումները երաշխավորելու իմաստով»:

Պատասխանատուներն անդրադարձել են 2023թ. հունվար-փետրվարի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Շինարարության ծավալն աճել է 13.2, ծառայություններինը՝ 23.5, ներքին առևտրաշրջանառությանը՝ 18, արտաքինը՝ 77.7 տոկոսով: Նվազել է սպառողական գնաճի ցուցանիշը՝ կազմելով 8.1 տոկոս: Նշվել է, որ շարունակվում է կապիտալի և աշխատուժի ներհոսքը դեպի Հայաստան:

Քննարկվել են տնտեսության ոլորտում արձանագրվող առաջանցիկ աճի դինամիկայի պահպանման ուղղությամբ անելիքները: Անդրադարձ է եղել արդյունաբերության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, տեխնոլոգիաների և մյուս բնագավառներում ներդրումային նախագծերի ու զարգացման ծրագրերին, բարեփոխումների օրակարգին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, միջազգային տնտեսական միտումներին և այլն:

Ամփոփելով՝ երկրի վարչապետը կարևորել է տնտեսական շարունակական աճի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը և հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել Կառավարության նպատակադրումների կյանքի կոչումը:

Back to top button