ԿարևորՄշակույթ

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև

Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ Հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝  ընդլայնելով կողմերի գործունեության շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ համաձայն հուշագրի կողմերը  իրականցնելու են գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։

Հուշագրի ստորագրումը մեծապես կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։ Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։

Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։

Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են շարունակական  ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։

Back to top button