Գերդաստաններ

Հալեպի երաժշտական խմբի և «Գյուրջիև» անսամբլի ղեկավարները. Էսկենյաններ․ «Գերդաստաններ»

Լևոն Էսկենյանը Կոմիտասի գերդաստանի շառավիղներից է։ Նա իրեն նվիրեց գյուրջիևյան երաժշտությունն աշխարհով մեկ տարածելու գործին և վարպետի դաշնամուրային, ժողովրդական և պարային ստեղծագործությունները փոխանցեց տարբեր նվագարանների վրա։ Այս աշխատանքը նա կատարեց կնոջ՝ հայտնի դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի հետ։

Էսկենյանները 1960-ական թվականներին Հալեպից տեղափոխվել էին բնակվելու Բեյրութ և դարձել այս համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչներից։ Երաժշտասեր Էսկենյանների գրեթե բոլոր երեխաներն այստեղ սկսեցին հաճախել Համազգայինի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտանոցը և բոլորն էլ, հետագայում շարունակելով ուսումը տարբեր երկրներում, դարձան փայլուն մասնագետներ։

Փոքր էր Լևոնը, երբ մայրը՝ Արփինե Կթմիրյանը, որը Քյոթահյայից էր և մեծն Կոմիտասի հարազատներից, որդուն իր կատարումներով հաղորդակից դարձրեց Կոմիտասի անկեղծ երաժշտությանը և սիրել տվեց այն, իսկ հորեղբայրը Հալեպում հայտնի եկեղեցական երգչախմբի ղեկավար Ժիրայր Էսկենյանն էր, որը նույնպես իր ազդեցությունն է ունեցել երիտասարդ Էսկենյանների երաժշտական ձգտումների զարգացման հարցում։ Լևոնը հաճախ էր մասնակցում Բեյրութի ակտիվ համայնքի կազմակերպած միջոցառումներին, ծափերի արժանանում, ոգևորվում և շարունակում յուրացնել աշխարհի լավագույն երաժիշտների կատարողական արվեստի գաղտնիքները։ Նույն կերպ աշխատում էին նաև քույրը՝ Թամարը և եղբայրը՝ Շանթը։

Էսկենյանների ընտանիքը շուտով՝ 1996 թվականին, ներգաղթեց Հայաստան, և Լևոնն այստեղ շարունակեց իր գործունեությունը։ 2005 թվականն էր, երբ ռեժիսոր Զարեհ Ճգնավորյանը Լևոնին և կնոջը՝ Լուսինեին, հուշեց Գյուրջիևի կախարդական ստեղծագործությունների մասին։ Երաժիշտ ամուսինները հրապուրվեցին Գյուրջիևի երաժշտությամբ, նրա կյանքով և գործունեությամբ ու որոշեցին ստեղծել այն անսամբլը, որը կախարդում է հազարավորներին։

Գյուրջիևի՝ անձի ինքնակատարելագործման մեթոդները դարձան Լևոնի ընտանիքի հիմնական ուսումնասիրության առարկան։ Նրանք սկսեցին դրանք կիրառել գործնականում ու ապրել դրանցով։

Լուսինե Գրիգորյանի դաշնամուրային կատարումները հրատարակել է ECM Records աշխարհահռչակ ձայնագրման ստուդիան։ Այս ստուդիայի հավաքածուներում կան նաև կոմիտասյան ստեղծագործություններ:

Լևոնի քույրը՝ Թամարան, ֆլեյտահար էր, և Ավետիսը՝ Լևոնի որդին, փոքր տարիքում մեծ ուշադրությամբ հետևում էր նրան։ Նա սիրեց այդ գործիքը, hաճախեց դասերի և սկսեց նվագել։ Եվ այսօր դարձել է «Գեորգի Գյուրջիև» անսամբլի ֆլեյտահարը, հետևում է նաև հայրիկի` ժամանակի կառավարման մասին զրույցներին ու մայրիկի խորհուրդներին՝ նվագել այնպես, ինչպես պահանջել է կոմպոզիտորը։ Նա որոշել է դառնալ ամենալավ ֆլեյտահարներից մեկը։

Ավետիսը՝ Լևոնի որդին

Անսամբլը նոր ձայնագրություններ են պատրաստել։ Դրանք կլրացնեն գյուրջիևյան ստեղծագործությունների կատարումների ցանկը, որոնցով անսամբլը շրջել է շուրջ 30 երկրներով ու տարածել այս խորհրդավոր երաժշտի` ամեն ինչի մասին պատմող երաժշտությունը, տարբեր ժողովուրդների երգարվեստի նմուշները։ Ու այս ամենը շնորհիվ լավ, հմուտ երաժիշտների՝ դուդուկահարներ Էմանուել Հովհաննիսյանի ու Նորայր Գաբոյանի, դափահար Մեսրոպ Խալափյանի, թառահար Դավիթ Ավագյանի, երգիչ Վլադիմիր Պապիկյանի ու այլոց։

Back to top button