ԿարևորՄիջազգային

Թեհրանը չի հանդուրժի աշխարհաքաղաքական փոփոխություններ տարածաշրջանում․ Աբդոլահիանի մոսկովյան հայտարարությունը

Մոսկվայում կայացել է Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև՝ հստակեցրել իրենց մոտեցումները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի։

Ռուս-Իրանական հարաբերությունների ընդհանուր օրակարգում ուրույն տեղ ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանում առկա ճգնաժամերը, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը։ Օրակարգի այդ առանցքային հարցերում Մոսկվայի ու Թեհրևանի դիրքորոշումները հիմնականում համընկնում են կամ բավականին մոտ են։ Սա հաստատում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանն ու Իրանը հստակեցնում են իրենց դիրքորոշումները, վերահաստատելով իրենց անհամաձայնությունը, Լավրովի ձևակերպմամբ՝ կոլեկտիվ Արևմուտքի ապակառուցողական գծի վերաբերյալ։

Փոխըմբռնում կա Իրանի միջուկային ծրագրի հետ կապված։ Իրանն ու Ռուսաստանը կարծում են, որ միջազգային համաձայնությունն այդ առումով այլընտրանք չունի։ Լավրովի խոսքով՝ աշխարհը սպասում է ԱՄՆ-ի վերադարձը այդ համաձայանությանը։ Կողմերը կարծում են, որ այդ մասով Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են ու պետք է վերացվեն։

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է նաև Բաքու-Թեհրան հարաբերություններին․

«Մենք հույս ունենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա ներկայիս վեճերը ժամանակավոր բնույթ ունեն և հնարավորինս շուտ կհաղթահարվեն»։

Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների կարգավորումը կնպաստի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ համագործակցության խթանմանը, կարծում է Սերգեյ Լավրովը․

«Մենք պատրաստ ենք մեր ընկերներին օգնել առկա խնդիրների լուծման հարցում»։

Հարավային Կովկասում տիրող իրավիճակը արտգործնախարարներն առանձնահատուկ են քննարկել։ Սա նշում է Իրանի արտաքին քաղաքականության պատասխանատու Հոսեյին Ամիր Աբդոլահիանը։ Հարավային Կովկասում լարվածության աճը չի բխում ո՜չ Հայաստանի և ո՜չ էլ Ադրբեջանի շահերից՝ շեշտում է իրանցի դիվանագետը․

«Միևնույն ժամանակ մենք մշտապես ասել ենք, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում չի կարող օգնել լարվածության իջեցմանն ու խնդիրների հանգուցալուծմանը։ Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության փորձ տարածաշրջանում, ինչպիսի պատճառաբանությամբ էլ այն լինի, անընդունելի է մեզ համար։ Իհարկե, հարցերի լավագույն լուծման հարթակը «3+3» ձևաչափն է»։

Ի դեպ, «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն ու հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև։

Ու մինչ Մոսկվայում Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները խոսում էին տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին, Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարում է, որ Իրանը տարածաշրջանային սպառնալիք է և Իսրայելն ու Ադրբեջանը պետք է նույն ըմբռնումն ունենան այդ հարցում․

«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։ Մենք պետք է համատեղ գործենք Իրանի դեմ։ Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»։

Վերադառնալով Լավրով-Աբդոլահիան համատեղ մամուլի ասուլիսին, նշենք նաև, որ դիվանագետները գոհունակությամբ հայտարարեցին, որ Թեհրանն ու Մոսկվան ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի դրույթների համաձայնեցման վերջնական փուլում են։ Իրանը և Ռուսաստանը պատրաստվում են մեկ ամսում համաձայնեցնել համատեղ համագործակցության մասին փաստաթուղթը։ Իրանի արտգործնախարարը համոզմունք հայտնեց, որ Թեհրանի ու Մոսկվայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։

Մինչ Լավրովի հետ բանակցությունները, Մոսկվա ժամանելուն պես, Իրանի արտգործնախարարը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ պաշտպանության ոլորտում Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը չի խախտում երրորդ երկրների շահերը։ Այս կերպ Աբդոլահիանը հակադարձել էր Վաշինգտոնի անհանգստությունների մասին իրեն ուղղված հարցին։

Back to top button