ԿարևորՀասարակություն

Զինվորական կացարանի հրդեհից 2.5 ամիս հետո էլ զինվորների ծնողներն անպատասխան հարցեր ունեն

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի զոհերի հարազատները վաղը՝ մարտի 30-ին, կհանդիպեն զինվորական դատախազի հետ։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է այն հիմնական հարցերը, որոնք ծնողները դեպքից գրեթե 2.5 ամիս հետո կուղղեն զինվորական դատախազին։ Նորիկյանը հիշեցրել է, որ ծնողները հանդիպման ակնկալիքով դիմել էին նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն պաշտպանական գերատեսչությունից դրական պատասխան դեռ չեն ստացել։ Հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները շարունակում են պնդել՝ չեն հավատում հրդեհի պաշտոնական վարկածին ու հետևողական են լինելու  ողբերգության մեղավորներին պարզելու հարցում։

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատները դեպքից գրեթե 2.5 ամիս անց էլ բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն։ Դրանց պատասխանները ստանալու համար ծնողները հանդիպելու են զինդատախազի հետ։ Զոհված զինծառայողներից Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, ասում է՝ այս ընթացքում միայն իրար հակասող տեղեկություններ են լսել։

«Արդեն 2.5 ամիս անցել է, ի՞նչ եք արել դուք այս ուղղությամբ կամ առհասարակ մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե՞ չէ։ Մի գիշերվա մեջ քնած տեղը 15 զինծառայող է զոհվել․ եթե էտ երեխեքը ձեզ պետք չէին, իրենք մեր ամենաթանկն էին, տայիք մեզ։ Ինչու՞ զինվորների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծել, ինչո՞ւ չեն հետևել»,– ասում է զոհված զինծառայողի հայրը։

Ծնողների հարցերն անպատասխան են մնացել նաև զոհված10 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո։ Դրանց համաձայն՝ զինվորների մահը վրա է հասել շմոլ գազից ու այրվածքային շոկից։ Զոհված զինծառայողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հարցնում է՝ այդ դեպքում ինչպե՞ս ողջ մնացած զինծառայողները  շմոլ գազից չեն թունավորվել։

«Ավելին, եթե պնդում է արվում, որ հրդեհն առաջացել է բենզինի օգտագործումից առաջացած բոցից, հարց է առաջանում՝ ի՞նչ շմոլ գազի մասին է խոսքը, ե՞րբ է առաջացել այդ շմոլ գազը, ի՞նչ հանգամանքներում, ինչի՞ կիրառման արդյունքում և ի՞նչ իրավիճակ է տիրել հրդեհից առաջ այդ կացարանում։ Ավելին, եթե փորձաքննության պատասխանների համաձայն զինծառայողները ջերմային այրվածքները ստացել են կենդանության օրոք, ապա ինչպե՞ս բացատրենք, որ նրանք չեն փորձել հնարավոր ու անհնարին միջոցներ ձեռնարկել այդ տարածքից դուրս գալու համար և գտնվել են իրենց մահճակալների վրա»,– ասում է Նորայր Նորիկյանը։

Տուժողների փաստաբանը շեշտում է՝ չեն բացառում, որ առաջիկայում դիակների կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն կներկայացնեն։ Զոհված զինծառայողներից 10-ի ծնողները օրերս առաջին անգամ նաև հարցաքննվել են։ Գաբրիել Կիրակոսյանը պնդում է՝ ծնողների կասկածները ու անվստահությունը դեպքի պաշտոնական վարկածի նկատմամբ, թե հրդեհն առաջացել է վառարանը բենզինով թեժացնելու հետևանքով, տեղին է․ ծնողներն իրենց փաստերն ու հիմնավորումներն ունեն։

«Դեպքի օրը՝ 00։30–ին,  իմ տղան հաղորդագրություն է գրել․ ես դա փաստագրած իմ ձեռքին ունեմ։ Էտ 10 րոպեի ընթացքում երեխեն ոնց քնեց, որ հրդեհը սկսվեց ու հրդեհի ընթացքում էլ ինքը ոչինչ չարեց փրկվելու համար»,– ասում է Կիրակոսյանը։

Զոհված զինծառայողների հարազատները դեպքից հետո հանդիպում էին պահանջում նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Փաստաբան Նորիկյանը շեշտում է՝ մինչև այս պահը պաշտպանական գերատեսչությունից որևէ արձագանք չեն ստացել, սակայն բազմաթիվ հարցեր ունեն՝ ուղղված  նաև նախարարությանը։

«Արդյո՞ք որևէ իրավասու հրամանատարի կամ այլ զինծառայողի կողմից երբևէ վերադաս հրամանատարությանը զեկուցվել է նշված զինվորական կացարանի պայմանների ու դրանց բարելավման անհրաժեշտության մասին, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել կամ ինչու չեն ձեռնարկվել։ Կամ նշված կացարանը արդյո՞ք կահավորված է եղել հակահրդեհային անվտանգության միջոցներով, իրականացվել է արդյո՞ք ծառայողական քննություն»,– ասում է Նորայր Նորիկյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյան

Ծնողներն ու նրանց փաստաբանը պնդում են, որ դեպքի վայրում քննչական գործողությունները թերի են իրականացվել․ մասնավորապես, մինչև վարույթն իրականացնող մարմնի՝ տեղում քննչական գործողություններ իրականացնելը զոհված զինծառայողների դիերը տեղափոխվել են։ Նորիկյանը համոզված է, որ միայն գործի արդար քննությունը կարող է կանխել նման ողբերգություններն ապագայում։

«Մենք կյանքում արդեն ամենաթանկը կորցրել ենք, հիմա ուղղակի խնդրում ենք արդար քննություն վարել, մեր երեխեքի մահվան պատճառահետևանքային կապը հասկանանք։ Մենք ողջ առողջ երեխեք ենք տվել, որ մեր անդորրը, մեր հայրենիքը պաշտպանեն։ Այսօր, ցավոք, չեն կարող մեր երեխաներին ողջ հետ տալ մեզ, բայց գոնե թող պատճառն ասեն, իմանանք»,– ասում է զոհվածի հայրը։

ՀՀ քննչական կոմիտեից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ գործի նախաքննությունը շարունակվում է, հրդեհատեխնիկական, նյութատեխնիկական ու դատաբժշկական բազմաթիվ փորձաքննություններ են նշանակված, որոնց մեծ մասի եզրակացությունները դեռևս չեն ստացվել։  5 անձ՝ այդ թվում կապիտան Եղիշե Հակոբյանը,  ունեն մեղադրյալի կարգավիճակ,  3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Հրապարակման ենթակա այլ մանրամասներ, ըստ Քննչական կոմիտեի,  այս պահին չկան։  

Back to top button