ԿարևորՔաղաքական

Արցախում ցեղասպանության ու  էթնիկ զտման վտանգի մասին՝  «Հանուն ժողովրդավարության» համաժողովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, որն անցկացվում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդների: Այս տարի, ինչպես նախորդ անգամ, մասնակցության հրավեր չեն ստացել Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը:

Համաժողովի քննարկման առարկան աշխարհում «ժողովրդավարության վերականգնման» օրակարգն է։

Վարչապետի ելույթի առանցքային շեշտադրումները

Չնայած համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներին՝ Հայաստանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը՝  առցանց ընթացող «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի իր ելույթում շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրա արդյունքում Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշներում։

«Freedom House-ը Հայաստանին դասել է որպես «ազատ» երկիր «Ինտերնետի ազատության» իր տարեկան զեկույցում: Հայաստանն աննախադեպ առաջընթաց է գրանցել նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված 2022 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում՝ բարելավելով իր դիրքերը 12 կետով։ Անցած տարի Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսում»։

Վարչապետի 3.5 րոպեանոց ելույթի հիմնական մասը  խաղաղության օրակարգի, Լաչինի շրջափակման մասին էր: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և դրա հետևանքով ծառացած հումանիտար ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է։ Եվ մենք չենք կարող աչք փակել դրա վրա։ Միևնույն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, և որ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ մնալը կօգնի մեզ գտնել ճանապարհ դեպի խաղաղություն»։ 

Փաշինյանը խոսեց նաև 2022-ի սեպտեմբերին  Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին՝ ընդգծելով, որ Երևանը զգացել է «ժողովրդավարության միությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի հստակ դատապարտումը»:

Երկօրյա գագաթնաժողովի թեմաները

Երկօրյա քննարկումների առանցքային հարցը ժողովրդավարության ամրապնդման օրակարգն է, դրան սպառնացող մարտահրավերները հաղթահարելու քայլերն ու գործողությունները։ Համաժողովը Ջո Բայդենի նախընտրական խոստումներից է․ նպատակը՝ ավտոկրատ կառավարությունների վերելքի ֆոնին ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում վերականգնելն ու ամրապնդելը։ Այս տարվա քննարկումների առանցքում նաև Ուկրաինան է ՝ «Արդար և հարատև խաղաղություն Ուկրաինայում» խորագրով:

Համաժողովի ներկաներն ու բացակաները

Համաժողովի մեկնարկին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը խոսել է  ուկրաինական հակամարտության բանակցային հնարավոր գործընթացի մասին՝ ասելով, որ ԱՄՆ–ն աջակցում է դիվանագիտական ջանքերին՝ միտված խելամիտ խաղաղության հաստատմանը, որը պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բլինքենը կոչ է արել Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից՝ կանխելու հետագա արյունահեղությունն ու ավերածությունները:

Ռուսաստանը համաժողովին ներկայացված չէ․ մասնակցելու հրավեր չեն ստացել նաև Ադրբեջանը, Թուրքիան ու  Չինաստանը։

Բայց Մոսկվան արդեն արձագանքել է համաժողովի  քննարկումներին: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացիալ Նահանգները ժողովրդավարության հարցերով համաշխարհային ուսուցչի դեր է ստանձնել: «Բայդենի կազմակերպած գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրներն են որոշում ՝ մասնակցել այդ դասին թե ոչ»,– նշել է Պեսկովը։

Back to top button