ԿարևորՀասարակություն

Code Battle․ 300-ից ավելի ծրագրավորողներ կմրցեն` կոդ գրելով

Ապրիլի 16-ին Հայաստանի և արտերկրի ծրագրավորողների միջև մեծ Code Battle է կազմակերպվելու։ Մեկ վայրում հավաքվելու և  ուժերը փորձելու են 300-ից ավելի ծրագրավորողներ։ Միջոցառմանը կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները, նաև նրանք, ում հետաքրքիր է մշտապես զարգացող IT ոլորտը: Նախաձեռնողներն ասում են՝  Battle-ը կազմակերպվում է ծանոթանալու, ուժերը փորձելու և մեկ թիմ դառնալու համար:

Ծրագրավորողները հանդիպում են և մրցում կոդ գրելով․ Code Battle-ն արդեն 7 տարի կազմակերպում է Full Learning ընկերությունը։ Ամեն ինչ սկսվել է ուսումնական գործընթացում մասնակիցների համար կազմակերպած խաղ-մրցույթից։ Full Learning ընկերության հիմնադիր Գագիկ Ազոյան․

«Մրցույթը հետաքրքիր էր, մարդկանց դուր եկավ, մեզ էլ ոգևորեց այդ ամբողջը։ Սկզբում փոքր միջոցառում էր, որը 10-15 հոգու միջև էր լինում։ Հիմա շատ մեծ միջոցառում է դարձել, որը Հայաստանից էլ է դուրս եկել»։

Միջոցառմանը մասնակցում են  ԱՄՆ-ից, Ռուսաստանից և եվրոպական երկրներից՝ օնլայն տարբերակով։ Մրցույթի ընթացքում ծրագրավորներին խնդիր է տրվում, որը լուծելու համար կոդ են գրում։ Հաշվի առնելով խնդիրը լուծելու արագությունը, ճշգրտությունը՝ որոշվում են հաղթողները։

«Դպրոցում ինչպես է․ դասատուն ստուգողական է տալիս և ստուգում ուղղագրությունը, նույնը մեզ մոտ է։ Այսինքն, կան կոդեր, որ ճիշտ է, սխալ է, կամ ավելի պրոֆեսիոնալ է։ Այսինքն, նայում ենք կոդի ամեն ինչին՝ մաքրությանը, պրոֆեսիոնալիզմին և արագությանը։ Ամեն մեկը գալիս է իր գիտելիքով, բոլորին նույն խնդիրն է տրվում և տարբեր չափանիշներով մաղվում է։ Ծրագրավորողի աչքով գնահատում ենք մարդկանց գրած կոդը»։

Մրցույթի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ոչ միայն պրոֆեսիոնալները, այլև սկսնակներն ու ոլորտով հետաքրքրվողները կծանոթանանա միմյանց հետ և կսկսեն համագործակցել։ Նախորդ տարիներին կազմակերպված մրցույթից հետո մասնակիցները աշխատանքի հրավեր են ստացել, միմյանց հետ ծանոթանալով ստարտափ հիմնել։ Առաջին անգամ ներգրավել են նաև ոլորտով հետաքրքրվողներին, որոնք տրամաբանական խնդիրներ կլուծեն։ Կազմակերպիչների խոսքով՝ սա կողմնորոշվելու հնարավորություն կտա՝ արդյոք ցանկանում են որպես մասնագիտություն ծրագրավորումն ընտրել։

«Մի մասը միջոցառումից անմիջապես հետո աշխատանքի առաջարկություն են ստանում, որովհետև մասնակիցներից ոչ բոլոր են աշխատանք ունենում»։ 

Մրցույթի մասին հայտարարությունն ընդամենը մի քանի օր առաջ է հրապարակվել։ Արդեն 300-ից ավելի ծրագրավորողներ են դիմել։ Կազմակերպիչների խոսքով՝ սա վկայում է կայացած ձևաչափի և հետաքրքրվածության բարձր մակարդակի մասին։

Back to top button