ԿարևորՄշակույթ

Ովքե՞ր գտան իրենց «Արտավազդ»-ներին

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

«Բացում ենք ծրարը», «Հիմա կբացենք հերթական ծրարը․․․․»․ խոսքը թատերական ծրարների մասին։ Արդեն 22-րդ անգամ թատրոնի միջազգային օրը թատերարվեստի լավագույնները ստանում են իրենց «Արտավազդ»-ները։  Մինչև մրցանակներին անցնելը Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն ավանդույթի համաձայն հիշում է այն արվեստագետներին, որոնք այս տարի հրաժեշտ են տվել երկրային կյանքին։

Մրցանակներից առաջ՝  նաև թատերական կյանքում տեղի ունեցող ցնցումների մասին։ Հակոբ Ղազանչյանը դեմ է «Գոյ» թատրոնը լուծարելու նախարարության առաջարկին։  Ընդգծում է մասնագիտական քննարկումների բացակայությունը, ինչը թատրոնի աշխարհին հարիր չէ։

«Փակ տարածքում ենք սկսել ապրել, ու ոչ մի քննարկում տեղի չի ունենում: Մենք պետք է սովորենք նաեւ դիմակայել այդ ամենին, հասկացնենք պետությանը, որ զրույցների մեջ վատ բան չկա, ու դրանից ավելի շատ իրենք են շահելու: Եկեք պինդ մնանք»։

Այս տարի «Արտավազդ»-ը նվիրված էր արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանին։ Նրա անվան մրցանակը որդին՝ Սուրեն Շահվերդյանը, հանձնեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին:

«Գոյ» թատրոնի լուծարման  թեման կարմիր թելի նման ուղեկցում էր միջոցառումը։ Լավագույն երիտասարդական ներկայացման հաղթողների անունները հայտարարելուց առաջ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը նկատեց․

«Ծրարը բացելուց առաջ փակելու մասին խոսեմ: «Գոյ» թատրոնն ինչ դժվարությամբ ստեղծվեց, ու հիմա նման բան է տեղի ունենում նրա հետ: Ընդունում եմ, որ սխալներ կարող էին լինել, բայց կարելի է դրանք ուղղելու հնարավորություն տալ, հակառակ դեպքում վատ ենք վարվում Արմեն Մազմանյան արվեստագետի հիշատակի հետ»:

Հետո արդենմրցանակը ստացավ Գոռ Մարգարյանը՝ «Բովանդակություն» ներկայացման համար։ Ի դեպ, Գոռը երկու անգամ բեմ բարձրացավ․ «Լավագույն ռեժիսուրա»  անվանակարգում մրցանակը դարձյալ նրանն էր։

«Ես երիտասարդ չեմ, բայց 32 երիտասարդ դերասան է ներգրավված այս ներկայացման մեջ»։

Սովորաբար մրցանակաբաշխությունների ժամանակ լավագույն դերասանուհի-դերասան անվանակարգերի հաղթողները հայտարարվում են վերջում, բայց այս անգամ ավանդույթը խախտվեց, ու բացահայտումներն ավելի շուտ եղան։

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակագում «Արտավազդը»  բաժին հասավ երկուսին՝ Ջեմմա Ադամյան՝ դրամատիկական թատրոն և Անահիտ Վասիլյան՝  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն : Լավագույն երիտասարդ դերասանը Սեյրան Մովսիսյանն էր ՝Պատանի հանդիսատեսի թատրոնից։  Այստեղ ավանդույթը չխախտվեց  ու բացվեց շնորհակալությունների տուփը։

«Շուշան Ղազարյան, շնորհակալություն եմ հայտնում քեզ, երանելի է նրա հետ աշխատելը: Ճիշտ է, դժվար խնդիրներ է առաջադրում, որ ասենք մարմինդ պետք է ընդունի կատաղած անգղի դիրք ու զարմանում է, որ չեմ տեսել կատաղած անգղ իմ կյանքում ու շնորհակալություն հավերժ երիտասարդ Պատանի հանդիսատեսի թատրոնին»։

Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանի ձեռքում «Արտավազդն» արդեն 4-րդ  անգամ էր։

«Շատ շնորհակալություն, ամենահիշվող մրցանակն այս ծափահարություններն են: Առաջին անգամ է, որ պարգեւ եմ ստանում ու չեմ ներկայացնում իմ հարազատ Համազգային թատրոնը: Բայց ոչ պակաս հարազատ Գյումրու թատրոնից եմ այսօր, սիրելիներս, դուք անզուգական եք»:

Լավագույն դերասանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից Նարեկ Բաղդասարյանն է․ «Ուրախ եմ, բայց մի քիչ էլ տխուր: Երկու տարի առաջ լավագույն երիտասարդ դերասանն էի. արդեն մեծացել եմ»,- նշեց Բաղդասարյանը:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդ»-ը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ»-ին էր։

«Արտավազդ»-ը հատուկ մրցանակակիրներ էլ ուներ․ «Մետրո» թատրոնը արժանացավ հանձնախմբի համակրանքին, թատրոնին նոր շունչ հաղորդելու համար՝ մրցանակը Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնին էր, իսկ ինքնատիպ թատերական հետագծի մրցանակը՝ «Գոյ»-ինը։

Դերասան Սամվել Թոփալյան. «Ցավոք, թատրոնին  հիմա ասում են ՊՈԱԿ։ Վստահ եմ, որ շատ քիչ մարդիկ են այսօր թատրոնին վերաբերվում որպես ՊՈԱԿ-ի։ Կեցցե գոյամարտի հաղթանակը»։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար մրցանակին արժանացավ 70-ամյա Կարինե Քոչարյանը, որը երկար տարիներ բնակվում էր ԱՄՆ-ում, բայց 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Արցախ ու սեփական գումարներով ներկայացում բեմադրել: Քոչարյանը միջոցառմանը ներկա չէր, դրան հետևում էր  տեսակապով: Մրցանակը ստացավ Արցախի թատրոնի դերասանուհի, արցախյան պատերազմի երկու հերոս որդիների մայր Ռուզան Գասպարյանը։

Ի դեպ «Արտավազդին» այս տարի  ԿԳՄՍ նախարարությունից  որևէ պաշտոնյա չէր մասնակցում:

Կարդացեք նաև
Close
Back to top button