ԿարևորՀասարակություն

Ո՞ւմ գրպանն է լցվում գերշահույթը․ ահազանգ մայրաքաղաքի գազալցակայաններում տիրող իրավիճակի մասին

Երևանի գազալացակայաններում վաճառվող սեղմված գազի կիլոգրամը 40-60 դրամով ավելի թանկ է, քան այլ բնակավայրերում կամ մայրուղիների վրա գործող լիցքավորման կայաններում, ահազանգում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Նրա ուշադրությունը ոչ միայն գնային տարբերությունն էգրավել, այլև որակականը։ Խնդրի վրա պետական կառույցների ուշադրությունը հրավիրելով, տնտեսագետը հորդորել է կանգնեցնել մայրաքաղաքի լցակայանների թալանը։ Պարզաբանման ակնկալիքով «Ռադիոլուրը» ահազանգը փոխանցել է վերահսկողություն իրականացնող մարմիններին։

Մինչ մայրաքաղաքի տարբեր լցակայաններում սեղմված գազը վաճառվում է կիլոգրամը 340-360 դրամով, մայրաքաղաքից դուրս գործող կայանները նույն վառելիքը վաճառում են առավելագույնը 300 դրամով։ Լցակայաններ կան, որտեղ նույնիսկ 250 դրամ է սակագինը։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այս օրինաչափությունը դեռ 2020 թվականից է նկատել։ Նա հարց է հնչեցնում՝ ինչով է պայմանավորված այդ տարբերությունը, ինչու՞ է մայրաքաղաքի լցակայաններում սեղմված գազը 50-60 դրամով ավելի թանկ։ Միակ տրամաբանական բացատրությունն, ըստ նրա, վերահսկողության բացակայությունն է.

«Քանի որ վերահսկողություն չկա, քանի որ չկա լրջություն, պատասխանատվություն վերահսկող մարմինների կողմից։ Մյուս կողմից էլ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկած լիներ և վարույթներ հարուցած լիներ։ Կամ սա հակամրցակային համաձայնություն է մայրաքաղաքի լցակայաններում, և գերշահույթներ են ստանում, կամ էլ մայրաքաղաքից դուրս գտնվող լցակայաններն են դեմպինգ անում՝ միտումնավոր ցածր գներ սահմանում, որպեսզի հաճախորդներ գրավեն։ Ամեն դեպքում, դա հանձնաժողովի գործառույթն է։ Այդ տարբերությունները հսկայական գերշահույթներ են ենթադրում, բայց արդյո՞ք որպես գերշահույթ են դրանք հարկվում։ Սա արդեն հարց է՝ ուղղված ՊԵԿ-ին»։

Տնտեսագետը, մեզ հետ զրույցում, սա ոչ թե սովորական ահազանգ է համարում, այլ հաղորդում հանցագործության մասին։ Նա հորդորում է պատկան մարմիններին զբաղվել այդ հարցով։ Տնտեսագետի ահազանգի հիման վրա «Ռադիոլուրը» դիմեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

Այստեղից մեզ գրավոր պատասխանեցին, որ սեղմված բնական գազի շուկայում ներկայումս ուսումնասիրություն է կատարում։ Այն ընդգրկում է 2021 — 2022 թ․ ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրվում է ոչ միայն գնի հիմնավորվածությունը, այլև ապրանքային շուկայի սահմանների հատկորոշումը։ Մասնավորապես, փորձում են հասկանալ սեղմված բնական գազի փոխադարձ փոխարինելությունն ավտոմեքենաների այլ վառելիքիների հետ։ Հանձնաժողվի պատասխանում նշվում է, որ ուշադրություն են դարձնում աշխարհագրական սահմանների հատկորոշմանը՝ պարզելու, թե կոնկրետ լցակայանը ինչ ազդեցություն ունի շուկայի որևէ հատվածի վրա։ Դրանից ելնելով պարզ կդառնա շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների առկայությունը։ Հանձնաժողովն այժմ ամփոփում է ուսումնասիրության արդյունքները և խոստանում է դրանք ներկայացնել հանրությանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն, ի դեպ, քննադատության սլաքները միայն արժեքի վրա չէ, որ ուղղում է։ Նա նաև մեծ տարբերություն է տեսնում մարզերի և Երևանի գազալցակայանների սպասարկման մեջ․

«Լիցքավորման աշտարակները ինչ վճակում են, ինչպիսի մանիպուլյացիաներ են անում հենց լիցքավորման ընթացքում։ Երբ որ համեմատում ենք ոչ միայն գները, այլև որակը մայրաքաղաքի լցակայաններում և մարզերում, նորից սար ու ձոր կա։ Խնդրեմ, գնացեք դեպի Իջևան, Դիլիջան կամ Սևանի լցակայաններում լիցքավորեք և նույնն արեք մայրաքաղաքի լցակայաններում ու նույն ճանապարհի վրա վարեք մեքենան։ Կտեսնեք, որ 20-40 տոկոսի տարբերություն կա»։

Տնտեսագետը նաև ընդգծում է, որ խնդիրը չլուծվեց անգամ, երբ 2019 թվականին ծավալից անցում կատարվեց կիլոգրամով լիցքավորման տարբերակին․

«Այն ժամանակ էլ, եթե հիշում եք, այս պատմություններն ու խոսակցությունները կային։ Ընդ որում, ներկայացնում էին, որ փոփոխություն են արել, լավ բան են արել , խստացնելու են վերահսկողությունը, տուգանքներ են սահմանել, վերջերս էլ նման մի նախաձեռնություն եղավ՝ ՎԻ օրենքում փոփոխություններ կատարեցին, բայց, ըստ էության, ոչինչ չի փոխվել, սա է իրականությունը»։

Որակն էլ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տիրույթում է, և «Ռադիոլուրը» տեսչական մարմնից էլ հետաքրքրվեց, թե ինչ են ցույց տվել իրենց ուսումնասիրությունները և ինչ քայլեր է ձեռնարկում վերահսկողող մարմինը ոլորտում առկա խախտումները բացառելու ուղղությամբ։

Մեջբերում տեսչական մարմնի պատասխանից․ «Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում 2022 թվականին իրականացվել է 81 ստուգում, որից 29-ի դեպքում  արձանագրվել է տեխնիկական կանոնակարգի, իսկ 58-ի դեպքում՝  չափագիտական խախտում: Ավտոգազալիցքավորման ճնշակայանների ոլորտում իրականացվել է 48 ստուգում, որից 11-ի դեպքում արձանագրվել է տեխնիկական կանոնակարգի, իսկ 34-ի դեպքում՝ չափագիտական խախտում: Հեղուկացված ածխաջրածնային գազերի ոլորտի 68 ստուգումներից 19-ը եղել են տեխնիկական կանոնակարգի, իսկ 44-ը՝ չափագիտական խախտումներ»:

 2021 թվականի մարտի 24-ին Ազգային ժողովը փոփոխություններ էր կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքում, ավելացվել էին վարչական տուգանքները: Բարձրացվել էր գազի և բենզինի լցակայաններում չափագիտական կամ վառելիքի որակին առնչվող խախտումների համար սահմանված տուգանքների չափը:

Մեզ տրված պատասխանում Տեսչական մարմինն անդրադարձել է նաև Ատոմ Մարգարյանի հնչեցրած ահազանգին․

«Տնտեսագետ Ատոմ Մարգարյանին և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ ունեցող քաղաքացիներին հորդորում ենք գրավոր դիմումներ ներկայացնել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ վերահսկողական աշխատանքներ իրականացնել»։

Մինչ պատկան կառույցներն իրենց հերթական ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն հանրությանը, տնտեսագետը արձանագրում է՝ վառելիքի որակն ու գնային տարբերությունը լուրջ խնդիրներ են, որոնք հրատապ լուծում են պահանջում, իսկ եթե չկա լուծում, արդեն հռետորական հարց է հնչեցնում՝ ում է ձեռնտու նման անպատժելիությունը և ու՞մ գրպանն է հոսում գերշահույթը։

Back to top button