Երաժշտական եռանկյունի

«Մշակումներ» համերգային նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

Մշակումների թեման շատ է կարևորվում հատկապես հայկական ակադեմիական երաժշտության ոլորտում: Մշակումների կուլտուրան կոմպոզիտորական արվեստի հիմքում է և իր ավանդույթներով ձևավորվել է դեռևս առաջին սերնդի մշակների նվիրական աշխատանքով:

Կոմիտասյան ամբողջ ժառանգությունը հիմնված է ոչ միայն բանահավաքության, գեղջկական և հոգևոր երաժշտության փաստագրմամբ, այլ նաև արժևորվում է իր և իր դպրոցի հետնորդների մշակումներով, որոնք թույլ տվեցին դուրս բերել այդ երաժշտական տեսակներն իրենց հատուկ գյուղական և եկեղեցական միջավայրից՝ տեղափոխելով բարձր ակադեմիական բեմ:

Վերջին տարիներին երաժշտական միջավայրում ի հայտ եկավ արհեստածին հակադրություն՝ ինչպե՞ս պետք է ներկայացվի հայկական երաժշտությունը, բնագրայի՞ն, թե՞ միջնորդված՝ մշակված ձևով:

Առաջացավ սուր դիսկուրս Կոմիտաս ինստիտուտ-թանգարանի հարթակում, որի հետևանքով մի շարք երաժիշտներ, որոնք իրենց հիմնական գործառույթը տեսնում էին մշակված նյութը ներկայացնելու մեջ, հեռացվեցին այդ կարևոր մշակութային հարթակից:

Խոսքը գնում էր իհարկե Կոմիտասյան ժառանգության մասին, բայց խնդիրը անարձագանք չմնաց և ձևավորեց որոշակի շարժում, որի նպատակն էր հենց մշակված նյութի ներկայացումը հայկական բեմից:

Այդ շարժման կարևոր փուլերից մեկը 2023 թ.-ի մարտի 8-ին կայացած Երևանի պետական կամերային երգչախմբի համերգն էր, որը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան Կամերային երաժշտության կենտրոնի բեմում։

«Մշակումներ» անվանումը գալիս էր ընդգծելու այդ երևույթի կարևորությունը՝ հատկապես երգչախմբային արվեստում:

«Միայն մշակումների շնորհիվ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշությունը ներկայանալի դարձավ միջազգային հարթակներում և միայն այդ մշակումների շնորհիվ ճանաչվեց միջազգային հանրույթի կողմից: Առաքելությունը, որը ստանձնեց Կոմիտասը, այսօր նաև մենք ենք կատարում՝ իրագործելով նման հայեցակարգային ծրագրեր»,- ասում է երգչախմբի դիրիժոր Քրիստինա Ոսկանյանը:

Մեր զրույցի մասնակից երգչախմբի տնօրեն Եվա Խաչատրյանը և երգչուհի Ժաննա Դավթյանը շարունակելով իրենց խմբավարի միտքը՝ ընդգծում են մշակումների ավանդույթի հարատևության նշանակությունը՝ նշելով, որ բոլոր սերունդների կոմպոզիտորների անդրադարձով է պայմանավորված առաջին հերթին հայ ավանդական երաժշտության հանրահռչակումը:

Հենց այդ սկզբունքից ելնելով էլ կազմվել է համերգային ծրագիրը, որն ընդգրկել է Կոմիտասի, Երկանյանի, Մլքեյանի, Ազիզյանի, Բաբլոյանի և Ոսկանյանի ժողովրդական երգերի բազմաբնույթ մշակման տարբերակները:

Այն ներկայացնում է 100 տարվա կտրվածքով մշակումների կուլտուրան՝ իր դինամիկ զարգացման մեջ: Երևանի պետական կամերային երգչախումբը, որը ստեղծվել էր հատուկ կոմիտասյան երգչախմբային ժառանգությունը կատարելու և ձայնագրելու համար, այսօր շարունակելով Թոփիկյանական ավանդույթները և հավատարիմ մնալով մեծ խմբավարի սկզբունքներին՝ ամենատարբեր համերգային ծրագրերով ներկայացնում է և՜ արդեն դասական դարձած, և՜ ժամանակակից՝ հաճախ էքսպերիմենտալ մշակումների տեսակները:

Հաղորդման ընթացքում հնչում են Երևանի պետական կամերային նվագախմբի մարտի 8-ի տոնական համերգին հնչած բազմաթիվ մշակումների կատարումները:

Back to top button