ԿարևորՏնտեսական

Հասած ծիրանը անցագրին չի սպասի․ սահմանամերձ Ջանֆիդայի գյուղացիները բողոքում են

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչները իրենց սահմանամերձ հողատարածքները մշակելու հարցում դժվարություններ ունեն։ Հայ–թուրքական սահմանային հատուկ պահպանվող գոտում գտնվող իրենց այգներ հատուկ անցագրերով են հասնում, բայց օրավարձով աշխատող բանվորների համար հողատերերը չեն կարողանում ժամանակին անցագրեր ստանալ․ մի կողմից բերքն է հասունանում, մյուս կողմից՝ սահմանապահները կարգն են խստացրել։ Արմավիրի մարզում սահմանային 7 բնակավայր կա․ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» պատմել է՝ այդ խնդիրը հնարավորինս շուտ լուծելու համար փորձում են գործընթացն արագացնել, որ սահմանված 10 աշխատանքային օրվա փոխարեն անցագրերը գոնե 2-3 օրում տրամադրվեն։

«100 տարի է այդ հողերը մերն է, մենք մշակել ենք, դրանով էլ ապրել ենք, հիմա բերքը հասել է, ի՞նչ անենք, թողնե՞նք տենց մնա»

Սահմանամերձ Ջանֆիդա գյուղում բերքահավաքն ու գարնանացանը, բնակիչների պնդմամբ, խնդիրներով են սկսվել։ Գյուղի մշակովի հողատարածքների շուրջ 70 տոկոսը հայ–թուրքական սահմանին կից է։ Դրանց հասնելու համար հատուկ անցաթուղթ է պետք։ Ջանֆիդայի բնակիչ Վահե Զաքարյանը «Ռադիոլուրին» պատմում է՝ գյուղացիներն անցագրեր ունեն, բայց չեն կարողանում օրավարձով աշխատող հողագործներին հողամաս տանել։

«Գյուղացիներ կան՝ մինչև մի քանի հեկտար հողամաս ունեն, մի քանի տասնյակ տոննա բերք են ստանում, դա հնաավոր չի մենակով հավաքել, մեր գյուղ մինչև անգամ Լեննականից, Արթիկից, Թալինից ավտոբուսներով մարդիկ են գալիս, օրավարձով աշխատում են, մեզ օգնում են։ Կամ ես՝ 15-16 տարեկան տղա երեխա ունեմ, որ պիտի գա ինձ օգնի, թույլ չեն տալիս, ասում են՝ անչափահաս է»,– ասում է ջանֆիդացի Վահե Զաքարյանը։

Շուրջ 3000 բնակիչ ունեցող Ջանֆիդայի մշակովի հողատարածքները Արաքս գետի ափին են։ Գյուղացիներն իրենց հողակտորին հասնելու համար պետք է անցնեն սահմանային առաջին գոտին։ Դրա համար նախ՝ պետք է անցագիր ստանան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից ու Ռուսաստանի սահմանապահ զորամասից: «Պետական սահմանի մասին» օրենքով ու կառավարության որոշմամբ այդպես է կարգավորվում հայ–թուրքական սահմանային գոտիներ մուտքը։

Վահե Զաքարյանն ասում է՝ վարձու աշխատողների համար անցագիր ստանալը կարող է 10 օր տևել, իսկ բերքը այդքան չի սպասի․

«Օրինակ՝ հասած ծիրանը 10-15 օր կսպասի՞, կամ գիլասը կսպասի՞, որ ես աշխատողի համար անցագիր հանեմ, կամ անցագիր այսօր մեկի համար հանեմ, վաղը մեկ ուրիշը կգա աշխատելու, իրանք հիմնական աշխատող չեն, ախր»։

Գյուղացիները անցագիր ստանալու համար ամեն տարի դիմում են համայնքապետին, վերջինս էլ համապատասխան փաստաթղթերով դիմումները ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայությանը։ Մեծամոր խոշորացված համայնքում, Ջանֆիդայից բացի, ևս 5 սահմանային բնակավայր կա։ Համայնքապետի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանն ասում է՝ համայնքում հիմնականում հենց հողագործությամբ են զբաղվում, անցագրային ռեժիմն էլ սովորական բան է, պարզապես, սեզոնային աշխատանքներով պայմանավորված, հաճախ չնախատեսված խնդիրներ են առաջանու։

«Հաճախ լինում է, որ գյուղացին ցուցակ է ներկայացնում, նշում է, որ իր հողամասում աշխատելու է, օրինակ՝ Պողոսյան Պողոսը, բայց երբ գալիս է աշխատանքներն իրկանացնելու պահը, այդ մարդու փոխարեն մեկ ուրիշին են բերում։ Բնականաբար, արդեն նորից այս մարդու տվյալները պետք է համապատասխան ընթացակարգով անցնեն․ սա էլ գյուղացիների մոտ դժգոհություն է առաջացնում»,– ասում է Մեծամորի համայնքապետի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։

Սահմանամերձ գյուղի բնակիչները պատմում են՝ նախորդ տարիներին կարողացել են ռուս սահմանապահների հետ «համաձայնության գալ»․ այս տարի, ըստ իրենց, սահմանապահները ավելի խիստ են։

«Ռուսները ձայն չէին հանում, ճանաչում էին մեզ, գիտեին, որ այդ գյուղի բնակիչ ենք հողամաս ունենք, թույլ էին տալիս, հիմա շատ են խստացրել»,– պատմում է գյուղացին։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պատմում է՝ վերջին 1-2 տարում սահմանային ռեժիմի խախտման մի քանի դեպք է եղել մարզում, ինչից հետո տրամաբանական է համարում լրացուցիչ զգոնությունն ու խստացումը։ Մարզպետը օրերս է հանդիպել ջանֆիդացիների հետ, բացատրել, որ կառավարության որոշումից շեղվել չեն կարող, բայց գյուղացիներին օգնելու համար մեխանիզմեր են մշակում։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան

«Նախկինում հարցը քննարկվել է, առաջարկ է եղել կառավարության որոշման մեջ փոփոխություններ մտցնել, մեղմել ընթացակարգը, սակայն պատկան մարմինների, իմ կարծիքով, հիմնավոր մեկնաբանությունն այն է, որ գործընթացի հեշտացումը կբերի սահմանային ռեժիմի ավելի մեծ ռիսկերի։ Այսինքն՝ մենք պարզապես կարող ենք արագ աշխատել ու ավելի օպերատիվ դարձնել գործընթացը, հատկապես այս սեզոնին։ Ես նույնիսկ առաջարկել եմ համապատասխան աշխատակիցների թիվն ավելացնել, որ դիմումներն ավելի արագ ձևակերպվեն ու անցագրերը շուտ ստանանք»,– ասում է մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։

Մազպետը նկատում է՝ հաճախ գյուղացիները իրենք հետևողական չեն, պահանջվող փաստաթղթերը կիսատ–պռատ կամ սահմանված ժամկետից ուշ են ներկայացնում։ Սակայն գյուղացու պահանջի հետ էլ պետք է հաշվի նստեն, չէ՞ որ հասած բերքը անցագրի սպասել չի կարող։

Back to top button