ԿարևորՔաղաքական

Կանադայի ԱԳ նախարարը կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:

Կանադայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ մարտի 27-ին խորհրդարանի նիստի ժամանակ Ազատական կուսակցության անդամ Ջեյն Յիպը հարց է հղել Ժոլիին, թե Կանադայի կառավարությունն ի՞նչ քայլեր է արել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցով։

«Կանադայի հայ համայնքի անդամներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Արդեն 100 օրից ավել շրջափակված է Լաչինի միջանցքը, խորանում է հումանիտար ճգնաժամը, և Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ հակամարտությունը շուտով կարող է սրվել: Որո՞նք են կառավարության ջանքերը այս կարևոր հարցում»,- հարցրել է պատգամավորը:

Ի պատասխան Ժոլին նշել է, որ կիսում է այդ մտահոգությունը, Կանադան շարունակում է կոչեր ուղղել Ադրբեջանի իշխանություններին Լաչինի միջանցքը բացելու, բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

«Ես կիսում եմ կանադահայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունները: Մենք շարունակում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչ անել վերաբացել Լաչինի միջանցքը: Մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի սրումը: Կանադան աջակցում է 2020 թ. հրադադարի համաձայնությանը, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին: Կարևոր է, որ հրադադարը, որին աջակցում է ԵՄ դիտորդական խումբը, հարգվի»:

Back to top button