ԿարևորՀասարակություն

Վերելակների «երկարակեցությունը» նաև բնակիչներից է կախված

Անցած տարի Երևանի բազմաբնակարան շենքերում հին վերելակներից 467-ը փոխարինվել են նորերով։ Քաղաքապետարանն այս տարի նախատեսում է ևս 700 վերելակ փոխել։ Սակայն հարց է, թե որքանով են անվտանգ նոր վերելակները։ Ոլորտը վերահսկողները վստահեցնում են, որ թե՛ հին, թե՛ նոր վերելակները պարտադիր փորձաքննություն են անցնում։ Պատկերն ավելի մտահոգիչ է մարզերում։ Եթե Երևանում հին վերելակներն, այնուամենայնիվ, փոխվում են, հանրապետության այլ քաղաքներում կան բարձրահարկ շենքեր, որոնց բնակիչները 88-ի երկրաշարժից ի վեր ապավինում են միայն իրենց ոտքերին։

Երևանի քաղաքապետարանը շարունակում է բազմաբնակարան շենքերի ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինել նորերով։ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը տեղեկացնում է, որ այս տարի նախատեսվում է շուրջ 700 հին վերելակ փոխարինել․

«100 վերելակի մրցույթն արդեն կայացել է։ Հիմա արդյունքները գնահատման փուլում են։ Ավարտը մինչև ապրիլի մեկն է։ 400 վերելակի ձեռք բերման մրցույթի շրջանակում մասնակիցների քանակը եղել է 1։ Հիմա հայտը գնահատման ընթացքի մեջ է։  Եվս 200 վերելակների ձեռք բերման մրցույթն է կայացել։ 3 մասնակիցներ են հայտ ներկայացրել։ Գործընթացը գնահատման փուլում է»։

Անվտանգության ստուգման ի՞նչ ընթացակարգեր են անցնում նոր վերելակները։ Գործընթացն իրականացնում է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը։ ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանն ասում է՝ միայն դրական եզրակացությունից հետո են նոր վերելակները շահագործվում։ Ըստ հաստատված չափորոշիչների՝ թե՛ հին, թե՛ նոր վերելակները տարեկան առնվազն մեկ անգամ պետք է տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն։ Երևանում շահագործվող 6877 վերելակից 136-ը կոնսերվացված է, 1185-ը դրական եզրակացություն է ստացել, 4-ը՝ բացասական։ Մարտին Ասլանյանի խոսքով՝ կան համատիրություններ, որոնք մինչ վերելակի փորձաքննության ժամկետը լրանալը, դիմում են նոր փորձաքննության, սակայն կան նաև հարցին անլուրջ մոտեցողներ։ Այս դեպքում նախարարությունը որևէ լիազորություն չունի։ Փորձաքննություն չանցած վերելակների տվյալները կենտրոնն ուղարկում է քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին։

Կառույցի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ տեսչական մարմինը տվյալներ ունի 2539 արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող վերելակների մասին, որոնք ամենամյա պարտադիր փորձաքննություն չեն անցել։ Դրանցից 1752-ը Երևանում են։ Հարուցվել են մի քանի վարչական վարույթներ, որոնցից 4-ը՝ համատիրությունների նկատմամբ։ Կան նաև պատասխանատվության ենթարկված ԱՁ-ներ, բուհեր․

«Իսկ փորձաքննություն, եթե չի անցնում, ապա տեսչական մարմինը տնտեսվարողին տուգանում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ մեկ միլիոն դրամ։ Եթե անցնում է փորձաքննություն, բայց չի գրանցվում ԱԻՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, նորից առանձին մեկ միլիոն դրամի տուգանք է նշանակվում, իսկ եթե, տեսչական մարմինը վարույթի ընթացքում պարզի, որ փորձաքննություն չի անցել, սակայն տվյալները մուտքագրվել են ռեեստր, ապա նորից մեկ միլիոն դրամի չափով տուգանք է սահմանվում»։

Փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը նշում է՝ լինում են դեպքեր, երբ բացասական եզրակացությունից հետո տրված ժամկետում թերությունները շտկված չեն լինում։ Այս դեպքում ժամկետը նորից է երկարացվում։ Մասնագետի խոսքով՝ բացասական եզրակացություն կենտրոնը տալիս է երկու դեպքում․

«Բացասական եզրակացություն տալիս ենք երկու դեպքում՝ երբ անմիջապես դեպքի սպառնալիք ենք նկատում և, երբ հայտնաբերում ենք այնպիսի թերություններ, որոնք անմիջապես դեպքի սպառնալիք են հանդիսանում։ Այս թերությունների մասով տրվում է միջոցառումների ծրագիր, ժամանակացույց է տրվում, և այդ ընթացքում, եթե թերությունները վերացված չեն լինում, ապա փորձաքննության նորից բացասական եզրակացություն»։

 Պատկերը միանգամայն այլ է հանրապետության այլ քաղաքներում։ Մարզերում գրանցված է 1528 վերելակ, որից 41-ը կոնսերվացված է, 167-ը դրական եզրակացություն է ստացել։ Վանաձորում, երկրաշարժից այս կողմ, մի քանի մուտքերով բազմաբնակարան որևէ շենքի վերելակ չի աշխատում, «Ռադիոլուրին» ասում է Սուխումի 12 շենքի բնակիչը։ Նա պատմում է՝ վերելակները ոչ միայն չեն աշխատում, այլև վաղուց թալանված են։ Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվել․  

«Այն ժամանակ ասացին, որ մի քիչ գումարը մենք՝ բնակիչներս, հավաքենք, մյուս մասը քաղաքապետարանը տա։ Հետո էլ, թե՝ պետք է նոր վերելակ կառուցվի, իսկ դա էլ մոտ 3-4 մլն դրամի հարց է։ Այդքան էլ բնակիչ չկա, որ կարողանանք այդ գումարը հավաքենք։ Որը 4 մուտքանի շենքեր են, ոչ մի տեղ չի աշխատում։ Միայն մեկ մուտքով 9 հարկանիներում են վերելակներն աշխատում»։

8-րդ հարկի բնակչի համար վերելակի բացակայությունը լուրջ խնդիր է։ Ընտանիքի տարեց անդամները բակի երես չեն տեսնում, ասում է։ Իջնելը կիջնեն, բայց ինչպե՞ս բարձրանան…

Վանաձոր համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն ասում է՝ խնդրին քաջատեղյակ են։ Նշում է, որ Վանաձորում կան բազմաթիվ վթարային բնակելիներ, որտեղ շինաշխատանքները խստիվ արգելվում են։ Մեր նշած բազմահարկը ևս վթարային է․

«Այն շենքերը, որտեղ թույլատրված է, այո, համատիրություններ են գործում Վանաձորում, և բնակիչ-համայնք համամասնությամբ վերելակները տեղադրվում են։ Նախորդ տարիներին նման փորձ ունեցել ենք, հաջողված փորձ։ Անցած տարի ևս մի քանի շենքերում վերելակներ տեղադրվել են»։

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնից հորդորում են՝ վերելակներն օգտագործել խնամքով։ Դրանց երկարակեցությունը, տեխնիկական մաշվածությունից զատ, կախված է նաև բնակիչներից։ ԱԻՆ պաշտոնյան թվարկում է շահագործման սխալները, որոնք համատարած են․

«Օրինակ՝ կեղտաջրերը ավլում են ու լցնում հորանի մեջ։ Սրանք նուրբ վերելակներ են, ամբողջը «դատչիկով» է աշխատում։ Նոր սարքավորւմներ են և չեն կարևող երկար աշխատել այս դեպքում։ Կան նաև դեպքեր, երբ մարդիկ արդեն այրել են կոճակները»։

Երևանի քաղաքապետարանից, վստահեցնում են՝ վերելակների փոխարինման ծրագիրը 25 տարով միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում:

Back to top button