ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի նպատակը սեփական օրակարգը պարտադրելն է, կարծում են Արցախում

Միացյալ Նահանգներից հերթական մտահոգությունն է հնչել, այս անգամ՝ Ադրբեջանի զորաշարժերի կապակցությամբ։ Վաշինգտոնը կողմերին դարձյալ՝ բոլոր հարցերը լուծել բանակցությունների միջոցով։

Արցախում, սակայն, նկատում են, որ միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով և հետևողական չեն ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում: Նման իրավիճակում Ադրբաջանը մի կողմից ռազմական սադրանքների է դիմում, մյուս կողմից՝ Արցախի ներկայացուցիչների հետ Բաքվում հանդիպելու առաջարկ է անում։ Բաքվի այդ կոչին չի ուշացել Ստեփանակերտի արձագանքը։ ԱՀ ԱԳՆ-ը, մեկնաբանելով այն, նկատել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։

Պաշտոնական Ստեփանակերտն անթույլատրելի է համարում տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացումը։ Արտգործնախարարությունն ընդգծում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցում հայտնել է, որ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ՝ ըստ էության արձագանքելով Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը։ Հայտնելով Դոնֆրիդ-Բայրամով հեռախոսազրույցի մասին, ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակն ասել է.

«Նա ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Ինչպես որ պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղղակի երկխոսությունն առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով»։

Ադրբեջանի սադրանքներն ու ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի հետ հանդիպման ժամանակ։

Լաչինի միջանցքը բացելու հերթական կոչն է հնչել նաև Կանադայից։ Այդ երկրի խորհրդարանում, անդրադառնալով Արցախի շրջափակմանը, ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ադրբեջանին կոչ է արել՝ բացել միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Մելանի Ժոլին շեշտել է, որ պետք է վիճակի էլ ավելի վատթարացման դեմն առնել։ Նա նաև հայտարարել է, որ Կանադան զորակցություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի մոտ գործող ԵՄ դիտորդական առաքելությանը։

Արցախում, սակայն, նկատում են, որ չնայած Արցախից հնչած բազմաթիվ հայտարարություններին և հորդորներին, միջազգային դերակատարները շարունակում են սահմանափակվել դեկլարատիվ հայտարարություններով ու գործողություններով, հետևողական չլինելով ընդունված ծանրակշիռ որոշումների կատարման հարցում․

«Մեր խնդիրն է՝ սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ  բարդության ու պատասխանատվության աստիճանը, վերագնահատել եղած բոլոր ռեսուսներն ու հնարավոր նոր վտանգների զսպող մեխանիզմները և կատարել անհրաժեշտ հետևություններ ու գործողություններ: Վստահ եմ, որ մեր ողջամիտ քայլերի միջոցով հնարավոր է հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը նույնպես, պահպանելով ու պաշտպանելով Արցախի Հանրապետության կենսական շահերը»։

Այս հայտարարությունն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արել է մարտի 27-ին Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև Արցախի Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրներն ու անհրաժեշտ որոշումները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում են արել Արցախի տարածքում:

Ադրբեջանը մի կողմից ռազմական սադրանքների է դիմում, մյուս կողմից՝ ապրիլի սկզբին Բաքվում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպելու նոր առաջարկ է անում։ ԱՀ արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի այդ առաջարկը․

«Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը»։

Միաժամանակ Արցախի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ պատրաստ են, նախորդ հանդիպումների օրինակով, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը․

«Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին»։

Այս համատեքստում Արցախում առաջնահերթ են համարում Արցախը Հայաստանին կապող ճանապարհի վերաբացումը և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արտգործնախարարությունը շեշտել է, որ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որոնք ուղղված կլինեն ոչ թե ադրբեջանական կողմի պարտադրանքների կատարմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելուն ուղղված փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։

Back to top button