
Ֆրանսիայի Նիցցա քաղաքի հայ կրթամշակութային միության ղեկավար, Կոտ Դազյուղի համալսարանի արտաքին հարաբերությունների բաժնի փորձագետ Նարինե Պետրոսյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների հիմնավորման համար ունի իր տեսլականը. ինստիտուցիոնալ և նպատակային մոտեցում բոլոր խնդիրների լուծմանը:
Ինչպե՞ս իրականացնել դա՝ հաշվի առնելով սփյուռքի բազմազանությունը և տարակարծությունները. Հայաստանում անցկացված «Ապագա հայկականը» համաժողովի մասնակից Նարինե Այվազյան-Պետրոսյանը նշում է, որ այսօր մենք ունենք աշխատանքների մի քանի ուղղություն, որոնք պահանջում են համակարգված մոտեցում։
«Այսօր եթե սփյուռքի որևէ համայնքում ղեկավար է փոխվում կամ չի լինում ղեկավար, համայնքի աշխատանքը կանգ է առնում։ Պետք չէ մոռանալ կամ անտեսել մեր պատմական ժառանգությունը՝ ցեղասպանությունը։ Մոռանալը կամ պատմությունը հաշվի չառնելը կարող է բերել նոր ցեղասպանության»,- ասում է Նարինե Այվազյան-Պետրոսյանը։