«Հիշում եմ, որ բակում ֆուտբոլ էինք խաղում»․ Գաբրիելի, թերևս, ամենավաղ հիշողություններն են արցախյան մանկությունից, որտեղ էլ ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 17-ին։ Հետո ընտանիքով տեղափոխվել են Լիբանան։ Հայրը լիբանանահայ է, մայրը՝ արցախցի։ Մոտ տասը տարի անց Ադամյանների ընտանիքը կրկին վերադարձավ Արցախ։ Գաբրիելն ավարտեց Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը, 2019-ին ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան։ Զորակոչվել է 2020-ի հունվարի 8-ին, ծառայել է Մարտունի 3 պաշտպանականում, որտեղ ծառայում էր նաև ավագ եղբայրը՝ Արամը։ Պատրաստվել է որպես հակաօդային համակարգերի մասնագետ։ Պատերազմի օրերին էլ զինակիցների հետ հաջողությամբ կիրառել է մասնագիտական գիտելիքները։ Այժմ շարունակում է ուսումը Ամերիկյան համալսարանի «Համակարգչային գիտություններ» բաժնում։ «Պատերազմն ինձ սովորեցրեց ավելի սուր մտածել, հասկանալ, որ շատ բաներ կախված են փոքր գործողություններից։ Այդ սկզբունքով էլ առաջնորդվում եմ կյանքի տարբեր ոլորտներում»,- ասում է Գաբրիելը։ Ցանկանում է դառնալ լավ մասնագետ կիբեռանվտանգության ոլորտում ու հայրենիքին օգտակար լինել հենց այս ասպարեզում։
1 րոպե կարդալու