ԿարևորՀասարակություն

Օպերացիա «Փառուխ-2»․ ի՞նչ հնարավորություն կորցրեց Արցախը

Մարտի 25–ի առաջխաղացումից հետո ադրբեջանական զինուժն այսօր առավոտյան կրկին նույն հատվածում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ փորձել է առաջ շարժվել։

Արցախի պաշտպանական բանակը հաղորդում է, որ կանխարգելիչ գործողությամբ կասեցրել է ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը։ Նշվում է, որ միջադեպի մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ինչո՞վ է Ադրբեջանին հետաքրքիր Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի կոնկրետ հատվածը, որտեղ մարտի 5-ին, նախ, արցախցի 3 ոստիկան սպանվեցին, իսկ 20 օր անց՝ մարտի 25-ին, գրավվեց գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկը։ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ խոսում է անվտանգությանը սպառնացող շատախոսության մասին․

 «Ցավալիորեն պետք է արձանագրել, որ հայկական կողմում պոռոտախոսությունը իր ծանր հետևանքներն է ունենում։ Նույն Արցախում գտնվող որոշ պաշտոնյաների, նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները կապված շրջափակման ոչ լիարժեքության հետ հանգեցնում է բացասական հետևնքների»։

Ուղիղ մեկ տարի առաջ՝  նորից մարտի 25-ին, խոսում էինք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների բանակցությունների և դիրքային կորուստների մասին։ Այդպես ադրբեջանական վերահսկողության տակ անցան Փառուխ գյուղն ու Քառագլուխ բարձունքը։ Այսօր արդեն խոսում ենք Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքի մասին։ Քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը համոզված է՝ այդ մեթոդով Ադրբեջանը փորձում է հասնել Արցախի օկուպացմանը։

«Մինչև Փառուխը էլի ենք ունեցել նմանատիպ դեպքեր, և սա խոսում է նրա մասին, որ այս պահի դրությամբ արցախահայության համար գոյություն չունեն բավարար անվտանգային երաշխիքներ։ Փառուխի առումով այդ բարձունքները կարևոր ստրատեգիական նշանակություն ունեին հարակից տրածքների վիզուալ և ընդհանուր վերահսկողության առումով, իսկ Լիսագորի, ավելի ճիշտ՝ Խայփալուի հատվածում տեղի ունեցածի նպատակը քիչ այլ է՝ վերահսկողություն բարձունքներին, իսկ այդ բարձունքը գտնվում է այն ճանապարհի վրա, որով արցախահայությունը փորձում է մեղմել շրջափակման հետևանքը»։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Ադրբեջանը մեկ քայլով փորձում է միանգամից մի քանի խնդիր լուծել։

«Նպատակներից մեկը ցույց տալն է Արցախին, որ խնդիրներ կառաջանան այն դեպքում, եթե չհամաձայնեն իրենց օրակարգին, նպատակներից մյուսը Հայաստանի ուղղությամբ ճնշման ուժեղացումն է, մեկ այլ նպատակ է սողացող պատերազմի միջոցով 44-օրյա պատերազմի արդյունքներն ամրագրելն ու  իրենց վերջնական նպատակի համար նոր հիմքեր դնելը։ Վերջնական նպատակը, հասկանում ենք, Արցախը ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ունենալն է։ Այսինքն՝ բազմաթիվ են նպատակները, որոնց ոուղությամբ Ադրբեջանը աշխատում է։ Աշխարհագրական առումով, կարող եմ ասել, որ այն կարծես շրջանցիկ հնարավորություններ էր տալիս Արցախի ժողովրդին, որոշակի ապրանքներ տեղափոխելու և Ադրբեջանը փորձում է այդ հնարավորությունից զրկել Արցախին, որպեսզի ավելի արդյունավետ իրականացնի Բերձորի միջանցքը փակելու իր ակցիան»։

Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը արդեն հայտարարել է, որ նման գործողություններով Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը մայրաքաղաք Ստեփանակերտի և հանրապետության Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։

Սրանով հերթական անգամ խախտվում է ոչ միայն 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլև հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշման, խորանում են  Արցախի շրջափակման հետևանքները։ Ըստ էության՝ նաև մարտահրավեր է նետվում միջազգային իրավակարգին։ Արցախում սպասում են, որ ռուս խաղաղապահ զորակազմը գործնական քայլեր կձեռնարկի՝ վերացնելու եռակողմ հայտարարության դրույթների խախտման հետևանքները, ինչպես նաև կանխարգելելու հնարավոր նոր խախտումները։ Բայց պաշտոնական Ստեփանակերտն արդեն բարձրաձայնում է, որ նման պայմաններում հրամայական է միջազգային հանրության կողմից միասնական կոշտ դիրքորոշման որդեգրումը՝ ստիպելու Ադրբեջանին վերադառնալ իրավական դաշտ և կատարել իր միջազգային պարտավորությունները։

«Միջազգային հանրությունը և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը»,-հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը։  

Մինչ ռուս խաղաղապահները հայտնում են, որ բանակցում են ադրբեջանական կողմի հետ մինչև մարտի 25-ը զբաղեցրած դիրքեր վերադառնալու հարցի շուրջ, փորձագիտական շրջանակներում նորից  շրջանառվում է ռուս խաղաղապահների անգործության թեման։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հիմնավորում է, թե ինչու գործնական քայլեր չի ակնկալում։

«Ռուս խաղաղապահներն ունեն մեկ կարևորագույն գործառույթ և նպատակ, որի պատճառով տեղակայվել են Արցախում։ Անկախ նրանից, թե ինչ է գրված նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, նրանց գլխավոր գործառույթը լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը թույլ չտալն է, ինչը նրանք իրականացնում են։ Մյուս բոլոր հարցերում փորձում են հնարավորինս զերծ մնալ միջամտելուց  և իրենց կողմից նվազագույն ջանքերով և նվազագույն կորուստների գնոցվերկու կողմերին քիչ, թե շատ բավարարող ինչ-որ տարբերակներ գտնել։ Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելություն տեղակայելու Հայաստանի և Արցախի կոչերին, ապա դա հնարավոր է, եթե ժամանակի ընթացքում Ռուսաստանը միանա այդ կոչերին։ Իսկ Ռուսաստանը, օրինակ, կմիանա այն դեպքում, եթե Ադրբեջանը 5 տարվա ժամկետը լրանալուց հետո չհամաձայնի ռուսական խաղաղապահների ներկայության երկարաձգմանը։ Դա կարող է Ռուսաստանի համար շանտաժի գործիք լինել Ադրբեջանի նկատմամբ»։

Շուշի-Լիսագոր հատվածում տեղի ունեցածը պատգամավոր Գեղամ Մանուկյանին հիմք է տալիս պնդելու, որ «խաղաղության պայմանագրին» առնչվող լավատեսական տրամադրություններն անհիմն են։

«Սա տեղավորվում է Ադրբեջանի ֆաշիստական, այլատյաց քաղաքականության մեջ։ Ադրբեջանն ամեն օր ավելի սանաձարձակ է դառնալու, քանի դեռ  համապատասխան հակազդեցություն չի ստացել։ Ռուս խաղաղապահներն ունեն կարևոր պարտականություններ, որոնց նաև թերի կատարումն է  հանգեցնում սրան։ Բայց շատ կարևոր է, որ ամեն քայլը հաշվարկված լինի։ Նայեք՝ այս օրերին թափուր է հայ-ռուսական համատեղ հրամանատարի պաշտոնը։ Վերջերս պաշտոնզրկվել է Տիգրան Փարվանյանը, բայց նոր նշնակում դեռ չկա»։

Ուշագրավ է, որ շարունակվող ագրեսիայի պայմաններում Ադրբեջանը նորից պնդում է իր առաջարկը և Ստեփանակերտի ներկյացուցիչներին ապրիլի սկզբին Բաքու է հրավիրում, քննարկելու, իրենց ձևակերպմամբ, «ինտեգրացիոն» հարցերը։ Սա այն դեպքում, երբ մարտի 13-ին նույն հրավերին ի պատասխան Ստեփանակերտից պատասխանել էին, որ ադրբեջանական կողմի հետ պատրաստ են հանդիպել հումանիտար խնդիրների քննարկման համար։

Back to top button