ԿարևորՄշակույթ

Տանիքը, ջահելներն ու հետ պտտված ժապավենը․ ներկայացում 3 արարով

Հարգելի՛ ունկընդիրներ, խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը։ Ներկայացումը սկսվում է։ Հեռախոսներն անջատել պետք չէ։

Սկզբում ամեն ինչ պարզ էր․ թատրոնը կամ ողբերգություն էր, կամ կատակերգություն։ Դերասանները բացառապես տղամարդիկ էին, որոնց խաղը կանանց աչքերի համար չէր։ Սա՝ Անտիկ շրջանում։ Հետո եկավ միջնադար, վերածնունդ, և տեղի ունեցավ կարևոր փոփոխությունը․ թատրոնը փոփոխությունների պատրաստ դարձավ։ Այսօր պայքարում է՝ իր պատկերացրած փոփոխություններով գոյության համար։

  • 6 հարկ արագ սննդի կետի ու թատրոնի մեջտեղում գործողություն համար 1

Շենք մտնելիս աջ կողմում՝ սուպերմարկետ, ձախում՝ արագ սննդի կետ կտեսնեք։ Եթե, իհարկե, ձեր բախտը բերի ու մարդիկ այնքան շատ չլինեն, որ որևէ բան տեսնել չկարողանաք։ Եթե աղմուկը, շաուրմաների ու կարկանդակների բույրը հաղթահարելով մոտենաք կենտրոնին՝ աղջիկները ձեզնից տոմս կխնդրեն ու խումբ-խումբ կուղեկցեն վերելակի մոտ։ «6 հարկ» ժամանակը ձեզ լրիվ այլ իրականություն կտեղափոխի:

Հսկայական սենյակը մեկ պատ ունի, մյուս երեքը ապակիներ են՝ տանիքը ներսի ու դրսի բաժանելու համար։ Ձեզ գինի, կենդանի կատարմամբ ջազ կմատուցեն։ Կես ժամ անց, երբ 100-ից ավելի մարդիկ 6 հարկ ներքևում տեսածը մոռացած ու իրար ընտելացած կլինեն, ներկայացումը կմեկնարկի։

Ներկայացումը տեղում կդիտեք․ մենք ձեզ միայն թատրոնի մասին կպատմենք։ «Թատրոն տանիքում»-ի տնօրեն Շողեր Խաչատրյան․

«Թատրոնի հիմնադիրը Մխիթար Դանիելյանն է, «Թատրոն տանիքում»-ը ծնվել է սովորական ներկայացումից։ Մխիթարն իր ավարտական աշխատանքն արել է տանիքում, հետո միտք ծագեց, որ եթե մարդկանց դուր է գալիս, ու հատկապես մեզ դուր է գալիս այդ ֆորմատով հանդես գալը, ու այլընտանքային ձևաչափ ստեղծելը, ինչու՞ չանենք մենք, գուցե մեզ մոտ ստացվի։ Առաջին փորձը եղել է 2016 թվականին՝ որպես ուսանողական ներկայացում, հետո ամեն տարի եղել է 1-2 ամիս, սկզբից միայն ամռան ամիսներին (ինչքան եղանակը թույլ է տվել)։ Այս տարի գործել ենք ամբողջ տարին»։

Շողերն ասում է՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես շրջապատի 80 տոկոսն իրենց թերահավատորեն է վերաբերվել, իրենք հավատացել են ու ստիպել հավատալ։

«Հայաստանում մարդիկ ամեն ինչ պատկերացնում էին, որ կարող էր ստեղծվել՝ հացի փուռ, խմորեղենի խանութ, սուպրեմարկետ․․․ Ամեն ինչ կարող է մեր մտածողության մեջ մեր երկրում լինել, բայց թատրոն ստեղծելը մեր օրերում մի տեսակ հեքիաթի նման մի բան է, որին քիչ մարդիկ էին էդ ժամանակ հավատում»։

Խումբը տանիքից տանիք է գնացել։ Հալաբյանի այս շենքը նրանց 4-րդ «բեմն է»։ Դրանից առաջ Ամիրյան, Բաղրամյան, Մազմանյան փողոցների տանիքներում են եղել։

«Իհարկե, ամեն տարի նոր տանիք տեղափոխվելը իր հետ մեծ դժվարություններ էր բերում, երբ գալիս, ասում էին՝ գիտե՞ք, դուք էլ չեք կարող էս տանիքում խաղալ ինչ–ինչ պատճառներով։ Դե ի՞նչ կարող էինք անել։ Ասում էինք՝ դե լավ, եթե էս տանիքում չեղավ, մյուսում կստացվի։ Ու ամեն տարի նոր տարիք փոխելով, հենց էդ մտքով առաջնորդվելով էլ ավելի լավ տանիք ենք գտնում»։

  • Ձեռք ձեռքի՝ մինչև ներկայացման ավարտ գործողություն համար 2

Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում «Որբանոց»-ն են բեմադրել։ Սա 7 ընկերոջ պատմություն է, որոնք չնայած բոլոր դժվարություններին՝ բաց չեն թողնում պինդ բռնած ձեռքերը ու շարժվում են առաջ։ Բեմադրող ուսանողները ևս ստիպված են եղել ամուր ձեռք ձեռքի տալ։ Դժվարություն կար․ ներկայացմանը դեմ էին։ Ուսանող Վարդ Կիրակոսյանն է ներկայացնում։

«Եթե մենք մանր հարցերից, որն, ի դեպ, մեզ համար մանր չէր, որովհետև մենք դրա վրա աշխատել ենք 1 տարի, մենք ծախսել ենք ցանկացած ռեսուրս, որը կարող է ձեր մտքով անցնել՝ և՛ նյութական, և՛ հոգեկան, և՛ էներգիայով, մենք ամեն ինչ տվել ենք էս ներկայացմանը։ Մենք այստեղ մտնում էինք առավոտ 9-ից ու դուրս էինք գալիս չգիտեմ երբ՝ մեր 78 տարեկան վարպետի հսկողությամբ։ Եթե մենք ուրիշների համար մանր հարցերի վրա աչք փակենք, հետո ավելի լուրջ հարցերի առաջ գլուխ ենք կախելու»։

Ինստիտուտի ղեկավարությանն այս ներկայացումը դուր չի եկել։ Պատճառը այնտեղ հնչող հայհոյանքն է, որը ուսանողները «գրական բառ» են որակում։ Դասադուլ, երկար քննարկումներ և արդյունքում՝ կոմպրոմիս․ ներկայացումը նորից կցուցադրվի, այա անգամ՝ փոփոխված տեսարանով։

«Ինչ–որ բանի շուրջ համաձայնության եկանք, մենք ներկայացումը (ի դեպ՝ ձեզ հրավիրում ենք), խաղալու ենք ապրիլի 17-ին մեր ուսանողական թատրոնում։ Փոփոխված տեսարանով։ Եթե մեզանից կախված է մի փոքր բան, միջին բան, մեծ բան, որը մենք կարող ենք, միշտ անելու ենք, անկախ նրանցի՝ էս ինստիտուտում էդ ընթացքում սկովորենք, թե չէ։ Որովհետև էստեղ մեր վարպետն է աշխատում, որը մեզ համար ամեն ինչ է անում, մեզ տանում է էն կետին, որի համար մենք մտել ենք էս շենք»։

  • Թատրոն՝ առանց բեմի ու կուլիսի․ գործողություն համար 3

Եթե գնանք արխիվ, վերցնենք ժապավեն, որն այնքան հին է, որ թվում է՝ էլ ոչ մի սարք նրա լեզուն չի հասկանա, տանք մասնագետին ու խնդրենք թվայնացնել, մեր ականջում շեդևր կհնչի։ Ձայնը կբարկանա, կծիծաղի, կցավի, կերջանականա, կապրի ամբողջ մի դրամա կամ կատագերկություն, դա էլ հերիք չէ՝ մեզ նույնը ապրել կստիպի։ Սա է ռադիոթատրոնի հմայքը։

«Մեր նախագահին փոխեք». ռադիոներկայացում

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է։ Դուք բեմ եք բարձրանում, կուլիսի հոտը զգում եք, դահլիճի հոտը զգում եք, ամեն օր խաղում եք մի բան, ամեն օր հարստացնում եք ձեր դերը և իմպրովիզներ եք անում, կենդանի շփվում եք, շունչը զգում եք դահլիճի և հանդիսատեսի։ Ռադիոթատրոնը պատրաստում ենք շատ կարճ ժամանակահատվածում։ Մտնում ենք ստուդիա և ձայնագրվում ենք; Հետո, եթե մի բան այնպես չի, ռեժիսորը քեզ կընդհատի, ոնց որ կինոն, դուբլ կլինի, ավելի լավ օրինակ կանեք»,- դերասան Մայրանուշ Գրիգորյանն է պատմում։

Մի քանի տասնամյակ առաջ ռադիոթատրոնի ոսկե դարն էր։ Հիմա այդ ժամանակների հիշողությունը կարելի է Հանրային ռադիոյի «Ոսկե ֆոնդում» գտնել։ Բայց այս ժանրն այսօր էլ պայքարում է, որ թատրոնը ոչ միայն բեմում՝ աչքով, այլ նաև մեր ուղեղում՝ ձայնով ուղղորդվող երևակայությամբ տեսնենք։

«Վերջին երեք տարին՝ ընդմիջումից հետո, մենք մի քանի շատ լավ գործեր արեցինք, ռադիոպիեսի վերածեցինք և ձայնագրեցինք․․․»։

***

Հարգելի՛ ունկընդիրներ, եթե նույնիսկ չզբաղեցնեք ձեր տեղերը թատրոն, ռադիոթատրոն, ցանկացած ֆորմատի ներկայացում դիտել-լսելու համար, այն, միևնույն է, սկսվելու է։ Ամեն անգամ՝ ավելի տարբեր։

Back to top button