ԿարևորՀասարակություն

Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն․ Շուշիի 4 համայնքները՝ Ստեփանակերտից կտրված

Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն,Հին Շեն համայնքների ղեկավարները դեկտեմբերի 12–ից Արցախի իշխանությունների հետ կապի մեջ են միայն հեռախոսով։ Արցախի այս 4 գյուղերում իրավիճակը փոքր-ինչ այլ է՝ դեկտեմբերի 12-ից՝ Լաչինի միջանցքի փակվելուց հետո, ընդհատվել է կապը  այս  համայնքների և Ստեփանակերտի միջև։

Ադրբեջանական կողմի մարտի 25-ի դիրքային առաջխաղացումից հետո ամբողջությամբ փակվել է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որը երբեմն օգտագործվում էր հրատապ հաղորդակցության համար։          

Շուշիի շրջանի չորս համայնքների Լիսագոր, Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն գյուղերի կապը Արցախի մայրաքաղաքի հետ կտրված է 2022 թվականի դեկտեմբերի 12–ից։ Մեծ Շենի  գյուղապետ Դավիթ Դավիդյանն ասում է՝  վերջին անգամ Ստեփանակերտում 2022թ դեկտեմբերի 1-ին է եղել։

«Համայնքները երեք ամսից ավելի է, ինչ Ստեփանակերտի հետ ընդհանրապես կապ չունեն։ Եղել են, որ Կարմիր խաչով գնացել, եկել են, բայց այդ ճանապարհը սպասարկում է  ոչ թե բնակիչներին, այլ նրանց, ովքեր մնացել էին, և ովքեր սպասում էին, որ պետք է Ստեփանակերտից դուրս գային»։

Մարտի 25-ին  ադրբեջանական կողմի դիրքային առաջխաղացումից հետո ամբողջությամբ փակվել է Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը, որն, ըստ Արցախի, օգտագործվում էր Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական հրատապ հաղորդակցության համար։ Լիսագոր համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ մարտի 25-ից հետո, ըստ էության, իրենց կյանքում ոչինչ չի փոխվել։

«Ոնց որ նախկինում եղել է, այնպես էլ հիմա է։ Միայն դեպի Ստեփանակերտ շարժն է դադարել։ Ոչ գնում ենք, ոչ գալիս ենք։ Թե չէ սնունդը Գորիսից ենք բերում»։

Նաև այն պատճառով , որ 4 համայնքների կապը ոչ այնքան  Ստեփանակերտի, որքան Գորիսի հետ է, սննդի կտրոնային համակարգն այստեղ չի գործում։ Բայց էլեկտրաէներգիան ստանում են հովհարային անջատումներով, ինչպես Արցախի ողջ տարածքում։ Համայնքների ղեկավարներն ասում են, որ անհրաժեշտ ապրանքները Գորիսից են բերում։ Տրամադրություն չկա, բայց գյուղատնտեսական  աշխատանքները սկսվել են՝ ասում են։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավիդյան

«Քանի որ բլոկադան մեզ վրա, ըստ էության, չի ազդել, նորմալ աշխատում ենք՝ կտրված մեր իշխանություններից, ավտոնոմ ռեժիմով մենք մեզ պահում ենք։ Հեռախոսով կապը կա, բայց ընենց կապ չկա»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար  ապատեղեկատվություն է  տարածում,  թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից էլ  ի պատասխան  հայտնում են, որ իրականում խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև:

Ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթը՝ ամրագրված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանների վրա և առաջացած լրացուցիչ անվտանգային ռիսկերը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը:

Ավելի քան 100-օրյա շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը մարտի 21-ի կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։  Հունվարի 9-ից վնասված է  Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Ադրբեջանը թույլ չի տալիս , որ հայ մասնագետները վերանորոգեն այն։

Շրջափակման հետևանքով իր տուն չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 արցախցի, ներառյալ՝ 570 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղով ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժը նվազել է շուրջ 178 անգամով,  եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ։ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման հետևանքով  շրջափակման մեկնարկից առայսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը նախնական հաշվարկներով կորցրել է շուրջ 9,800 մարդ, որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։ 

Back to top button