Վերնատուն

Ինքս ինձ զինվոր եմ համարում հայ բեմում․ Կարինե Ջանջուղազյան․ «Վերնատուն»

Ի՜նչ հրաշալի է կյանքը, երբ հանդիսատեսը տաղանդավոր է․ ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանն Էդիտ Պիաֆին է ցիտում։ Թատրոնի օրվա առթիվ նա թատրոնի մարդկանց բարձր աշխատավարձ և տաղանդավոր հանդիսատես է մաղթում։

Համազգային թատրոնում բեմադրված իր վերջին երկու ներկայացումները՝ «Ճնճղուկ Էդիթը» և «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր», նա շրջադարձային և կարևոր է համարում։

Դերասանուհին ասում է, որ թատրոնը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է կատարել իր մշտական՝ մարդ դաստիարակելու և կրթելու գործառույթը։

«Ինչպես ասում էր Սոս Սարգսյանը, մարդն ուզեց ճանաչել ինքն իրեն և ստեղծեց թատրոնը, թատրոնի գործառույթն ու անելիքը մարդուն ինքնաճանաչողության, ապաշխարության, քաղաքացիական գիտակցության բերելն է։ Ես ինքս ինձ զինվոր եմ համարում հայ բեմում, դա ոչ պակաս առաքելություն և ոչ պակաս գործ է։ Շատ մեծ դժվարությունների միջով է անցնում հայ թատրոնը, շատերը չդիմացան և հեռացան, ես ինձ համարում եմ թատրոնի նվիրյալներից մեկը։ Մինչ օրս, երբեմն վիրավորվելով, ինձ «մարտիրոս» եմ զգում իմ նվիրումի մեջ, բայց մենք մեր գործն անում ենք ամենայն նվիրումով», – ասում է դերասանուհին։

Վստահ է, որ մշակույթը մեր երկրորդ բանակն է, հատկապես՝ թատրոնը։ Ասում է՝ այսօր մեր երկիրը տարբեր ոլորտներում մեր սխալների պտուղներն ենք քաղում, բայց նաև վստահ է, որ պետք է ուժեղանանք և մեր խնդիրները ինքներս լուծենք ու չսպասենք, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն։ Դերասանուհին անհանգստացած է հայ թատրոնի ճակատագրով, մասնավորապես «Գոյ» թատրոնի։

Ասում է՝ երբեմնի «Գոյ» թատրոնի հիմնադիրներից է եղել ու հիշում․ ««Գոյ» թատրոնը մեր երազանքի թատրոնն էր՝ ստեղծված մի խումբ ռոմանտիկների ու խենթերի կողմից, որոնք պատրաստ էին մեր երկիրը հասցնել միջազգային մակարդակի։ Մենք ուզում էինք ստեղծել մի թատրոն, որը խոսուն լինի»։

Խոսելով իր կերպարների մասին՝ Կարինե Ջանջուղազյանը նշում է․ «Իմ բոլոր կերպարներն ինձ համար ապաշխարելու միջոց են ու ինձ հարազատ էդիթ Պիաֆի կերպարը՝ իր կյանքի օրինակով, ոգու տոկունությամբ․․․ես կուզեի իր կերպարով վարակել այսօր հանդիսատեսին»։ Համազգային թատրոնի բեմում «Ճնճղուկ էդիթը» ներկայացումը տեղի կունենա ապրիլի 21-ին։

Back to top button