

Սիսիանում համայնքի ավագանու 21 մանդատներից 13-ը, նախնական հաշվարկներով, կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ 3-ը՝ «Քաղաքացու որոշում»-ը։ Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սահմանված ժամկետում բողոք–դիմումներ, ինչպես նաև վերահաշվարկի դիմումներ չի ստացել։
Մարտի 26-ին Սիսիան համայնքում կայացած ավագանու ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝ «Քաղաքացու որոշում» -ից, ՀՀԿ-ից և «Քաղաքացիական պայմանագրից» նախնական տվյալներով հաղթել է կառավարող ուժը։ 22800 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11355 ընտրող , «Քաղաքացու որոշումը» ստացել է 1443 քվե, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2553, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7325։
41 ընտրատեղամասերից միայն երկուսում՝ Նորավան և Հացավան բնակավայրերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»։ Նորավանում 192 ընտրողից 101–ը քվեարկել է ՀՀԿ–ի, 76-ը՝ ՔՊ–ի, իսկ 15 քվե ստացել է «Քաղաքացու որոշումը։ Հացավանում քվեարկությանը մասնակցած 123 ընտրողից 85-ը ընտրել է ՀՀԿ–ն, 37–ը՝ ՔՊ-նն, իսկ ՔՈ–ն ստացել է 1 ձայն։ Հացավանը Հանրապետականի ընտրացուցակը գլխավորած Ջիվան Մարգարյանի հայրենի գյուղն է, թեկնածուի հետ խոսել, սակայն, մեզ չհաջողվեց։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քվեարկությունից մեկ օր առաջ դիմել էր վարչական դատարան՝ ընտրախախտումների պատճառով կառավարող ուժի ընտրացուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով, սակայն դատարանը մերժել էր հայցը։ Ընտրացուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ անկախ արդյունքներից՝ վարչական դատարանի որոշումը վիճարկելու են։ Արդյո՞ք վերցնելու են ստացած մանդատները։
«Մանդատները անպայման պահելու ենք, մենք համայնքի ձախողման չենք ուզում գնալ։ Բայց ընտրարշավի ժամանակ կոչ ենք արել բոլոր ընտրախախտ ուժերին գալ մրցակցային արդար դաշտ, որը սակայն չի իրականացվել»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն ասում է՝ չէին կասկածում իրենց հաղթանակին։ Ինչ վերաբերում է ընտրախախտումներին՝ ապա Հակոբջանյանը դրանց մասին պնդումները հիմնավոր չի համարում։ Անդրադառնում է, օրինակ, ընտրատեղամասերից մեկի դիմաց երկար կանգնած լինելու մեղադրանքին։
«Եթե ես իրավունք չունեմ մեր բակում կանգնելու, ապա դա այլ հարց է։ Ես կանգնել եմ ամենաքիչը 80 մետրի վրա, իսկ օրենքում ամրագրված է, որ թեկնածուները պիտի ընտրատեղամասից հեռու լինեն 50 կմ շառավղով»։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն ասում է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, չնայած մեծամասնություն կազմելուն, կողմ է համագործակցությանը։
«Կարծում եմ բոլորը պատրաստ են իրենց համայնքի համար մի բան անել։ Միանշանակ կլսենք բոլոր ուժերին, կքննարկենք ու անպայման կհամագործակցենք»։
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ հանձնաժողովը սահմանված ժամկետում ընտրախախտումների մասին ոչ մի դիմում-բողոք չի ստացել։ Վերահաշվարկի դիմումներ էլ չկան, բայց «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝
«Սեփական նախաձեռնությամբ երեք տեղամասում վերահաշվարկ ենք անելու։ Տեղամասերն էլ կընտրվեն վիճակահանությամբ և ըստ օրենքի՝ կիրականացնենք վերահաշվարկ»։
Սիսիան համայնքի ավագանին ունի 21 անդամ։ Նախնական հաշվարկով 13 մանդատ կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իսկ 3 մանդատ բաժին կընկնի «Քաղաքացու որոշում» կուսակցությանը։