ԿարևորՀասարակություն

«Լաւագոյն գրաբարագէտ» ողիմպիադ․ գրաբարը՝ հոգևոր անվտանգության երաշխիք

ԵՊՀ-ում արդեն մի քանի տարի կազմակերպվում է գրաբարի համալսարանական օլիմպիադա, որն այս տարի վերածվել է հանրապետականի։ Համալսարանին են միացել «Դասական դպրոց» կրթական հիմնադրամը և «Ինստիգեյթ» ընկերությունը։ Օլիմպիադան գրաբարի հանրահռչակմանն ուղղված քայլ է, որը հեռահար նպատակ ունի գրաբարն իբրև առարկա ներառել դպրոցական ծրագրում։ Կազմակերպիչներն ասում են՝ դասական լեզվին վերադառնալուն ուղղված քայլերով հոգևոր անվտանգության խնդիր է լուծվում, ավելին՝ դա հնարավորություն է տալու բոլոր սերունդների հայերին միավորվել ժամանակի մեջ։

«Արգիշտի եմ։ Ուսանիմ ի դպրոցին Վազգենեան։ Ուսանիմ զլեզու նախնեաց  մերոց ամս վեցս։ Խորամուխ իցեմ յայսմ լեզուի, զի կամիմ լինել պաշտաւնեայ Աստուծոյ։ Եկեալ է իմ այսր առ ի փորձել զկարս իմ եւ ուսանել նոր ինչ»։

Արգիշտին է, սովորում է Վազգենյան դպրոցում։ Ասում է՝ սովորում է մեր նախնիների լեզուն արդեն վեց տարի։ Ուսումնասիրում է  գրաբարը, քանի որ ցանկանում է դառնալ Աստծո պաշտոնյա՝ հոգևորական։ Այստեղ է եկել, որ փորձի իր կարողությունները և որևէ նոր բան սովորի։

Արգիշտին

Արգիշտին «Լավագույն գրաբարագէտ» մրցույթի մասնակիցներից է։ Մրցույթն արդեն մի քանի տարի կազմակերպում են ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը և ՈւԳԸ-ն։ Արգիշտին գրաբարի ուսումնասիրությունը սկսել է Հառիճավանքում, այժմ շարունակում է Գևորգյան ճեմարանում։ Ասում է՝ այն անհրաժեշտ է աղոթքները հասկանալու և դրանցից ստացած զորությունը ժողովրդին փոխանցելու համար․

«Այսպիսի մի խորհրդազգացական բան ասեմ․ լեզուն, որով խոսում ես, ազդում է քո հոգեբանության վրա, կարծեմ դա գիտականորեն ապացուցված է։ Այսօրվա լեզուն՝ աշխարաբարը, ճիշտ հասկանալու, ճիշտ գործածելու համար ինչ-որ չափով գրաբարի իմացությունը պարտադիր է»:,

Եթե Արգիշտիի պարագայում  գրաբարը մասնագիտական առարկաներից է, ապա ԵՊԲՀ  Հերացի ավագ դպրոցի աշակերտ Դանիել Մելքումյանի գրաբարյան ճամփորդությունը սկսվել է պատահաբար, երբ մի օր պապիկի իրերի մեջ գրաբարով մասնագիտական գրականություն գտավ։ Չհասկանալով դրա բովանդակությունը՝ որոշեց սովորել առեղծվածային լեզուն։ Արդեն մեկ տարի ինքնուս գրաբարագետ է։

«Հեռու մի դարակում պապիկիս գրքերն էին, որոնց ոչ ոք ձեռք չէր տալիս։ Երբ որոշեցի բացել դրանք և տեսնել՝ ինչ գրքեր կան և մաթեմատիկայի գրքերի մոտ կար նաև գրաբարի գիրք։ Ես շատ զարմացա, որ պապս տիրապետել է գրաբարի։ Սկսեցի կարդալ դրանք։ Իրականում շատ անգամ եմ կարդացել դրանք, որ հասկանամ։ Դա գրված չէր լեզուն նոր սովորողի համար, այլ արդեն լեզվին տիրապետողի համար էր ստեղծված, որ խորը ուսումնասիրի»։

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները երկու անվանակարգերում են մրցում․ աշխարհաբարից գրաբար փոխադրություն և շարադրություն։ Մրցույթին մասնակցում է 37 մարդ, նրանցից երկուսը՝ տեսակապով Արցախից։ Այս տարի փոխվել է մրցույթի ձևաչափը։ Այն համալսարանականից վերածվել է հանրապետական օլիմպիադայի։ Համալսարանին է միացել «Դասական դպրոց» կրթական հիմնադրամը։ Հաղթողներին դրամական պարգև է սպասվում։  «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Մանե Ղևոնդյան։

«Խնդիրն այն է, որ տարբեր ոլորտներում ահռելի ժառանգություն ունենք, բայց ուսումնասիրողները քիչ են և պատճառներից մեկը գրաբարին չտիրապետելն է։ Ձևավորելով կադրերի «զորք», որոշակի քանակ՝ կարող ենք մեզ թույլ տալ այդ երազանքը, որ հայ ինքնության հետ կապված կարևորագույն թեմաներ ուսումնասիրվեն»։

Օլիմպիադայի հովանավորներից է «Ինստիգեյթ»-ը։ Ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը նկատում է՝ եթե պետական լեզուն միավորում է ազգին տարածության մեջ, ապա դասական լեզուն կամուրջ է դառնում ժամանակի մեջ։ Պետական լեզուն օգնում է, որ օրինակ գյումրեցին  հասկանա հադրութցուն, իսկ դասական լեզուն, որ 21-րդ դարի հայը հասկանա 5-րդ դարի հային։

«Գրաբարը հարամնա գանձ է, ինքը ոչ թե անցյալին, այլ ապագային նայող գանձ է։ Ռազմավարական զենք է, որ պետք է օգտագործել, իրեն չօգտագործելը հավասարազոր է ինքնասպանության։ Ամենահաճախ հանդիպող թթված դեմքերով և թերհավատ մարդիկ, որ ասում են՝ ինչ եք կորցրել ինչ եք ման գալիս։ Ոնց եք դա պատկերացնում լինի, իրենց մի բան հաշվի չեն առնում, իրենց արշինով են մեզ չափում, մենք 300 տարվա նախագիծ ենք անում։ Երբ այս նախագիծն ավարտվի մենք բոլորս չենք լինելու»։

Պողոսյանի խոսքով՝ սա անձանց գործ չի, լուծումները ստեղծվում են գործընթացների  միջոցով։  Հիշեցնում է՝ 1700-ականներին Հնդկաստանում՝ Մադրասի խմբակը, իսկ Իտալիայում Մխիթարյանները իրենց աշխատանքով դարավոր ստրկությունից զարթնելու գործընթացի հիմքն են դրել, որը 300 տարի հետո պտուղներ է տվել՝ առաջին հանրապետության տեսքով։

Գրաբարը մեր պաշտպանության կարիքը չունի , հանկարծ թող ինչ–որ մեկին չթվա, որ մենք պաշտպանում ենք գրաբարը։ Մենք գրաբարի պաշտպանության կարիքը ունենք։ Երբ որ հայ ժողովուրդը չլինի, բոլոր աշխարհի բուհերում շարունակելու են գրաբար ուսումնասիրել, հայ ժողովրդի չլինելը ոչ մեկին չի հետաքրքրելու , բայց գրաբարը շարունակելու են ուսումնասիրել»։

Վահագն Պողոսյանը 40 տարեկանում 300 ժամ ծախսելով բարձրաձայն կարդալու վրա այժմ տիրապետում է լեզվին։ Ասում է՝ վերջերս գրաբարով «Իրական դպրոցի» ուսուցչի ձեռնարկի առաջին տարբերակն է գրել։ 7 էջում մոտ 10 սխալ է թույլ տվել։ Նախատեսում են առաջիկայում«Մխիթարյան նախակրթարան» ստեղծել, որտեղ գրաբար կուսուցանեն երեխաներին։ 

«Սա անցյալի կարոտախտից բխող գործունեություն չի, այլ՝ ապագայի սիրուց։ Մենք սիրում ենք ոչ թե 5-րդ դարի հայերին, այլ սիրում ենք 5 դար հետո ապրող հային, որը գրաբարով է մտածելու, գրելու և խոսելու։ Այս գործունեությունը դրանից է սնվում»։

Աննա Աբաջյանը

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանի խոսքով՝ գրաբարին տիրապետող մարդու անգամ բնութագիրն է տարբեր։ 

«Գրաբար սովորող աշակերտը կամ ուսանողը փոխվում է իր արժեհամակարգով, իր մտածողությամբ, նրա խոսույթն է փոխվում։ Ենթադրենք մեկը սկսում է գրաբար պարապել, կամ ինքնուս է նա երբեք փողոցային ժարգոնով չի խոսի։ Նրա կերպարն է խոսում»։

ԵՊՀ Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ընդգծում է գրաբարի դերը հոգևոր անվտանգության առումով։

«Որքան մենք մեր անցյալից հրաժարվում ենք, ուրանում ենք, այդքան ճակատագիրը մեզ պատժում է։ Որքան հեռացանք մեր ինքնության արմատներից այդքան վտանգավոր ցնցումների շեմին հայտնվեց ՀՀ-ն։ Այս քայլերը բերում են առաջինը հոգևոր անվտանգություն, իսկ հոգևոր անվտանգությունից մինչև պետական ընդամենը մեկ քայլ է»։

Կազմակերպիչների խոսքով՝ սա հանրահռչակման առաջին քայլերից է, որով փորձում են հուշել՝ առանց գրաբարի չի կարող լավ մասնագետ կայանալ։ Հեռահար նպատակը գրաբարը դպրոցական առարկաների շարքում ներառելն է։

Back to top button