

Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Թուրքիային:
Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:
Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդյունքում, Պետրակովը նախ հարկադրված փոփոխություն կատարեց, ապա հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք ստացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:
Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:
Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի միանգամից երեք ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը և «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն իրենց նորամուտը նշեցին ազգային թիմի կազմում:
Երկրորդ կեսում արդեն հյուրերը ևս մեկ գոլ խփեցին ու հաղթանակ տարան: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Բաց թողած գոլից առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մի քանի իրական գոլային հնարավորություն ունեին, սակայն ձեռքից բաց թողեցին:
Մարզադաշտում հավաքված հազարավոր երկրպագուները գեղեցիկ պերֆորմանս էին կազմակերպել: Հանդիպման ամբողջ ընթացքում երկրպագուներն ուղղակի ֆանտաստիկ աջակցություն ցուցաբերեցին Հայաստանի հավաքականին:
Աղբյուր՝ armsport.am