ԿարևորՀասարակություն

Երևանում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նորերով

Երևանի փողոցներում տնկված ծառերը 70-100 տարեկան են: Դրանց մի մասն այսօր ունեն տարբեր հիվանդություններ: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու համար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով: 

«Ծառերի շիվեր, որ տեղադրվել են Երևանում, բացառելու ենք, այլևս տեղադրում ենք 10 և ավելի տարեկան գեղազարդ ծառեր: 90 տոկոսը Երևանում լավ զգացող ծառերի ավելի գեղատեսիլ տեսակներ են: Քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 2000-ից ավելի 10 տարեկան խիստ արժեքավոր և գեղատեսիլ ծառատեսակ»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը: 

Առաջին հասցեն Կասկադն է: Մինչ այդ վնասված ծառերը հատվում են, հատուկ սարքավորմամբ հանվում կոճղերն ու մաքրվում բնաբաժակները: Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Աշխատանքների ընթացքում կհամալրվեն նաև ծառուղիների բաց հատվածները: Կենտրոնում Օպերայի շրջակա տարածքն է՝ Մաշտոցի պողոտայից Բաղրամյան պողոտայի միջև ընկած հատվածը՝ Մոսկովյան փողոցը, Սայաթ-Նովա պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան խաչմերուկ: Գործընթացն ընդգրկելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հատվածները:

«Ծառերի հեռացումից անմիջապես հետո տնկվելու են պատրաստի ծառերն՝ իրենց ամրաններով: Նույնիսկ վնասատուներից զերծ պահելու համար հատուկ ցանցեր են լինելու»,-ասում է Արմեն Բեգոյանը:
Կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը կարևոր է ոչ միայն բնապահպանական, այլև առողջապահական առումով՝ ավելացնելու կանաչ տարածքներն ու կանաչ ֆոնդը:

Back to top button