ԿարևորՍպորտ

Այս խաղում ավելի շատ ֆուտբո՞լ կա, թե՞ դիվանագիտություն

Դիտողը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլային, թե դիվանագիտական խաղ կտեսնի՝ կախված է ճաշակից։ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը մարդկանց հետաքրքրությունը շարժում է ոչ այնքան «Ո՞վ է լինելու մրցավարը», «Ընտրակա՞ն խաղ է, թե՞ ընկերական», որքան «Այս խաղում ավելի շատ ֆուտբո՞լ կա, թե՞ դիվանագիտություն» հարցով։

Ֆուտբոլը՝ դիվանագիտություն

«Քանի որ հարցը Թուրքիայի մասին է, ես կարծում եմ՝ աշխարհում չկա գեթ մեկ հայ, որը (ավելի շատ, քան մյուս դեպքերում է) չուզի, որ մեր հավաքականը առնվազն չպարտվի»։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը խաղը սպորտային հետաքրքրությունը բավարարելու նպատակով է դիտելու, բայց նշում է՝ քաղաքական ընկալումներն անխուսափելի են։ Հատկապես, որ նախորդիվ հայկական ֆուտբոլը «դիվանագիտական» որակում ստանալու փորձ ունեցել է։

2008 թ հունիս 23․ Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը:

«Ցավոք, այդ խաղն ավելի շատ քաղաքական խաղ դարձավ, քաղաքականացվեց ու տղաների վրա հսկայական հոգեբանական ճնշում կար։ Դա տեսանելի և հասկանալի էր նաև հետո, երբ ես առանձնազրույցներ ունեցա այդ խաղին մասնակցած տղաների հետ»,- պատմում է Եգանյանը։

2008թ. սեպտեմբերի 6, կեսօր․ Աբդուլլահ Գյուլը ժամանեց Երևան։ Այցը տևեց 6-7 ժամ: Ֆուտբոլային խաղն ավարտվեց Թուրքիայի հաղթանակով՝ 2-0:

2009թ. հոկտեմբերի 14, երեկոՍերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ Թուրքիա-Հայաստան խաղը դիտելու։ Հայաստանի հավաքականը կրկին պարտվեց կրկին 2-0 հաշվով։

«Հիմա վիճակը մի փոքր ավելի թեթև է, հիմա մեր հավաքականում կան խաղացողներ, որոնք էթնիկ հայեր չեն, կամ որոնք միայն հիմա են եկել Հայաստան, ֆուտբոլային իմաստով են միայն կապված Հայաստանի հետ, նոր-նոր են սկսում ճանաչել իրենց պատմական հայրենիքը։ Կարծում եմ՝ նրանց մոտ այդ հոգեբանական պահերը ավելի թույլ արտահայտված կլինեն և դա նրանց կօգնի ավելի լավ ֆուտբոլ խաղալ»։

Պատրաստվել խաղին, չկարդալ մամուլ

Գևորգ Կասպարովը 2008-ի սեպտեմբերի 6-ին պահեստային դարպասապահի աթոռին էր։ Սպասում էր։ Ամեն հաջորդ վայրկյանին գուցե պետք լիներ դաշտ դուրս գալ։ Սովորական պատասխանատվությանն ավելացել էր հասարակական սպասելիքը։ Տպավորություն էր, թե պատմական անարդարությունը վերականգնելու ողջ պատասխանատվությունը դաշտի 11 մարզիկներինն է։

«Սպորտային տեսանկյունից կապ չունի՝ մրցակիցդ Թուրքիան կլինի, թե, ասենք, Լեհաստանը։ Բայց շատ է քաղաքական երանգներ տված, մամուլն է գրում, լրագրողներն են հարցնում։ Ճնշում է լինում ֆուտբոլիստների վրա։ Նրանք էլ հասկանում են՝ ինչ խաղ է»։

Կասպարովը առաջիկա խաղի հետ մեծ հույսեր է կապում․ նոր մարզիչ է, երիտասարդ մարզիկներ։ Հուսով է, որ հաջող ընթացք են ունենալու։ 2008-ին լարվածությունն ավելի շատ էր․

Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը դիտում են ֆուտբոլային խաղը

«Կար այդ ճնշումը, որովհետև, հիշում եք, մեր երկրի ղեկավարը գնաց, իրենց երկրի ղեկավարը եկավ։ Ավելի շատ քաղաքական պահը կար։ Ամեն դեպքում ազդում է ֆուտբոլիստների վրա։ Նրանք պետք է ուղղակի նայեն որպես խաղ․․․ Բայց շատ կարևոր խաղ (ժպտում է)»։

Այս խաղում քաղաքական ուղիղ մասնակցություն չի լինելու․երկրների ղեկավարները խաղը մարզադաշտից չեն դիտի։ ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ հյուր երկրպագուները ևս հանդիպմանը ներկա չեն լինի։

Ֆուտբոլը՝ ֆուտբոլ

Ոչ թե դիվանագիտություն՝ սպորտային բաղադրիչով, այլ սպորտ՝ դիվանագիտական բաղադրիչով․ քաղաքագետ Հակոբ Բադալյանը հանդիպումն այս հայացքով է դիտելու․

«Անկասկած է, որ որևէ դեպքում չի ստացվի դիվանագիտական, քաղաքական բաղադրիչից ամբողջապես զերծ պահել, թեպետ զուտ մարզական տեսնակյունից, իհարկե, պետք է մասնակիցներին հնարավորինս հեռու պահել այդ բաղադրիչից։ Բայց նաև մենք տեսնում ենք, որ այդ դիվանագիտական բաղադրիչն էլ այս դեպքում՝ ի տարբերություն նախորդի, անմիջականորեն չի առնչվում ֆուտբոլային խաղին»։

Թեև և՛ 2008-ին, և՛ այսօր Հայաստան-Թուրքիա շփումն ընթանում է հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման ուղղությամբ, շատ բան տարբեր է՝ ասում է Հակոբ Բադալյանը։ Եզրահանգումը՝ ֆուտբոլը որպես ֆուտբոլ դիտեք։

Եվ այնուամենայնիվ՝

Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությանը Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց D խմբում․ մրցելու է Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ: Թուրքիայի հետ հանդիպումը ընտրական փուլի շրջանակում Հայաստանի առաջին խաղն է։ Հանդիպման գլխավոր մրցավարը լինելու է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից Խոսե Մարիա Սանչեսը։

Back to top button