ԿարևորՔաղաքական

ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին ապակայունացնում է տարածաշրջանը. իրանցի փորձագետ

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի Ցամաքային Զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը նախօրեին այցելել է Ադրբեջանի ու Հայաստանի հետ Իրանի սահմաններ, և ստուգել իրանական զորքի մարտական պատրաստությունը:

Իրանական որոշ աղբյուրներ այսօր արդեն տեղեկացնում են՝ Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Նախիջևանի սահմանի մոտ։ Հաղորդվում է, որ ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա և տանկ է տեղափոխվել տարածաշրջան։

Իրանի պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Փաքփուրի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային գոտի այցին անդրադառնալով՝ իրանական լրատվամիջոցները նշում են, որ բարձրաստիճան ռազմական գործիչը զրուցել է զինվորականների հետ, գնահատել նրանց մարտական ​​պատրաստվածության մակարդակն ու բարոյական տրամադրվածությունը։ Դիմելով զորքին՝ իրանցի բարձրաստիճան ռազմական գործիչը շեշտել է.

«Պաշտպանության անվտանգության հարցը չգիտի ցուրտ, շոգ, տոնական և աշխատանքային օրեր: Մենք պետք է լինենք հնարավորինս զգոն և պատրաստված։ Միշտ ուշադիր եղեք այս հարցերին»։

Այս այցին հաջորդել են իրանական մամուլի տեղեկություններն այն մասին, որ Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Նախիջևանի սահմանի մոտ։ Հաղորդվում է, որ ավելի քան 300 միավոր ռազմական տեխնիկա և տանկ է տեղափոխվել տարածաշրջան։

Վերջին օրերին իրանական տելեգրամյան ալիքները ակտիվորեն լուրեր էին շրջանառում՝ զինտեխնիկայի տեղաշարժերի, զորքը ռազմական բարձր պատրաստության բերելու վերաբերյալ։ Փորձագետները կարծում են, որ այդ ամենը կարող են լինել նախազգուշացում՝ Իրանի կարմիր գծերը հիշեցնելու միջոց:

Իրանագետ Փույա Հոսեյնին նկատում է, որ այս զարգացումները Իրանում տեղի են ունենում այն տեղեկությունների ֆոնին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի դիմել Հայաստանի նկատմամբ։ 

«Իրանը զորքերը բերել է 100 տոկոսանոց մարտական վիճակի։ Նման վիճակի մենք ականատես ենք եղել սեպտեմբերյան պատերազմի ժամանակ, երբ Իրանը զորավարժություներ անցկացրեց, տարբեր ռազմաքաղաքական ներկայացուցիչներ ուղարկեց Բաքու՝ զգուշացնելով հետևանքների մասին. եթե Ադրբեջանը փորձի «Զանգեզուրի միջանցք» բացել, ապա Իրանը դիմադրելու է, միջամտելու է և թույլ չի տալու միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության ենթարկել»։ 

Ըստ իրանցի փորձագետի՝ իրադարձությունները ստիպում են, որ Իրանը կրկին վերագնահատի իրավիճակը, զգալով վտանգները՝ կրկին հիշեցնի իր կարմիր գծերի մասին։

«Տարբեր խողովակներով մեսիջներ է ուղարկում պաշտոնական Բաքու, որ թույլ չի տալու նոր էսկալացիա թե՛ Ղարաբաղում, թե Հայաստանում՝ Սյունիքում «Զանգեզուրի միջանցքի» հարցով նորից քայլեր անեն, ռազմական բախումներ ստեղծեն»։

Այդ տեսանկյունից պետք է դիտարկել նաև Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Փաքփուրի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային գոտի վերջին այցը, որի ընթացքում հենց տեղում ծանոթացել է իրավիճակին և ստուգել զորքի պատրաստության աստիճանը՝ ասում է Փույա Հոսեյնին։

Հետաքրքրական է, որ գեներալ Փաքփուրի այցը սահման հաջորդեց այն բանին, որ ԱՄՆ պետդեպը նախատեսեց 2024թ. 700 հազար դոլարի ռազմակրթական ծրագրեր իրականացնել Ադրբեջանի հետ՝ հիմնավորելով, թե Ադրբեջանը Իրանի հետ հսկայական սահման ունի։ Իրանագետներն ակնհայտ են համարում, որ Ադրբեջանն, այո, զգում է Արևմուտքի աջակցությունը՝ հանձին ԱՄՆ-ի, այդ թվում՝ նաև ընդդեմ Իրանի քարոզչական դաշտում: Փորձագետների գնահատմամբ՝  ԱՄՆ-ն օգնում է Ադրբեջանին, որովհետև վերջինը դիտարկվում է հակաիրանական հարթակ բոլոր տեսակի գործողությունների համար: Բնականաբար, հաշվի է առնվում նաև Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը: Իրանագետները նկատում են, որ բոլորն ունեն շահեր՝ ընդդեմ Իրանի։ Իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին, սակայն, համոզված է՝ այդ օգնությունները ոչ մի լավ բանի չեն կարող բերել՝ բացի տարածաշրջանն ապակայունացնելուց և մեծ պատերազմի ռիսկը բարձրացնելուց։

«Ոչ մի արդարացում չունի այդ 700 հազար դոլարի օժանդակությունը Ադրբեջանին, որովհետև ԱՄՆ-ն լավ գիտի, թե այդ զորքի պատրաստումը, Ադրբեջանի զորքի ուժեղացումը, ինչ հետևանքների կբերի տարածաշրջանում։ Դա միայն Իրանի դեմ չէ, դա անկայունություն կբերի Անդրկովկասում։ Մենք ականատես ենք եղել. Արցախի 44-օրյա  պատերազմից առաջ և ընթացքում Թուրքիայի և Իսրայելի կողմից մեծ քանակի զենքի տրամադրումը Ադրբեջանին  խախտեց Անդրկովկասում ռազմական ուժի բալանսը ու պատերազմ սկսվեց»։

Հայ փորձագետները կարծում են, որ Հայաստանը պետք է աշխատի ոչ միայն ռազմական դաշտում, այլ նաև միջազգային հարթակներում, ձեռք բերի նոր գործընկերներ, ինչը չի ենթադրում հին գործընկերների մերժում։

Կարդացեք նաև
Close
Back to top button