ԿարևորՀասարակություն

Քննարկվել են անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հյուրընկալմամբ՝ տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայության պիլոտային ծրագրի մանրամասները։ Միջոցառմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների, ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները։

Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է անձնական օգնականի ծառայության ծրագրի իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է նմանօրինակ հանդիպումների անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն մանրամասն քննարկել նախատեսվող փոփոխությունները, այլև բարձրաձայնել առկա խնդիրներն ու հընթացս անհրաժեշտ լուծումներ տալ։

«Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը։ Պիլոտային ծրագիրը ևս հնարավորություն  կտա գույքագրել խնդիրները և 2024 թվականին ծրագրի ամբողջական մեկնարկն իրականացնել արդյունավետորեն»,- նշել է նախարարի տեղակալը։

ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի պետ Աննա Հակոբյանը ներկայացրել է անձնական օգնականի ծառայության ներդրման իրավական հիմքերը, շահառուների և տրամադրվող ծառայությունների շրջանակը, ծրագրի առավելությունները և այլն։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերն ու հանդես եկել առաջարկներով։  

Back to top button