Վերնատուն

Տասը տարի անց․ մեծ բեմերում ելույթ են ունենում «միրզոյանականները»․ «Վերնատուն»

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթն այս տարի տեղի կունենա 10-րդ անգամ։ Մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը խոսում է մրցույթի անցած ճանապարհի, նպատակների, ստեղծագործությունների ընտրության չափանիշների մասին։

«Տասը տարին քիչ ժամանակ չէ, հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք, տեսնում ենք, որ մեծ բեմերում ելույթ են ունենում հենց մեր միրզոյանականները։ Եվ սրանից կարող ենք եզրակացնել, որ մրցույթին մասնակից պատանիների վրա մրցույթը մեծ ազդեցություն է թողել», – ասում է մրցույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը։

Յուրաքանչյուր տարի այս մրցույթին մասնակցում է երկու տասնյակից ավելի երեխաներ։ Մասնակիցների կրտսեր խումբը մինչև 13 տարեկան է, իսկ ավագը՝ 14-18 տարեկան պատանիներ։

«Մրցույթը հիմնելիս ընդգծեցինք մի քանի կարևոր ռազմավարական ուղղություններ, դրանցից մեկը՝ աջակցությունն էր։Այս նախագիծը ոչ միայն միավորում է հանրապետության ստեղծագործ պատանիներին, այլև հնարավորություն է տալիս դրսևորվելու», – նշում է կոմպոզիտորը։

Էդմոնդ Մակարյանը կարևորում է փոքրուց երեխաներին բացվելու, նաև մշտապես ստեղծագործական պրոցեսի մեջ պահելու հնրարավորություններ ստեղծելն է։ Մրցույթը պարտավորեցնում է։ Ապագայում լավագույնը կլիներ մրցույթի սահմաններն ընդլայնելը, այն միջազգային դարձնելը, քանի որ աշխարհում պատանի կոմպոզիտորների մրցույթները շատ քիչ են։

«Մեր գլխավոր նպատակը մրցանակային իրադարձություն անելը չէ, այլ աջակցելն ու խրախուսելը։ Երեխան պիտի իմանա, որ 90 -ամյա կոմպոզիտորների միությունը, որն իր գործունեության ընթացքում մշտապես բարձր է պահել հայ երաժշտարվեստի նշաձողը, իր կողքին է և Միությունը նաև իր ապագա տունն է», – ասում է Էդմոնդ Մակարյանը։ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը տեղի կունենա մայիսի 10 -14-ը։

Back to top button