ԿարևորՀասարակություն

Վարդագույն ծառեր՝ վարդագույն մայրաքաղաքի համար․ քաղաքապետարանը որոշել է փոխել Երևանի ծառերը

Մայրաքաղաքում արդեն մի քանի օր ծառահատումներ են․ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ը բացատրում է, որ հատված ծառերի փոխարեն նորերն են տնկվում․ որոշել են քաղաքի  հին, կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը փոխարինել նորերով։ Հիշեցնում են նաև, որ ամեն տարի երևանյան ուժեղ քամիների ժամանակ ծառատապալման բազմաթիվ դեպքեր են լինում։ Մինչ քաղաքապետարանը հիմնավորումներ է ներկայացնում,  բազմաթիվ քաղաքացիներ, մասնագետներ ու ավագանու անդամներ ահազանգում են՝ փոխարինման համար ընտրված ծառերը հարմար չեն Երևանին։

Շուրջ 50 ծառ Կասկադում, 100 ծառ Հանրապետության հրապարակի շրջակայքում ու 60–նն էլ Սայաթ–Նովայի պողոտայում կհատվեն ու կփոխարինվեն նորերով։ Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել քաղաքի՝ կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերը։ «Ծառը ենթակա է հատման և փոխարինման» գրություններով մի քանի տասնյակ տարվա հացենիները ու թեղիներ մի քանի ժամում իրենց տեղը, բառի բուն իմաստով, զիջում են ավելի երիտասարդ ու, ինչպես քաղաքային իշխանություններն են ասում, ավելի գեղատեսիլ ծառատեսակներին։

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը բացատրում է՝ բնության մեջ ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, այս ծառերն իրենց կյանքն արդեն ապրել են։

«Քաղաքային պայմաններում յուրաքանչյուր ծառ, տարբեր հանգամանքներից ելնելով, ապրում է բնության մեջ ունեցած կյանքի կեսը։ Օրինակ՝ սոսի ծառատեսակը բնության մեջ ապրում է 1000 տարի, մենք հույս ունենք, որ քաղաքում դրանք գոնե 400-500 տարի կապրեն։ Թեղի ծառատեսակների կյանքը 100-120 տարի է, քաղաքում՝ 50-60։ Համեմատաբար ավագ սերնդի երևանցիները կփաստեն, որ հենց այսօր Մոսկովյանի վրա հեռացված ծառերը տնկվել են 1940-ականներին ու արդեն ապրել են իրենց կյանքը։ Բնակչությունը պետք է հասկանա, որ դա շարունակական պրոցես է։ Այսօր մեր տնկած ծառերն էլ 70-80 տարի հետո վստահաբար անհրաժեշտ կլինի փոխարինել»,– մանրամասնում է Բեգոյանը։

Քաղաքային իշխանությունները «ծառափոխարինման» համար 18 տեսակի շուրջ 2500 հատ ծառ են ձեռք բերել։ Բեգոյանը բացատրում է՝ ծառերն ընտրելիս ամեն ինչ են հաշվի առել՝ ճարտարապետությունից մինչև մայթերի լայնություն․ օրինակ Կասկադին հարակից մայթեզրի թեղիները որոշել են վարդագույն ծաղիկներ ունեցող ճապոնական սակուրաներով փոխարինել։

«Ինչու չէ, վարդագույն Երևանը նախագծող մեր ճարտարապետի արձանի մոտ կլինեն վարդագույն ծաղիկներ ունեցող, ծաղկող ծառեր։ Սակուրաները տեղադրվելու են միայն այստեղ։ Սայաթ–Նովա պողոտայում տնկելու ենք սոսիներ, քանի որ այնտեղ տեղ կա, տարածքն է համապատասխանում։ Իսկ եթե այստեղ տեղադրեինք մեծ սաղարթով ծառեր, մի քանի տարի հետո ուղղակի բնակիչների լույսը կփակեինք։ Մենք թեղի ծառատեսակի դեմ ոչ մի բան չունենք, ասեմ ավելին, ձեռք ենք բերել նաև թեղիներ ու օրինակ Ամիրյան փողոցի վրա՝ Կառավարության շենքի հետնամասում ծառերը փոխարինելու ենք հենց գնդաձև թեղիներով»,– ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Դեռ երեկվանից, երբ քաղաքապետարանը սկսեց ծառերի էտման, ապա հատման ու փոխարինման գործընթացը, Կասկադում հավաքված քաղաքացիները, ավագանու ընդդիմադիր անդամներն ահազանգում են՝ էտվում են ոչ միայն վնասված, փտած, այլև առողջ ծառերը։ Բանավեճի առարկա է նաև ծառատեսակների ընտրությունը։

«Ասում են՝ եղած ծառերը արդեն օդի մաքրությունը չէին ապահովում, իրենց ֆունկցիան չէին կատարում, բա հիմա այս նոր տնկված ծառերը ե՞րբ կապահովեն այդ օդի մաքրությունը․ առնվազն մի քանի տարի պիտի աճեն, որ ինչ–որ բան ստացվի»։

Կանաչապատման ՀՈԱԿ–ից հակադարձում են՝ տնկում են ոչ թե շիվեր, այլ «պատրաստի»՝ մի քանի տարեկան ծառեր, որոնք հենց տնկման պահից իրենց ֆունկցիան կկատարեն, ավելի լավ, քան բազմամյա ծառերը։

Դենդրոլոգ Մեխակ Սայադյանն ասում է՝ Երևանում, իհարկե, ծառային նոր ֆոնդի կարիք կա, բայց նրա  դիտարկմամբ, քաղաքային իշխանությունների ընտրությունը սխալ է, վստահ է՝ մինչև հաջորդ գարուն ընտրված սակուրաները երևանյան շոգին ու ցրտին չեն դիմանա։ Բացի դրանից՝  ի տարբերություն հատված ծառերի՝ թեղիների, շատ նոսր ու փոքր սաղարթ ունեն։

«Այսինքն՝ ակնկալվող արդյունքը վստահաբար չի ստացվելու։ Երևանի համար իդեալական ծառ է հենց հացին, որը քիչ ոռոգում է պահանջում, դիմացկուն է։ Իսկ սակուրան, որը բավականին թանկ բույս է ու պահանջկոտ, հաստատ չի դիմանա Երևանի նախ անորակ հողին, հետո շոգին, փոշուն, ծխին։ Այլ բան է, եթե սակուրաների համար առանձին պուրակ առանձնացվի, բայց փոշու մեջ, ծխի մեջ դրանք չեն աճի»,– ասում է դենդրոլոգը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»  ՀՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանը, մինչդեռ,  համոզված է՝ գնել ու տնկում են այնպիսի ծառեր, որոնք ոչ միայն հարմար են Երևանի կլիմային, այլև կաճեն ու իրենց ֆունկցիան կկատարեն ամբողջ տարվա ընթացքում։ Հին ծառերը նորով փոխարինելուց հետո, ըստ Բեգոյանի, Երևանում նաև նոր ծառեր կտնկվեն՝ մինչև այժմ դատարկ հողաբաժիններում։

Back to top button