Մտքի ուժը

Ինչպե՞ս քիմիան ավելի «կանաչ» դարձնել․ հայ գիտնականները բուսատեսակներից կենսաակտիվ միացություններ են անջատում․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս զարգացնել քիմիան Հայաստանում, ինչպե՞ս այն ավելի «կանաչ» դարձնել։ Համաշխարհային միտումներից հայ գիտաշխատողներն անմասն չեն մնում։ Եվ ահա, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտաշխատողները որոշել են պարզել, թե ինչ ֆիզիկաքիմիական հատկություններ ունեն վայրի աճող որոշ բուսատեսակներ, ինչպես կարող են կենսաակտիվ միացություններ անջատել վերջիններիցս։ Եվ ամենակարևորը, որտե՞ղ է հնարավոր դա կիրառել։

Երիտասարդները երկու տարի ժամանակ ունեն հետազոտություններ իրականացնելու համար։ Ծրագիրը կիրականացվի գիտության կոմիտեի տրամադրած մոտ 17 մլն դրամ գումարով։ Սա եզակի հնարավորություն է հատկապես ուսանողների համար։ Նրանք նույնպես ներգրավված են գիտական հետազոտություններում։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Քիմիական հետազոտություննների կենտրոնի «Անօրգանական քիմիա» գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված թեմայի ղեկավար Հայկ Պետրոսյանը պատմում է․

«Նրանք տարբեր բուսատեսակներից բազմիցս լուծամզել են կենսաակտիվ միացություններ, դրանք կիրառել կոսմետիկ միջոցների, լվացքի ու սպասքի մաքրող միջոցների արտադրություններում։ Թիմը ունի փորձառություն»։ 

Ընդհանրապես քիմիայի ֆակուլտետի միջանցքներում տեղադրված ցուցափեղկերում  պարբերաբար կարելի է  հանդիպել ուսանողների  կողմից պատրաստված բնական կոսմետիկ միջոցների։ Հետազոտության, արտադրության փուլերով զբաղվում են գիտական տարբեր խմբեր։ Երիտասարդ գիտաշխատողներից ու ուսանողներից կազմված այս խումբն էլ ուսումնասիրում է Հայաստանի էնդեմիկ պայմաններում ապրող որոշ բուսատեսակներ։ Հայաստանի ֆլորայում շատ  են էնդեմիկ և ոչ էնդեմիկ բուսատեսակները: Ըստ տարբեր աղբյուրների՝ հայտնի է էնդեմիկ մոտ 126 տեսակի բույս։ Նրանց մեջ կան նաև նեղ տեղային բուսատեսակներ։ Նրանք հայտնի են հանրապետության տարածքի միայն մեկ աճելավայրում:

Հայաստանում հանդիպում են տարածաշրջանին բնորոշ բուսականության գրեթե բոլոր տիպերը։ Հայաստանի յուրաքանչյուր 1000 կմ² տարածքում աճում է մոտ 107 բուսատեսակ: ՀՀ տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ, գիտնականների կողմից պարբերաբար ուսումնասիրվում են նոր բուսատեսակներ։

Գիտական խմբում ընդգրկված է նաև Արթուր Նիգարյանը։ Նրա խոսքով, հեզազոտման համար բուսատեսակի  ընտրությունը տարբեր գործոններով է պայմանավորված։ Օրինակ՝ կախված է նրանից, թե ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Օրինակ, եթե գունանյութ է անջատվելու, հիմնականում ընտրում ենք որոշ բույսերի ծաղիկներ կամ արմատներ  

«Այժմ ուսումնասիրում ենք մատուտակի արմատներն ու այծախոտը։ Ուսումնասիրում ենք նրանց հակաօքսիդիչ հատկությունները, նաև՝ ծանր մետաղների պարունակությունը՝ կախված տարածաշրջանից, կլիմայական պայմաններից։ Ուսումնասիրություններն իրականացնում են ըստ մարզերի»,– ասում է։

Մատուտակը բազմամյա բույս է, բժշկության մեջ օգտագործում են մատուտակի արմատը, ցողունը, տերևների և ծաղկի հետ միասին: Բուլղարական բժշկության մեջ մատուտակն օգտագործել են շնչառական ուղիների հիվանդությունների, փորկապության, միզակապության, ստամոքսախոցի բուժման համար: Հայկական բժշկության մեջ մատուտակն օգտագործել են թոքերի, շնչառության, երիկամների, միզապարկի, բորբոքային հիվանդությունների, վերջույթների դողի, երիկամների և այլ հիվանդությունների բուժման համար: Բայց բույսը միայն բժշկության մեջ չի կիրառվում։  Աննա Սոլոյանը սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի քիմիա բաժնի երրորդ կուրսում։ Նրա ուսումնասիրության թիրախում կրկին մատուտակն ու այծախոտն են․

 «Այս պահին ուսումնասիրվում են մատուտակի ու այծախոտի հակաօքսիդիչ միացությունների քանակական բնութագրերը։ Պլանավորվում է ստանալ ջրասպիրտային լուծամզվածքներ, ուսումնասիրել դրանց հակաօքսիդիչ հատկությունները մրցակցային կինետիկայի եղանակով»։

Հանքավայրերով հարուստ Հայաստաում աճող բոլոր բուսատեսակներն իրենց վրա ծանր մետաղների ազդեցությունը կրելու ռիսկեր ունեն։ Մատուտակն ու այծախոտն էլ բացառություն չեն, իհարկե, կախված տարածաշրջանից, ռիսկը նվազում կամ ավելանում է։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի սննդի անվտանգության բաժնի չորրորդ կուրսի ուսանողուհի Հայարփի Հովհաննիսյանն ուսումնասիրում է ծանր մետաղների առկայությունը մատուտակի արմատների չոր էքստրակներում․

«Արագածոտնի մարզից հավաքված մատուտակում ծանր մետաղներից ուսումնասիրել ենք պղինձը, կապարը, կադմիումը, նիկելը, կոբալտը։ Բոլոր մետաղների կոնցենտրացիաները եղել են թույլատրելի սահմաններում։ Առաջիկայում պլանավորում ենք ուսումնասիրել նաև Կոտայքի, Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերից բերված արմատները»։

Փորձերը կատարում են Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում։ Այստեղ նորագույն սարքավորումներ են, փորձերի համար անհրաժեշտ պարագաներ, իսկ լաբորատորիայում օգատգործում են իրենց իսկ արտադրած օճառները։ Նոր տիպի հումքերը խառնում են, տարբեր հարաբերակցություններ վերցնում, փորձարկումներ անում։ Ասում են՝ երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Երիտասարդ գիտնականները կենցաղում էլ միայն իրենց ստեղծած մաքրող միջոցներն են օգտագործում, վստահ են որակի վրա։        

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում վստահ են՝ քիմիան որպես գիտություն չի կարող մահանալ, նաև մի պարզ պատճառով, քիմիան ամենուր է՝ բոլոր ոլորտներում։

Պարզապես երիտասարդների հետաքրքրությունն է նվազել գիտության նկատմամբ։ Սա ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում կատարվող երևույթ է։ 

Երկու տարում երիտասարդները հետազոտություններ կիրականացնեն, արդյունքներ կգրանցեն, որոնք կտպագրեն գրախոսվող ամսագրերում։ Այստեղ է, որ առաջանում է  գիտական առաջարկները տնտեսության մեջ ներդնելու հարցը։ Որտեղի՞ց կամ ո՞ր կառույցը պետք է զբաղվի գիտական առաջարկը տնտեսության մեջ կիրառելու հարցով։

Հայաստանում գիտությամբ զբաղվելը բարդ չէ, եթե կան ֆինանսական միջոցներ։ Իսկ դրանք վերջին շրջանում ավելանում են՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։

Այդ գումարներով են հիմնականում գիտնականները սարք-սարքավորումներ ձեռք բերում, հետազոտություններ կատարում։ Այս դեպքում արդեն Հայաստանում գիտությամբ զբաղվելը հեշտանում է․ Երիտասարդ գիտնական Արթուր Նիգարյանը կարծում է, որ եթե Հայաստանում գիտությունը չզարգանա, պարզապես երկիրը գոյություն ունենալ չի կարող։ Իսկ իրենց առաջարկները տնտեսության մեջ կիրառելու հարցում այժմ ակտիվ են ինկուբատոր հիմնադրամները։

Թե այս հետազոտության արդյունքները երբ կկիրառվեն դեղերի արտադրության, կոսմետիկ միջոցների բաղադրություններում, հստակ չէ։ Բայց ակնհայտ է, որ այս ճյուղը Հայաստանում զարգանում է։

Back to top button