ԿարևորՔաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս հեռու են իրարից․ արտգործնախարարը ԱԺ–ում պարզաբանել է

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը գաղտնազերծել է Ադրբեջանի հետ քննարկվող «Խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ հայկական առաջարկներից մի քանիսը։ Դրանց մասին առաջին անգամ նա խոսել է եգիպտական «Al Qahera News»–ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նախօրեին։ Այսօր արդեն ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովում 2022–ի ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ նախարարը հայտարարել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից։

Հայկական կողմը առաջին անգամ բացահայտել է մի քանի կետ, որոնք առանցքային է համարում պաշտոնական Երևանի և Բաքվի միջև փոխանակվող փաստաթղթի բովանդակության համար։

Մասնավորապես, հայկական կողմի առաջարկներից է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցումը:  Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի հեռացումն է և ապառազմականացված գոտու ստեղծումը սահմանագծի երկայնքով՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ, ինչը կօգնի ապահովել ցանկացած հնարավոր էսկալացիայի կանխումը: Հայկական կողմը, որպես կարևոր բաղադրիչ, պնդում է նաև միջազգային մեխանիզմի ամրագրումը, որը կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագծին առնչվող նամակագրությունը սկսվել է 2022–ի դեկտեմբերից։ Այժմ ընթանում է նամակագրության 4–րդ շրջափուլը․ հայկական կողմը Բաքվից արդեն ստացել է առաջարկների հերթական փաթեթը և պատրաստվում է առաջիկայում հանդես գալ պատասխան առաջարկներով։ Ի՞նչ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ կամ մոտեցնել դիրքորոշումները․ արտգործնախարար Միրզոյանը պատասխանում է․

«Ոչ իդեալական ես կասեի, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, որում ես նույնիսկ չէի չափի քանիսը ադրբեջանական առաջարկով է, քանիսը` հայկական։ Քննարկումներ են եղել, ինչ–որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են։ Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ առանցքային կամ առաջին կարևորության հարցերին։ Առաջին կարևորության բոլոր հարցերը դեռևս քննարկումների փուլում են, և դրանց հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից»։  

Հայաստանի արտգործնախարարի ձևակերպմամբ՝ բանակցություններն ընթանում են երկկողմ առաջարկների հիմքով։ Խոսակցությունները ռուսական կամ արևմտյան տարբերակների մասին անհիմն է համարում։ Միրզոյանը մեկնաբանում է լուրերը, թե ռուսական կողմն առաջարկում էր ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, իսկ արևմտյան տարբերակը Արցախը՝ բնակիչների իրավունքներով հանդերձ, դիտարկում է Ադրբեջանի կազմում։

«Այս սահմանումը ճիշտ չէ առնվազն Արևմուտքի մասով։ Ձևակերպումները ես փորձեմ ներկայացնել։ Ռուսական տարբերակը, որ ինչ–որ պահ քննարկվել, բայց մերժվել է ադրբեջանական կողմից, ենթադրում էր կարգավիճակի պարզաբանում հետագայում։ Այս փաստաթղթով և այս գործընթացում, որում հիմա ներգրավված ենք, բանակցությունները սկսվել են դրանից և հիմա շարունակվում են, ենթադրում է ԼՂ իրավունքների և ավտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում»։

Երևանի և Բաքվի շփման եղանակն այս փուլում ստացել է «առցանց դիվանագիտություն» ձևակերպումը։ Բայց Հայաստանի արտգործնախարարը չի բացառում, որ ինչ–որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսում բացահայտել էր, որ Ադրբեջանը հայկական առաջարկները վերադարձնում է սովորաբար, գրեթե բոլորը ջնջված։  Հայաստանի արտգործնախարարը հաստատում է․

«Ցավալիորեն, չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի արդեն շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք, մշտապես սադրիչ և ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ սահմանին և ԼՂ–ում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»։

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ:

Back to top button