ԿարևորՀասարակություն

Իջևանը կդառնա Հայաստանի հյուսիսի մշակութային կենտրոն

Իջևան քաղաքը հաղթել է EU4Culture ծրագրի մրցույթում, և Եվրոպական միության կողմից կստանա մինչև 300,000 եվրո դրամաշնորհ՝ քաղաքի Մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար:

Իջևանի համայնքապետարանը «EU4Culture» ծրագրի շրջանակներում, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ մշակել է մշակութային զարգացման ռազմավարություն։

Ռազմավարության նպատակն է շարունակական ստեղծագործական գործունեության միջոցով բարելավվել համայնքի մշակութային ենթակառուցվածքները, ապահովել տնտեսական զարգացման հետ սերտորեն փոխկապակցված աշխույժ մշակութային կյանք` նպաստելով պատմամշակութային ժառանգության պահպանմանը, մշակութային զարգացման կարողությունների բարելավմանը, և մշակութային հատվածի արդյունավետ կառավարմանը: Ռազմավարությունը իրականացվելու է 2023-2024թթ ընթացքում:

Մարտի 24-ին Իջևանում պաշտոնապես տրվել է «Մենք ենք, մեր սարերը» ծրագրի մեկնարկը: Մեկնարկի արարողությանը ներկաներին ողջունել է Իջևանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, կրթության, գիտության,մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Երևանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, «EU4Culture» նախագծի ղեկավար Անատոլի Բայֆերթը։ Միջոցառմանը ներկա էին Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ավագանու անդամներ, կրթական, մշակութային կառույցների ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, և այլ հյուրեր:

Ներկաները շնորհավորել են համայնքին՝ մշակութային կարևոր մրցույթում հաղթելու համար և խոսեցին ծրագրի շրջանակում Իջևանին տրվող հնարավորությունների մասին։

Լիլիթ Ղալումյանը ներկայացրել է «Մենք ենք, մեր սարերը» ծրագիրը։

Այն իր մեջ ներառում է երեք բաղադրիչ․ առաջին բաղադրիչով նախատեսվում է բարելավվել մշակույթի ոլորտի կառավարումը՝ մեծացնելով Իջևանի մշակութային ժառանգության տեսանելիությունը և ճանաչելիությունը։ Երկրորդ բաղադրիչով կխթանվի ակտիվ մշակութային և տնտեսական կյանքը՝ տեղական ստեղծարար մշակութային նախաձեռնությունների միջոցով։ Կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ՝ համագործակցային ու ստեղծարար մշակութային հատվածը խթանելու և մշակութային ժառանգությունը պահպանելու համար։ Երրորդ բաղադրիչի շրջանակում կխթանվի համագործակցային, մշակութահեն տնտեսական զարգացումը՝ ամենամյա մշակութային փառատոների անցկացման միջոցով։

Արդեն շատ շուտով Իջևանը կդառնա Հայաստանի հյուսիսի մշակութային կենտրոն։

Back to top button