ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Մուրմանսկի նահանգապետին

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսի գլխավորած պատվիրակությանը։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերություններն ունեն դարավոր պատմություն, և նմանօրինակ այցելությունները նպաստում են երկու երկրների բարեկամական կապերի և գործակցության առավել զորացմանը։ Հայոց Հայրապետն ընդգծել է, որ բարեկամ ժողովուրդները դարերի ընթացքում կողք կողքի, միասնաբար կարողացել են դիմակայել և հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և արդյունավետ փոխգործակցությանը՝ երախտագիտությամբ արձանագրելով այն ջանքերը, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի կողմից վերջին տարիներին ներդրվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և հայկական հոգևոր ժառանգության անխաթար պահպանման ուղղությամբ։

Իր հերթին Մուրմանսկի նահանգապետ Անդրեյ Չիբիսը, կարևորելով հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացումն ու զարգացումը, իր շնորհակալությունն է հայտնել Նորին Սրբությանը երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման գործում Հայոց Եկեղեցու կարևոր  ներդրումի համար։ Նահանգապետը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է նաև Մուրմանսկի մարզը և վերջինիս ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ կարևորելով տեղի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին և առկա մտահոգություններին։

Back to top button