ԿարևորՀասարակություն

Ակադեմիական քաղաքում առաջինը «կվերաբնակվեն» արվեստի բուհերը

Ակադեմիական քաղաքի նախագիծն իրեն երկար չի սպասեցնի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոստացել է առաջիկա օրերին հանրությանը ներկայացնել ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացման, համալիրի ստեղծման նախագիծը։ Կլինի հստակ կառույց, որը կզբաղվի ծրագրի նախապատրաստական, մշակման և իրականացման աշխատանքներով, ասել է նախարարը։ Ինչպե՞ս պիտի կառուցվի Ակադեմիական քաղաքը, ի՞նչ պայմանների պետք է բավարարի, ֆունկցիոնալ ի՞նչ առանձնահատկություններ պիտի ունենա այն:

Ակադեմիական քաղաքի ստեղծումն արդեն մեկնարկային փուլում է։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հստակեցնում է՝ հայտնի են ոչ միայն տեղակայման վայրը, այլև 3 հիմնական կլաստերները, դրանց ուղղություններն ու հասցեները․

«Մեկը արվեստինն է, որը լինելու է «Հայֆիլմի» տարածքում, 2-րդը Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ տեխնոլոգիական ուղղվածության բուհն ու գիտահետազոտական գործունեությունը կլինեն, 3-րդում կրթական, սպայական, նաև մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային, միջպետական բուհերը կլինեն»։

Արվեստների բուհ ասելով, նախարարը նկատի ունի ոչ թե ստանդարտ ենթակառուցվածքը՝ լսարաններով, մարզադահլիճով, այլ մի ամբողջ համալիր՝ ժամանակակից համերգասրահով, կինոթատրոնով, կինոարտադրության ամբողջ շղթայով ու ենթակառուցվածքներով․

«Սա ենթադրում է նաև տրանսպորտային մեծ ենթակառուցվածքի ստեղծում, որը կսպասարկի այս մեծ քաղաքը․ նախնական հաշվարկով մի քանի տասնյակ հազար մարդու մասին է խոսքը։ Տրանսպորտային բոլոր հանգույցների, ենթակառուցվածքների ստեղծումը նույնպես նախագծման փուլում է։ Թվում է, թե ծրագիրը գիտաֆանտաստիկ ոլորտից է, բայց հավատացնում եմ՝ սա կոնկրետ ծրագիր է, և այդ ուղղությամբ մենք պետք է հետևողական աշխատենք»։

Ծրագիրը, գուցե, իրատեսական է, բայց դա կարող է իրականություն դառնալ համապատասխան ֆինանսավորման պարագայում միայն։ Փորձը ցույց է տալիս, որ ցանակացած ռեֆորմ իրագործելիս, ճանապարհի կեսից ֆինանսական միջոցները սպառվում են, և աշխատանքը կիսատ է մնում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Հաջորդ հարցը, որ հետաքրում է փորձագետին, այն է, թե այս ծրագրով որքանով կբարելավվեն դասախոսների և ուսանողների աշխատանքի և ուսման պայմանները։

«Եթե պետք է դասախոսը 9-րդ մասիվից հասնի Աշտարակ իր հաշվին, բնականաբար, շատ լուրջ խնդիրներ կստեղծի։ Կամ, եթե չլինի մետրո կամ արագընթաց գնացք դեպի Աշտարակ, կամ դասախոսներին տներով չապահովեն, էլի խնդիրներ են առաջանալու»,– տարակուսում է փորձագետը։

Ակադեմիական քաղաքը դեռ պետք է կառուցել, հետո միայն խոսել դասախոսների, ուսանողների տեղաշարժի մասին, ասում է նախարարը։ Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսավորմանը՝ դրա վերջնական ծավալը պարզ կդառնա նախագծերի պատրաստ լինելուց հետո միայն։ Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծում է, որ քննարկվում են տարբեր կլաստերներով տարբեր ժամկետներում աշխատանքներն իրականացնելու հնարավորությունը։ Դա, ըստ նախարարի, նշանակում է, որ ծրագիրը հնարավոր կլինի փուլային տարբերակով իրականացնել․

«Կարծում եմ՝ արվեստի մասով կարող ենք ավելի արագ սկսել գործընթացը։ Ֆինանսական գնահատականները ընթացքում կտրվեն։ Քննարկում ենք նաև պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը, որպեսզի այս ծավալի աշխատանքն իրականացվի»։

Սերոբ Խաչատրյանն այս գաղափարն ընդհանուր առմամբ ողջունում է, բայց հարց է հնչեցնում՝ արդյո՞ք շենքերի և տարածքի փոփոխությունից նաև կրթության որակը կփոխվի․

«Ես չեմ պատկերացնում՝ այս գաղափարը ինչպես է կրթության որակը բարձրացնելու։ Ի՞նչ են անելու նախարարությունը և կառավարությունը, որ Աշտարակում ուսանողներն ավելի լավ սովորեն։ Շենքը չէ, որ ազդում է կրթության որակի վրա։ Գիտահետազոտական ինստիտուտները հիմա էլ կան ու հենց Երևանի կենտրոնում են։ Իմ մտահոգությունն այն է, որ սա հերթական դեպքն է, երբ բիզնես շահերը կրթությունն ու մշակույթը դուրս են մղում։ Կրթական, մշակութային հաստատությունները կենտրոնում պահելը թանկ հաճույք է, որովհետև դրանք գումար չեն բերում։

Իսկ եթե մենք այդ տարածքները տանք հյուրանոցներին, բիզնեսներին, իրենք պետությանը փող կբերեն, և այս գաղափարի հիմքում ես ավելի շատ դա եմ տեսնում, քան կրթության որակի բարձրացումը»։  

Մինչ տարբեր շրջանակներում մտահոգություններ են հնչում գործող բուհերի շենքերի այլ կիրառության մասին, նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստիացնում է, որ դրանց վերաբերյալ որևէ քննարկում չկա։

Նախարարի հավաստիացումը, սակայն, այնքան էլ համոզիչ չէ փորձագետի համար․ «Կենտրոնում դատարկ շենքեր պահելու իմաստը որն է։ Չեմ կարծում, որ այդտեղ թանգարաններ են բացվելու։ Հնարավոր է՝ որոշ պատմական շենքեր՝ ԵՊՀ կենտրոնականը կամ Բժշկականի շենքը, ինչ որ ձևով պահպանվեն որպես վարչական ռեսուրս, բայց ամբողջությամբ, բնականաբար, չեն կարող պահվել»։

Թե ինչ ճակատագիր է սպասվում գործող բուհերի շենքերին, ժամանակը ցույց կտա։ Հայտնի է միայն, որ Ակադեմիական քաղաքը հավակնում է դառնալ որակյալ բարձրագույն կրթության և գիտության արդիական ենթակառուցվածք: Արդյունքում՝ առնվազն 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-ի մեջ: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական բուհերը խոշորացվելու են, և դա ամրագրված է Կրթության զարգացման պետական ծրագրով։ Ըստ այդմ՝ ունենալու ենք մինչև ութ բուհ։ Թե ինչպես է դա տեղի ունենալու, ինչ տրամաբանությամբ, արդեն առանձին գործընթաց է, որը, ըստ նախարարի, դեռևս քննարկման փուլում է։

Back to top button