Հայ գիտնականների առաջարկը կօգնի բարձրացնել բերքատվությունն ու հողերը փրկել դեգրադացումից


Հայկական արտադրության կենսահումուսը՝ «Սիսը», գյուղացուն հասնելու ճանապարհին է։ Այն հայ գիտնականներն են ստեղծել։ Ասում են՝ «Սիսը» միանգամից մի քանի հարց է լուծելու ֆերմերների համար։ Կարևորն այն է, որ այդ կենսահումուսն արտադրելը հեշտ է․ հիմնական բաղադրամասերը թափոններն են՝ կանաչ տերևների զանգվածը, բույսերի մնացորդները։ Այն օրգանիկ է, չի փչացնում հողի որակը, ընդհակառակը, բարելավում է այն։ Կենսահումուսում այնպիսի միկրոմասնիկներ կան, որոնք նպաստում են բերքատվության ավելացմանը։ Գիտական այս առաջարկը լաբորատորիայից դաշտ անցնելու ճանապարհին է։ Հետազոտությունը կատարվել է Գիտության կոմիտեի դրամաշնորհով։
Մատչելի, հեշտ արտադրվող և փորձարկված Հայաստանի բոլոր բնահողային գոտիներում։ Անունը՝ «Սիս», կարճ ու հնչեղ։ Հայ գիտնականների ստեղծած կենսահումուսը շուտով, այսպես ասենք, կհյուընկալեն ֆերմերները։ «Սիսը» ստեղծվել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանի խոսքով՝ կենսահումուսն ունի մի շարք առավելություններ․ այն միանգամից մի քանի հարց է լուծելու ֆերմերների համար։ Կենսահումուսն արտադրելը հեշտ է․ հիմնական բաղադրամասերը կանաչ տերևների զանգվածն ու բույսերի մնացորդներն են։


«Առաջին կարևորագույն խնդիրն այն է, որ ֆերմերի համար այդպիսի կենսահումուս արտադրելն ու կիրառելը բարդ չէ, քանի որ նրա հիմնական բաղադրամասը ֆերմերային տնտեսությունում արտադրվող բուսական թափոնն է՝ կանաչ տերևների զանգվածը, բույսերի մնացորդները։ Բացի այդ, այն լինելու է մատչելի։ Կենսահումուսն ունի էկոլոգիական կարևոր նշանակություն։ Այն օրգանիկ է, չի փչացնում հողի որակը, այլ բարելավում է այն։ Այնտեղ այնպիսի միկրոմասնիկներ են, որ նպաստում են դրան»,– ասում է Գայանե Գասպարյանը։
Գիտական հետազոտությունները սկսվեցին, երբ Գիտության կոմիտեն կիրառական նշանակություն ունեցող գիտական առաջարկի դրամաշնորհ հայտարարեց։ Գիտական խմբի ղեկավարը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտաշխատող Մարգարիտ Պետրոսյանն է․
«Մենք արտադրվող թափոնները մշակել ենք մանրէների մի մեծ խմբով, արդյունքում՝ ունենք արդյունավետ կենսահումուս։ Սննդատարրերի առկայությունը բավականին բարձր էր»։
Մասնագետի խոսքով՝ դրանք բույսի համար անհրաժեշտ բաղադրիչներն են։ Կենսահումուսը պարունակում է կաթնաթթվային, ֆոտոսինթեզող, ազոտ ֆիքսող մանրէներ, դրոժներ, տարբեր տեսակի սնկերի շտամեր, որոնք նպաստում են հողի կենսացենոզի վերականգնմանն ու ակտիվացմանը։ Գործնական կիրառման ժամանակ կենսահումուսը փոխարինում է բանջարեղենի սածիլների թաղարներում օգտագործվող տորֆին և 3–5 տարվա ընթացքում վերականգնում հողի բերրիությունը։
Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական Կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյան․ «Փորձարկվել է տարբեր մշակաբույսերի՝ կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի, պղպեղի, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի վրա։ Բիոհումուսը հավասարապես կարելի է օգտագործել տարբեր հողային պայմաններում»։
Գայանե Գասպարյանն ասում է, որ կենտրոնի գիտնականները տևական ժամանակ ուսումնասիրել են, թե ինչ է կատարվում Հայաստանի տարբեր բնակլիմայական գոտիների հողերի հետ։
«Ունենք այսպիսի մի իրավիճակ՝ որոշ մարզերում հողերի վիճակը անմխիթար է։ Արարատյան դաշտավայրի որոշ տեղերում աղուտների վիճակը, կարծեք թե ճիշտ չգնահատելու հետևանքով, ոռոգման ոչ ճիշտ համակարգերի, սխալ պարարտացման պատճառով խնդիրներ կան։ Առաջացել են կրկնակի աղակալումներ։ Արդեն աղուտ հողը, որը մելեորացվել է ինչ որ ձևով, նրա հետ խնամքը ճիշտ չի տարվել, կրկնակի աղակալում է առաջացել, որը բերում է հողերի դեգրադացիայի»,– նշում է մասնագետը։
Այժմ գիտական առաջարկն առևտրայնացման ճանապարհին է։ Գյուղացուն կտրամադրեն մանրէական լուծույթը, իսկ արդեն կենսահումուսը կստանա ինքը՝ հողը մշակողը։