Ազգային կինոկենտրոնն ահազանգում է՝ վտանգված է ավելի քան 4000 հայկական ֆիլմերի ճակատագիրը

Այս տարի նշվում է հայ կինոյի 100 ամյակը։ Բայց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը ահազանգում է՝ արխիվներում գտնվող բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր վտանգված են։ Պահպանելու համար դրանք օր առաջ պետք է թվայնացվեն։
«Հայ կինոյի վաղվա օրը, հուսանք՝ շուտով կտեսնենք»,– այսպես է եզրափակում հանդիպումը լրագրողների հետ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։ Իսկ մինչ այդ նա խոսում է հայ կինոյի այսօրվա խնդիրների մասին՝ մասնավորապես այն մասին, որ բազմաթիվ արժեքավոր ֆիլմերի ճակատագիրն այսօր վտանգված է։
Կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն էլ նկատում է՝ ֆիլմերի վերականգնման համար պետք է արագացվի թվայնացման գործընթացը․
«Ժապավենային նյութը կարիք ունի հատուկ ջերմակլիմայական պայմաններում պահվելու, և հետևողական կերպով պետք է վերահսկվի նրանց վիճակը։ Այդ ժապավենները որոշակի ժամկետ ունեն։ Մենք պայքարում ենք ժամանակի դեմ, որպեսզի այդ ժապավենները երկար կյանք ունենան»։


Կինոկենտրոնը դեռ 2018-2019 թվականներին գործընկերների միջոցով թվայնացրեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած հատվածները և կարճամետրաժ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը: Մասնագետները նկատում են, որ թվայնացման շնորհիվ ժառանգության ու հանրահռչակման հարցն է լուծվում։ Կենտրոնն արդեն երեք վերականգնված ֆիլմերով մասնակցել է ֆրանսիական «Սինեմատեկի» հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին։
«Ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորը ստեղծել է1942-ին: Սրանք այն ֆիլմերն են, որոնք լայն հանրությունը չի տեսել: Առաջին անգամ է, որ վերականգնման աշխատանքների բոլոր փուլերն արվել են Հայաստանում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում այդ գործընթացը կարելի է կազմակերպել:
Այն արագ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել լաբորատորիա, ինստիտուտ, որը կկարողանա նոր մասնագետներ պատրաստել, ապահովել տեխնիկական հնարավորություններ»,– ասում է Շուշանիկ Միրզախանյանը:
Այս տարի լրանում է հայ կինոյի ստեղծման100–ամյակը։ Կինոկենտրոնի տնօրենը ասում է, որ այդ հոբելյանը լավ առիթ է, որ դիմեն տարբեր ֆոնդերի՝ ֆինանսական աջակցություն ստանալու, շատ ֆիլմեր վերականգնելու և պահպանելու համար։ Միրզախանյանը փաստում է՝ երբ ասում ենք հայկական ձեռագրեր, պատկերացնում ենք Մատենադարանը, որտեղ մեր գանձերը վերականգնում են, պահպանում ու ներկայացնում սերունդներին: Նույն մոտեցումն անհրաժեշտ է նաև կինոյի պարագայում: Իսկ թվայանացման սպասում են ավելի քան 4000 ֆիլմեր ու փաստավավերագրական կադրեր։