ԿարևորՀասարակություն

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ֆոտոցուցահանդես՝ Էջմիածին այցելած Ֆրանսիացի ճանապարհորդների մասին

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Վաղարշապատի պատմազգագրական թանգարան-ում ներկայացված է ֆոտոցուցահանդես՝ Էջմիածին այցելած Ֆրանսիացի ճանապարհորդների մասին։

Հայաստանը եւ Էջմիածինը դարեր շարունակ եղել են աշխարհահռչակ ճանապարհորդների ուսումնասիրության նշանավոր վայրերից:

Առաջին հիշատակումները տանում են 1253 թվական, երբ այստեղ է եղել Գիյոմ դե Ռուբրուքը: Իր ուղեւորության ընթացքում վերջինս արժեքավոր տեղեկություններ է հավաքագրել Արեւելքի երկրների՝ այդ թվում եւ Հայաստանի աշխարհագրության, ազգագրության եւ պատմության վերաբերյալ, որոնք զետեղվել են «Ճանապարհորդություն արեւելյան երկրներ» գրքում:

Ժան Շարդենը Հայաստանում եղել է 1672 թվականին: Էջմիածնի մասին Շարդենն իր ուղեգրություններում գրում է.

«Երևանից երեք մղոն հեռավորության վրա է գտնվում Երեք եկեղեցիների նշանավոր վանքը՝ հայ քրիստոնյաների սրբություն սրբոցը, եթե ես համարձակվեմ այսպես այսպես կոչել այն, որին նրանք վերաբերվում են առանձնակի բարեպաշտությամբ» (խոսքը Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եւ Սուրբ Շողակաթ եկեղեցիների մասին է)։ Ժան Շարդենը պատմում է «Էջմիածին» անվան ծագման մասին, մանրամասն տալիս Շողակաթ եկեղեցու ներքին և արտաքին նկարագրությունը։

Ֆրանսիացի բուսաբան Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը Հայաստան է այցելել 1702 թվականին, կատարել բուսական աշխարհի ու ազգագրության ուսումնասիրություններ:

Ճամփորդության մասին գրի է առել 1718 թվականին լույս տեսած «Ճանապարհորդություն դեպի Լեւանտի երկրներ» գրքում:

Ֆեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն Հայաստանում եղել է 1831-1834 թվականներին կատարած ճամոփորդության ընթացքում: Արեւելյան Հայաստանում նա այցելել է Երեւան, Էջմիածին եւ Նախիջեւան՝ թողնելով նրանցում պահպանված պատմա-ճարտարապետական հուշարձանների նկարագրությունը եւս: Նա գրել է վեց հատորից բաղկացած «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղրիմում» աշխատությունը՝ կից քարտեզներով, նկարներով, գծանկարներով ու սխեմաներով, որոնք կատարել է իր հետազոտությունների ընթացքում: Անդրադարձել է նաեւ Էջմիածնի Մայր տաճարին, որի պատկերը ստեղծվել է 1832 թվականին:

Back to top button