ԿարևորՀասարակություն

Վարժական հավաքներ․ մասնակցությունը կլինի կարճ, վճարը՝ ըստ աշխատավարձի

25-օրյա վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը կպահպանվի ամբողջութամբ։ Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը հստակեցրել է՝ գործատուն այժմ պարտավորություն չունի աշխատավարձ վճարելու այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքներին։

Միայն սահմանված է, որ պահպանվում է աշխատատեղը և պաշտոնը։ Այս պահին քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով՝ կարգը կփոխվի։ Նախագիծը կառավարությունում անհետաձգելի են համարել։ Վարչապետը հիշեցրել է, որ  վարժական հավաքների  ժամկետը կրճատվել է։

Վարժանքների մասնակիցների համար Պաշտպանության նախարարության նախատեսած գումարին կավելանա նաև գործատուի փոխանցած գումարը։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կառավարության նիստում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար  Նարեկ Մկրտչյանն է ներկայացնում․

«Նախագծով առաջարկվում է՝ աշխատողին, մինչև 30 օր ժամկետով ներգրավելիս, գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ Օրինակ, եթե աշխատողի աշխատավարձը  200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների, դրա դիմաց, որպես հատուցում, ՊՆ–ից 80 հազար դրամ է ստանում, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը՝ առնավզն 120 հազար դրամը վճարել»։

Նախարարը հստակեցնում է՝ գործատուն այժմ չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակացում է վարժական հավաքներին։ Միայն սահմանված է, որ պահպանվում է աշխատատեղը և պաշտոնը։ Այս պահին քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքների մասնակիցների աշխատավարձը պահպանել։ Վարչապետը հիշեցնում է, որ եռամսյա ժամկետը կրճատվել է և դարձել 25 օր․

«Սրան զուգահեռ, մենք ունենք կարգավորում, որ վարժական հավաքների պլանը իրագործելիս, մենք որոշակի տոկոսից ավել նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրենք վարժական հավաքի, որպեսզի ծանրաբեռնվածություններ չառաջանան հիմնարկների վրա»։

Կառավարության որոշմամբ, այս տարվա ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը   պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ Դրանցում կներգրավվեն  պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստա­զորայինները։  Վարժական հավաքներին կմասնակցի մինչև 953 քաղաքացի։ Նրանցից  476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ են լինելու։ Այս 25-օրյա հավաքին կմասնակցեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային,  հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ինժեներական, տեխնիկական մասնագիտություններ ունեցող պահեստազորայինները։

Հայաստանում 25-օրյա հավաքները մեկնարկեցին այս գարնանը։ Առաջին փուլով, կառավարության որոշմամբ, հավաքներում ներգրավված էր ավելի քան 3 հազար քաղաքացի։ 25-օրյա հավաքները պարտադիր են լինելու 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ Ընդ որում՝ քաղաքացին ինքն է ընտրելու, թե տարվա մեջ, երբ կարող է ժամանակ տրամադրել դրան։ Այս մասին դեռ անցած տարվա հոկտեմբերին էր հայտարարել պաշտպանության նախարարը․

«Մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից։ Իրականում 21 օրն է  հիմնական ծառայությունը, 25-ը կազմակերպականն ապահովելու համար է։ 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր անցնում է մարտական հերթապահություն։ Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա։ Հրաժարվում ե նք եռամսյա հավաքներից։ Բայց դա լինում է պարտադիր ՀՀ բոլոր քաղաքացիների համար»։

Գործադիրում կարծում են, որ սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու կարևոր քայլերից է։

Back to top button