ԿարևորՀասարակություն

Ոչ միայն կտուգանվեն, այլև գործունեությունը կկասեցվի. «Հետք»-ի ուսումնասիրությունից հետո ՍԱՏՄ-ն  կրկնաստուգում է իրականացնում

Շուկայում լայն սպառում ունեցող տեղական արտադրության թթվասերի և կաթնաշոռի կրկնաստուգման արդյունքներից պարզ կդառնա՝ խախտումները իրացման ցանցերում են առաջացե՞լ , թե՞ արտադրությունից են գալիս։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ում հրապարակված լաբորատոր փորձաքննության արդյունքները և հայտնել, որ իրականացնելու են վերահսկողական միջոցառումներ։

Արդյունքները դեռևս հայտնի չեն։ Մինչ  արտադրող ընկերությունները արդարանում են՝ խախտումները հասցեագրելով իրացման ցանցերին, ոլորտի փորձագետները մատնանշում են պատշաճ վերահսկողության  բացակայությունը։ Արդյունքում սպառողը չգիտի, թե ով է մեղավոր, բայց գիտի, որ սպառում է ոչ անվտանգ կաթնամթերք։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որպես ահազանգ է գրանցել «Հետք»-ում հրապարակված  լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Կառույցի մասնագետների հավաստիացմամբ՝ հայտնաբերված խախտումները  կարող են առաջանալ թե արտադրական գործընթացում, թե իրացման փուլում։ 

Տեսչական մարմնի խնդիրն է վերահսկել և կանխարգելել խախտումները, միայն թե դա հնարավոր չէ անել անընդհատ և բոլոր տնտեսվարողների շրջանում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՍԱՏՄ հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

«Տարվա ընթացքում մենք իրավունք ունենք և կարող ենք ստուգումներ կատարել միայն  տարեկան ծրագրով  նախատեսված տնտեսվարողների շրջանակում, որոնք ընտրվում են՝ ռիսկայնությունը հաշվի առնելով։ Կարող ենք առաջնորդվել նաև բողոքներով ու ահազանգերով և նորից ստուգումներ իրականացնել այն կազմակերպություններում, որոնք մի քանի անգամ արդեն ստուգվել են, որոնց մոտ խախտումներ կամ հայտնաբերվել են, կամ՝ ոչ»։

Ավելի վաղ «Հետք»-ն իր նախաձեռնությամբ փորձաքննության էր ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող տեղական արտադրության թթվասերի և կաթնաշոռի 10–ական  նմուշ։ Եթե թթվասերի նմուշներից 4-ում են  հայտնաբերվել խախտումներ, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, ապա կաթնաշոռի պարագայում պատկերն ավելի մտահոգիչ է․ 10 նմուշից միայն 2-ում խախտում չի հայտնաբերվել։ Արտադրողներից շատերն արձագանքել են «Հետքի» հոդվածին։ Նրանց մի մասը  կասկածի տակ է առել  լաբորատոր փորձաքննության արդյունքները, մյուս մասը սլաքներն ուղղել է իրացման ցանցեր ու պահպանման պայմաններ։

ՍԱՏՄ-ն վստահում է փորձաքննության արդյունքներին, իսկ ընկերությունների արդարացումները ինքնապաշտպանական դրսևորումներ համարում։

Բորբոսասնկերի և խմորասնկերի առկայությունը կարող է պայմանավորված լինել տեղափոխման և իրացման փուլում տարբեր գործոններով, բայց աղիքային ցուպիկի առկայությունն արտադրության խնդիր է՝ նշում է Անուշ Հարությունյանը։

«Ցանկացած լաբորատոր փորձաքննություն մեզ համար հիմք է։ Հատկապես հավատարմագրված լաբորատորիաների գործունեությունը կասկածի տակ դնել չենք կարող։ Իսկ տվյալ կազմակերպությունը հավատարմագրված լաբորատորիա է։ Պարզապես տնտեսվարողները սովոր են և գիտեն, որ պետք է իրականացվի ոչ թե մեկ, այլ մի քանի ստուգում, որպեսզի հասկանալի լինի՝ ի վերջո խնդիրը կա, թե ՝ ոչ»։

Իրականում կաթի և կաթնամթերքի շուկայի խնդիրները պետք է ոչ թե հատվածական, այլ սննդի մատակարարման ամբողջական շղթայում դիտարկել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում կաթի և կաթնամթերքի վերամշակման ոլորտում խնդիրներ կան թե արտադրության, թե վերամշակման, թե իրացման փուլերում։

«Հետազոտությունից հետո կարծես բոլոր արտադրողների մոտ միանգամից բոլոր խնդիրները  իրացման ցանց թեքելու միտում նկատեցի։ Բնականաբար, ես չեմ հերքում, որ իրացման ցանցում բազմաթիվ են խնդիրները, բայց բոլոր խնդիրները բարդել իրացման ցանցի վրա, ևս սխալ է։ Բայց քանի որ մեզ մոտ պետական վերահսկողություն ևս չի իրականացվում ամբողջ մատակարարման շղթան որպես մեկ ամբողջականություն դիտարկելու մեթոդաբանությամբ, արդյունքում առաջանում են խնդիրներ, և եթե դուք հիմա գնաք իրացման ցանց, կասեն իրենք մեղավոր չեն։  Արդյունքում՝ սպառողը չգիտի ով է մեղավոր, բայց գիտի, որ իրեն հասնում է ոչ անվտանգ մթերք»։

Փորձագետն ընդգծում է պետական վերահսկողություն իրականացնող և ոլորտի քաղաքականություն մշակող մարմինների դերը, որոնք պետք է ներդնեն սննդամթերքի անվտանգության ապահովման ժամանակակից համակարգեր։

Ընդհանուր առմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2022թ. հունվարից մինչև 2023թ. փետրվար կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացրել է 69 ստուգում։ 18-ի նկատմամբ կայացվել է արտադրական գործընթացի կամ առանձին գործառույթների կասեցման որոշում։ Հետագայում նրանցից 17-ի նկատմամբ կասեցման որոշումը հանվել է, 1 տնտեսվարող էլ դադարեցրել է գործունեությունը։ Որպես հերթական ահազանգ են գրանցվել նաև «Հետք»-ի 2 հրապարակումները ։

Խնդիրը մի փոքր բարդացնում է հանգամանքը, որ տվյալ նմուշների խմբաքանակն արդեն չկա։ Դրանց ժամկետները լրացել են։ 

«Քանի որ հայտնաբերվել են որոշակի խնդիրներ, իսկ դա նշանակում է, որ կարող է արտադրությունում խնդիր լինել, մենք պարտավոր ենք գնալ արտադրություն և գնում ենք։ Եթե խնդիրներ չլինեն, մենք անպայման կգնանք նաև իրացման ցանց, կհասկանանք՝ որ իրացման ցանցից են վերցրել, արդյոք պայմաններն այնտեղ պահվում են, մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքները  կոօգտագործենք որոշակի պատկեր ստանալու համար»։

Տեսչական մարմնի լաբորատոր փորձաքննության արդյունքները պարզ կդառնան առաջիկա 10-12 օրվա ընթացքում։ Տեսչական մարմնից հավաստիացնում են՝ եթե խախտումները հաստատվեն, մեղավորները ոչ միայն  վարչական պատասխանատվության կենթարկվեն, այլև նրանց արտադրական գործունեությունը կկասեցվի։

Back to top button