ԿարևորՀասարակություն

Ձորագետի վրա ՀԷԿ կառուցելն արգելված է, բայց լսումների գործընթացը չի կասեցվում

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ը փորձում է ստանալ Լոռու մարզի Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների համաձայնությունը Դեբեդի վտակ Ձորագետի վրա ՀԷԿ կառուցելու համար: Օրերս ընկերությունը հանրային լսումներ է անցկացրել, որոնք, ըստ մասնակից բնապահպանների, անցել են բարոյահոգեբանական ճնշումների մթնոլորտում։ Բանն այն է, որ որոշ համայնքներ, որոնք նախկինում դեմ են եղել ՀԷԿ-ի կառուցմանը, այս անգամ կողմ են արտահայտվել։

Ձորագետի վրա ՀԷԿ կառուցելու գործընթացին դեռ 2021-ին Կուրթան համայնքը  բացասական կարծիք էր տվել։ Այս անգամ, սակայն, կուրթանցիները դեմ չէին: Հանրային լսումների մասնակիցներից ոմանք,  չձայնագրվելու պայմանով «Ռադիոլուրին» ասացին, որ դահլիճում հավաքվածների ճնշող մեծամասնությունը Կուրթանի նախկին գյուղապետ Մհեր Գևորգյանի մերձավոր շրջապատից են և նրա հրահանգով են եկել: Զրուցակիցներս ասում էին, որ 2000-ականների սկզբին հենց Գևորգյանի օրոք է ՀԷԿ-ի կառուցման հողհատկացում արվել համայնքից: Նախկին գյուղապետը ևս մասնաբաժին ունի այս գործում:

Լսումների մասնակից բնապահպան-իրավապաշտպան Օլեգ  Դուլգարյանի կարծիքով ակնհայտ ջանքեր են ներդրվել, որ համայնքներում ՀԷԿ-ի կողմնակիցների թիմ ձևավորվի՝ աշխատատեղերի ու «հեքիաթային ապագայի» խոստումներով։  Իրավապաշտպանը տարակուսելի է համարում, որ Գյուլագարակի համայնքապետարանը դեռ 2021-ին անհամաձայնություն էր հայտնել գործընթացի նկատմամբ,  հետո, սակայն, այլ դիրքորոշում ներկայացրել  Շրջակա միջավայրի նախարարություն.

Օլեգ Դուլգարյան․ «Ես նույնպես անընդհատ թիրախավորվում էի, իսկ երբ դահլիճից դուրս էի գալիս, մոտավորապես 20-30 մարդ ինձ շրջապատում էր և փորձում «ճիշտ» սովորեցնել, փորձելով ապացուցել, որ ես սխալ եմ:  ՏԻՄ-երը պետք է չենթարկվեն բարոյահոգեբանական մթնոլորտին և տան այնպիսի կարծիք, որը  կարտահայտի իրական իրավիճակը: Իմ կարծիքով՝ պետք է այս ձևաչափից հետո ներկայացնեն հիմնավորված բացասական կարծիք տվյալ հանրային լսումների վերաբերյալ»:

Կուրթանի բնակիչ Դավիթ Ոսկանյանը «Կուրթան  ՀԷԿ»-ում է աշխատում: Նա կողմ է ՀԷԿ-ի կառուցմանը: Ձորագետին, ասում է, ավելի շատ Արմանիսի ոսկու հանքի պոչանքները կարող են վնասել, քան ՀԷԿ-ը.

«Ես ինքս ականատես եմ  եղել, թե ինչպես էր 1 շաբաթ Ձորագետը կաթնագույն հոսում: Արմանիսի հանքի պոչանքների լվացումներից հետո կատարված երևույթ էր, որ կարող է այնտեղ կենդանությունը ոչնչանալ էդտեղ: Չեմ կարծում, թե ՀԷԿ-ի շինարարությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ, որ բնությունն այդտեղ ոչնչանա»:

Ինչո՞ւ  չօգտվել դեպի Վրաստան ու Ադրբեջան գնացող ջրային ռեսուրսից: Աշխատատեղեր, կանաչապատման ու բնապահպանական լայնածավալ նախագծեր, խոշոր միանվագ ֆինանսական աջակցություն, միջհամայնքային ճանապարհների նորոգման ու աջակցության ծրագրեր անապահովներին, կարճաժամկետ ու երկարաժամկետ աշխատատեղեր՝ այսպիսի ապագա է խոստանում «ԼոռվաԱմրոց» ընկերության փոխտնօրեն Նարեկ Տոնոյանը, ներկայացնելով հայտի սոցիալական բաղադրիչը.

«ՀԷԿ-ի շինարարությունն սկսելուց մեծ աշխատուժ ա ներգրավվելու, լինելու ա տեղից: Շուրջ 150 աշխատատեղ է բացվելու ՀԷԿ-ի կառուցման 3 տարիների ընթացքում:  Զուտ 20 հոգի ՝ՀԷԿ-ի աշխատակիցները, լինելու են ձեր համայնքից: Ունենք նաև առաջարկ. ամեն համայնքին, Գյուլագարակին կամ Կուրթան բնակավայրին, ինչպես կորոշեք, կտրամադրվի տարեկան միանվագ օգնություն 25 մլն դրամ, որի ծախսը կվերահսկվի մեր կողմից: Մենք նախատեսում ենք ամեն տարի որոշակի քանակի կարմրախայտ բաց թողնել Ձորագետ»:

2021-ից կառավարության որոշմամբ Ձորագետն այն գետերի ցանկում է, որոնց վրա արգելված է ՀԷԿ կառուցել։ Չնայած  դրան՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոնը չի մերժել այս հայտը,-քննարկման մասնակիցներին տեղեկացրեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

«Այս ընկերությունը լուրջ դատական վեճի մեջ է կառավարության հետ: Կամպանիան պահանջեց կառավարությունից, որ Ձորագետը, որը մտած է 25 նոր ՓՀԷԿ-երի կառուցման արգելված գետերի ցանկը, դուրս հանվի այս ցանկից: Առաջին ատյանը բավարարեց հայցը, բայց կառավարությունը դիմեց ավելի բարձր ատյան: Այս գործը դեռ շարունակվում է: Մինչև վերջնական դատական որոշում չլինի, այս գետն  արգելված գետերի ցանկում է»:

«Լոռվա ամրոց» ընկերության ներկայացուցիչը հակադարձեց Ինգա Զարաֆյանին, ասելով՝ քանի դեռ դատական գործն ավարտված չէ, այն շահարկման առարկա չպետք է դառնա։

«Առաջին ատյանի դատարանը, բավարարելով մեր 2 հայցերը, բավարարել է կառավարության այդ որոշման հետ կապված հայցը՝ անվավեր ճանաչելով որոշումը: Մեր կողմից դատական վեճի մեջ գտնվելը դեռևս այդ հարցի պատասխանը վերջնական չստանալը ժողովրդի կարծիքի վրա որևէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ»:

Կուրթանի բնակիչ Վահե Խաչիկյանին մտահոգում է ջրային պաշարների սակավանալու հեռանկարը: Նրա կարծիքով՝ էկոհամակարգի հավասարակշռությունը կարող է խախտվել, ինչն իր հետ բազմաթիվ վտանգներ կբերի.

«Կարծում եմ վտանգների մասին բնակչությունը պատշաճ իրազեկված չէ, սա լուրջ խնդիր է, որովհետև, եթե դիտարկենք՝ Ձորագետի կիրճը, լինելով տուրիստական մեծ հնարավորություններ ունեցող հատված և վերցնելով Ձորագետը խողովակների մեջ, փաստացի խնդիր ենք ունենալու նախ՝ տուրիստական տեսանկյունից, ապաև գյուղատնտեսական:  Գյուղացին տարիներ անց կանգնելու է լուրջ խնդրի առաջ»:

Ձորագետի կիրճը մինչ օրս չունի բնական հուշարձանի կարգավիճակ։ Ավելին՝ դեռ անցած դարի 50-ական թվականներից  ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ կիրճը ծառայում է որպես Ստեփանավանի տարածաշրջանի աղբավայր:

«Ռաֆթինգ Արմենիա» թիմի հիմնադիր Գևորգ Վարդանյանը  շեշտում է, որ Լոռին շատ մեծ նախադրյալներ ունի տուրիզմը զարգացնելու, պարզապես պետք է խելամիտ ու ճիշտ օգտագործել եղած ռեսուրսները: Նրա կարծիքով՝ հնարավորինս շատ զբոսաշրջիկների ներգրավելով, ավելի շատ օգուտներ կարելի է քաղել կիրճից, մինչդեռ ՀԷԿ-ի հեռանկարը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Back to top button